Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում անդրադարձավ Ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեությանը: Նա նշեց, որ մի քանի օր առաջ կառավարությունում քննարկվել է ԾԻԳ-երի այս տարվա առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունը: Ըստ վարչապետի՝ տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով երկրում միլիարդների հասնող ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին:
«Վերջին հանդիպման ժամանակ ես խստագույնս զգուշացրել եմ ԾԻԳ-երի ղեկավարներին զերծ մնալու կոռուպցիոն ցանկացած դրսևորումներից: Հակառակ դեպքում նրանք ոչ միայն կազատվեն նմանատիպ պաշտոնյաներից, այլև անձամբ հետամուտ կլինեմ օրենքի ողջ խստությամբ վերջիններիս պատասխանատվության ենթարկվելու հարցում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ այս գործընթացում հրապարակայնության ապահովումը անհրաժեշտություն է և մեր հասարակությունը պետք է իմանա, թե որտեղ և ինչպես են ծախսվում ներգրավվող ֆինանսական միջոցները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ