Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշեցնում ենք եւ պահանջում. Բաց նամակ ՀՀ նախագահին

Մայիս 07,2015 10:33

Պարոն Սերժ Սարգսյան, այս օրերին երբ ազգովի սգում ենք Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործության 100-րդ տարելիցը, անձամբ ես սգում եմ ոչ միայն մեկդարյա հնության վայրագությունների առթիվ, այլեւ ներկայիս Հայաստանում հայերի կողմից իրականացվող ջարդի եւ մարդկանց տարհանման կապակցությամբ:

Մեր դատաիրավական համակարգը, ըստ էության, վարում է նույն քաղաքականությունը, ինչ ժամանակին երիտթուրքերը: Տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիները ծեծուջարդի միջոցով տարհանվում են իրենց տներից, եւ այդ ծեծուջարդը արվում է դատական ակտերի միջոցով, արվում է անկախ Հայաստանի Հանրապետությունում, արվում է այն պաշտոնյաների միջոցով, որոնք ապրում են մեր վճարած հարկերի հաշվին եւ կոչված են պաշտպանելու մեր երկրի Սահմանադրությունն ու քաղաքացիների իրավունքները:

Այսօր, երբ ես ականատես եմ լինում այս ամենին, ի՞նչը պետք է հիշեմ եւ պահանջեմ: Մոռանալու հարց չի առաջանում, քանի որ ես գրեթե ամեն օր եմ ականատես լինում մեր խղճուկ դատական համակարգի կողմից իրականացվող ոճրագործություններին: Ես չեմ հիշում, այլ հիշեցնում եմ Ձեզ, որ մենք փորձում ենք կառուցել իրավական պետություն՝ ստանձնելով ընչազուրկ եւ անօթեւան քաղաքացիների շահերի պաշտպանությունը, որոնք զրկվել են իրենց ունեցվածքից ներկա եւ նախկին պաշտոնյաների, քննիչների, դատախազների եւ դատավորների հանցավոր համագործակցության արդյունքում:

Ես հիշեցնում եմ եւ պահանջում, որպեսզի Դուք անտարբեր չմնաք հայաթափության այս ծրագրի նկատմամբ եւ Ձեր թողտվությամբ չդառնաք այդ ոճիրի հովանավորը: Այսօր, երբ Հայաստանը գրեթե դատարկվել է, երբ մարդիկ հիասթափված ու զզված իրենց հայրենիքից հեռանում են, Ձեզ պետք է հուզի յուրաքանչյուր քաղաքացու ճակատագիրը:

Ո՞ւմ նախագահն եք Դուք. հանցագործ դատավորների՞, դատախազների՞, ոստիկանների՞: Ո՞ւմ: Ի՞նչ շահեր եք Դուք հետապնդում, ի՞նչն է Ձեր հույսը: Հայոց ցեղասպանությանը միջազգային կարեւորություն տալով՝ մի՞թե չեք ամաչում, որ մեր երկրում ակնհայտ հանցագործություններ են կատարվում ամեն օր:

Ո՞րն է Ձեր նպատակը. մարդկանց այնքան ունեզրկե՞լ, որ 5000 դրամի փոխարեն պատրաստ լինեն 500 դրամով վաճառել իրենց ձայնը: Ուզո՞ւմ եք դառնալ 500 դրամանոցների նախագահ: Մինչեւ ե՞րբ է շարունակվելու այս ցինիզմն ու ամենաթողությունը, ե՞րբ է Ձեր մեջ արթնանալու երկրի ղեկավարի գիտակցությունը, մինչեւ ե՞րբ եք անհաղորդ մնալու ՀՀ քաղաքացիների խնդիրներին, մինչեւ ե՞րբ եք թույլ տալու, որ մանր ու միջին պաշտոնյաները հեղինակազրկեն ու պղծեն այն երկիրը, որի նախագահն եք Դուք:

Մի՞թե Դուք տեղյակ  չեք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը Ձեր անձնական լուսանկարը ձեռքին գնում է ոստիկանություն՝ հայտարարելով, թե դուք «զեմլյակներ եք», եւ որ ինքն ինչ կուզի կանի այս երկրում: Մի՞թե Դուք տեղյակ չեք, որ այս նախկին պաշտոնյան իբրեւ Ձեզնից եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացած զենքերով վախեցնում եւ սպառնում է ՀՀ քաղաքացիներին՝ ունեզրկելով նրանց:

Եվ եթե նախկինում Երիցյանի հայտարարությունները մենք ընդունում էինք որպես տարեց մարդու զառանցանքներ, ապա վերջին տարիների իրադարձությունները մեզ ստիպեցին համոզվել, որ նրա հայտարարությունները իր բարձր հովանավորների մասին անհիմն չեն, քանի որ վերջինիս պատվերով կայացվում են ապօրինի դատական ակտեր, անհիմն հարուցվում եւ կարճվում են քրեական գործեր, բազմաթիվ ընտանիքներ հայտնվում են փողոցում:

Պարոն Սերժ Սարգսյան, մենք հիշեցնում եւ պահանջում ենք, քանի որ այս խնդրով դիմել ենք Ձեզ դեռ անցած տարի, սակայն Ձեր անտարբեր կեցվածքը հավանաբար ավելի է ոգեշնչել հանցագործներին, որոնք էլ ավելի են համոզվել իրենց անպատժելիության մեջ: Սակայն այս երկիրը ոչ նրանցն է, ոչ էլ Ձերը, սա մեր երկիրն է եւ մենք կառուցելու ենք օրենքի պետություն: Միացեք մեզ, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը:

ՀԳ – Մայրիկիս պապիկը, ով մի կերպ է փրկվել թուրքական յաթաղանից, հաստատվել է Հայաստանում եւ եղել է Արաբկիր թաղամասի հիմնադիրներից: Նա, սակայն, չէր կարող պատկերացնել, որ մի օր իր կառուցած երկիրը վերածվելու է սպանդի դաշտի, սպանդ, որն իրականացվում է հայերի կողմից հայերի հանդեպ:

Դուք հիշում եւ պահանջում եք թուրքերից, իսկ մենք հիշեցնում եւ պահանջում ենք Ձեզնից:

 

«Վելես» իրավապաշտպան

հասարակական կազմակերպության

նախագահ Մարինա Պողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031