«Ու մեկ էլ էն եմ ուզում, որ երիտասարդ
եթերավարների ձայնի մեջ խելք լինի»
Այսօր ռադիոյի օրն է:
Հունական դրամայում կա մի անտեսանելի կերպար, որին հույն ողբերգակները՝ Էսքիլեսը, Սոֆոկլեսը, Եվրիպիդեսը եւ մյուսներն անվանում էին խոր կամ՝ «Մի ձայն»:
Այս ձայնը բեմի վրա չէր, նրան չէին տեսնում, այն հնչում էր դրամայի գործողությունների ճակատագրական պահերին, հիշեցնում, նախազգուշացնում կամ ուղղորդում էր հերոսներին: Տասնամյակներ շարունակ այս «մի ձայն» ասած սքանչելի երեւույթը կար նաեւ մեր կյանքում, այն ապրում էր մեր տներում… Դա Հայկական ռադիոն էր, մեր սիրելի ուղեկիցը, մեր մանկության ամենավառ տպավորություններից մեկը, մեր պատանեկության անուշ զրուցակիցը: Եթե ուշադիր հետեւեք մեր ավագ սերնդի մարդկանց խոսքին, կնկատեք, որ նրանք առանց ճիգերի լավ են խոսում, գրագետ ու կենդանի հայերենով: Նրանք «Հայկական ռադիո» անունով դպրոցի սաներն են: Այս դպրոցում արգելված էր աղավաղել մեր ոսկեղենիկ ու անուշ լեզուն, որից թանկ բան չկա ու չի էլ լինելու: Նրանք նաեւ լավ գիտեն հայ գրականություն՝ պոեզիա, արձակ:
Նրանց մեծ ուսուցիչը ռեժիսոր Գրիգոր Չալիկյանն էր, որի սքանչելի ռադիոբեմադրություններն ավելին էին, քան բուհերում սերտած գրականության դասերը: Անզուգական Սուրեն Քոչարյանի կատարումները լսելուց հետո, ասես, էլ տեղը չենք բերում, կարդացե՞լ ենք Թումանյանի պոեմները, թե՞ միայն լսել խոսքի մեծ վարպետին: Հայ եւ համաշխարհային մշակույթը Ժան Էլոյանի, Վերա Հակոբյանի, Ռոզա Ղարիբյանի, Սուրեն Պետրոսյանի, Ժաննա Մուշեղյանի եւ ռադիոեթերի մյուս նվիրյալների շուրթերով հասնում էր հայ մարդուն, դարձնելով նրան հոգեւոր մարդ, իր մշակույթի գեղեցկությունը, արժեքն ու կշիռը իմացող մարդ, այսինքն՝ լիարժեք հայ: Եկան նոր ժամանակներ, փոխվեցին բարքերը, սակայն Հանրային ռադիոն չզիջեց իր դիրքերը եւ չտրվեց մոդեռն լինելու գայթակղությանը:
Սա այն դեպքն է, երբ ավանդույթը կարողանում է ապրել նոր ձեւի ու բովանդակության մեջ, սա այն դեպքն է, երբ ի տես բոլորի կարելի է նորանալ, դառնալ ոչ պակաս գրավիչ՝ առանց ապականելու արդեն նվաճված դիրքերը: Հենց ավանդույթի ուժն էր, որ ի հեճուկս ժամանակների ամենաթողության ու ցինիզմի, ասես, թաքուն ստեղծեց իր խորամանկ «գրաքննությունը» եւ թույլ չտվեց, որ մեր լեզվի հետ վատ վարվեն: Տարիներ առաջ Ռադիոտան միջանցքներում վազվզող ու տեքստեր կարդացող փոքրիկ, ժպտերես ու բոլորի կողմից սիրված տղան հետո դարձավ այր մի հասուն ու այդ տան տերը՝ բառիս ամենալիարժեք իմաստով եւ թույլ չտվեց, որ իր «մանկության տունը» ավերվի ու ապականվի: Ձեւով գերժամանակակից, բովանդակությամբ լավագույնս պահպանողական, Հանրային ռադիոն այսօր, ինչպես եւ երեկ, իրեն զգում է վստահ, քանի որ լավ գիտի իր անելիքը: Նրան շեղել իր ընտրած ուղուց, անհնար է: Մի առիթով խոսքի փայլուն վարպետին, լուսահոգի հաղորդավար Սուրեն Պետրոսյանին հոգու հետ խաղալու համար հարցրի, «Էս ինչ ծանր ու դանդաղ է շարժվում մեր Ռադիոն, մյուս բոլոր ռադիոկայանները շուտով մեզ վազանց կանեն…»: Ժպտաց ու իրեն հատուկ հումորով ասաց. «Վազանց անելը կանեն, հետո էլ, ձորը կընկնեն, բա…»: Հետո խոսեցինք եթերների արագախոսության մասին, ասաց. «Էդ եթերների գնդացրորդներից բան չեմ հասկանում, որ ի՞նչ… Ճիշտ եւ ճիշտ մեքենայով ճանապարհով գնալու պես մի բան է: Երբ շտապում ես, ոչինչ չես տեսնում: Դու ես ու քո անմիտ արագությունը: Բայց դանդաղ ընթացքի դեպքում տեսնում ես ամեն ինչ, ծառերը, արտերը, գետակները, թռչուններին, մի խոսքով՝ ինչ լավ բան կա ճամփեզրին: Եթերի խոսքն էլ է այդպիսին, պիտի եթերից լսողին փոխանցի ամենալավ ու սիրուն բաները: Ու մեկ էլ էն եմ ուզում, որ երիտասարդ եթերավարների ձայնի մեջ խելք լինի»: Հանրային ռադիոյի սենյակներում ու ստուդիաներում անցյալի վարպետները մինչեւ օրս էլ նստած հեթապահում են: Շնորհավոր տոնդ, Հանրային ռադիո, շնորհակալ ենք քեզնից, ռադիոգործի մարդ:
ՄԱՆՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.05.2015