Լրահոս
Օրվա լրահոսը

 Ես նախընտրում եմ իմ երկրի «ավանակներին»

Մայիս 07,2015 10:19

Ետքսանչորսյան առաջին դիպված – Տաճար կառուցողը…

Երբ տեղեկացա, որ հայ մշակույթը սրբապղծողների հաղթարշավը հասել է Կոմիտասին, ու արդեն կաթողիկոս Գարեգին Բ – ն հերթական եկեղեցի-օբյեկտ կառուցելու համար ներխուժել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հոգևոր տարածքը, երդվեցի. կամ կհրաժարվեմ Հայ Առաքելական հավատքից, կամ կթողնեմ ու կհեռանամ երկրից: Միշտ դեմ եմ եղել վերջնագրերին, բայց այս անգամ ասեցի ու արեցի: Պայմանս չխախտեցի, բայց ինչ փորձանքից պրծա՝ քիչ մնաց Երկիրս լքեի…

Դժվար է դիմանալ գայթակղությանը, երբ տեսնում ես, թե որքան «արժանապատիվ» կյանքով են ապրում ՌԴ մեկնածները, երբ քեզ էլ են կանչում, համոզում, որ դու էլ քո սեփական գործը կունենաս, դու էլ քո տեղը կգտնես՝ խոզ կպահես:

Բայց ես նախընտրում եմ իմ երկրի «ավանակներին»:

Ետքսանչորսյան երկրորդ դիպված – մինչսեֆիլյանական Հայաստան-ի նախագահական հարցազրույց…

ՀՀ նախագահի՝ պլեբեյի ծագումը բացահայտող լեզվական մշակույթի, աղքատիկ բանավոր խոսքի, սահմանափակ մտքի ու կցկտուր պատասխանների արդյունքում, կարմիրը գլխից սրունքներն իջեցրած, լրագրող Պոզներին տրված մոսկովյան պատվերը իմաստազրկվեց: Հարկ չեղավ ռուսական «մշակույթը» ուղղել հայկական քաղաքակրթության վրա (ինչ-որ շատ եղավ Հռոմի Պապ, Օլանդ…) ու ի տես աշխարհի ցույց տալ մեզ՝ «ընկեցիկներիս» մեր տեղը…

Հոգ չէ, հայ քաղաքակրթությունը կա, եղել է և կլինի: Կարմիր քոլոզներով եկան – կարմիր գուլպաներով ետ կգնան: Բայց այդ մասին խոսելը վաղ է, այդ իրավունքը վերապահենք ետսեֆիլյանական Հայաստանի երիտասարդությանը:

09.05.2015 –ը ռուս ժողովրդին սեփական պատմության հետ առերեսելու սկիզբը

Երկվորյակ բորենիների՝ հիտլերյան Գերմանիայի և ստալինյան Ռուսաստանի աշխարհատիրական գզվռտոցը առ այսօր ներկայացվում է որպես ռուս ժողովրդի մարդասիրական պայքար ու ամեն տարի մայիսի 9-ին նշվում:

Իրականում ի՞նչ է տվել մարդկությանը երկուհարյուրամյա պատմություն ունեցող ետնապոլեոնյան ռուս քաղաքակրթությունը: Ազգամիջյան կռիվներ, շանտաժ, աքսոր, քաղաքական սպանություններ, ուրիշի տարածքների բռնազավթում և մշակույթի յուրացում, օտարի ազգուրացության խրախուսում ու պատմության խեղաթյուրում… Բավական է միայն հիշել, թե ինչպես Նապոլեոնի արշավանքի ժամանակ կրած խայտառակ պարտությունը առ այսօր ներկայացվում է որպես փայլուն հաղթանակ:

Կարելի է մտածել, թե ռուսական հողով անցել են Հելլենիզմը և Մեծ վերածնունդը: Նապոլեոնի բառապաշարում չեն եղել, ոչ ռուս և ոչ էլ Ռուսաստան բառերը: Երկիրը կոչել է «Ձյան երկիր», իսկ բնակիչներին անվանել «Հյուսիսի վայրենիներ»:

Երբ մի քանի հազարամյա հայ քաղաքակրթությունը խցկում ես երկուհարյուրամյա ձեռքբերովիի մեջ, բնական է, որ պատմական տարածքներդ պիտի փոքրանան:

Ժամանակն է երկուհարյուրամյա քաղաքակրթությունը վերցնել երկուհազարամյայի հովանու ներքո, ռուս ժողովրդին օգնել ազատվել մեծ լինելու բարդույթից: Կասկած անգամ չունեմ, որ այդ պարագայում մեր տարածքները կսկսեն մեծանալ…

Մեծ նպատակ են դնում ու նրան հասնելու ճանապարհին ուժեղ դառնում, և ոչ հակառակը:

Օրվա հրամայականը՝ Հայկական բանակում – հայադավան սպաներ (կղերականների մասին հաջորդ անգամ)

Երբ հայ մշակույթը ռուսական ստվերում էր, մեզ ստիպել էին ընդունել օտարի լեզուն, տարել էին օտարի լեզվամտածողության տիրույթը, որի արդյունքում ստեղծվել էին ռուսասեր – հայատյացներ՝ «ռուսադավան հայեր»:

Այսօր փլուզվող ռուսական կայսրության փրկության ճանապարհը կրկին տանում է դեպի Թուրքիա: Հայ ժողովրդին սպասում է հերթական չգիտակցված հիասթափություն, քանզի ռուս-թուրք դաշնակցության «քաղաքակրթական» ընդհանրության գիտակցումը մեր ազգի սոսկ սակավ հատվածին է հասու: Ադրբեջանին չորս միլիարդի հարձակողական զենք վաճառելով, դեռ ՀՀ-ից չհեռացած, Ռուսաստանը արդեն հող է պատրաստել իր վերադարձի համար:

Մեր թշնամուն զենք վաճառելը նրա համար բավական չէ: Զենքը զենք, բայց դեռ կռվել է հարկավոր, ուստի հասունանում է Հայոց բանակը կրկին զինաթափելու օբյեկտիվ անհրաժեշտությունը:

Մինչդեռ ՀՀ բանակի բարձրաստիճան սպայական կազմում վխտում են «ռուսադավան հայերը»: Հարկ չէ անգամ տարակուսել, որ ինչպես ժամանակին Կարսը, այնպես էլ այսօր ՀՀ-ը նրանք թշնամուն կհանձնեն, քանզի «ռուսադավան հայերը» զուրկ են սեփական տեսակի պատկանելության զգացողությունից ու կայացած էթնոսին բնորոշ գիտակցականությունից: Այդ ամենի բացակայությունը նրանց զրկում է իրական ազատության մեջ ապրելու ընդունակության շնորհից, ու իրենց գոյը հարկադրված վաստակում են կենդանական բնազդով՝ «ուժեղին» ծառայելով…

Հայ – ադրբեջանական նոր պատերազմ սանձազերծելու մոսկովյան փորձերը օրեցօր դառնում են ավելի անհեթեթ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդն անգամ այսօրվա հային չներքաշեց մոսկովյան սադրանքների սցենարի մեջ:

Նման հարգանքի արժանի կեցվածքն էր, որ 1988-ին ստիպեց հայկական միլիցիային անցնել ժողովրդի կողմը, գլուխները դնել խորհրդային կայսրության մահակների տակ ու պաշտպանել սեփական ժողովրդին: Այսօր էլ ՀՀ ոստիկանները պատրաստ են անցնել ժողովրդի կողմը, պահել Հայոց բանակի թիկունքը, սատարել նրան ռեժիմը հեռացնելու գործում:

Ազնվականության վերադարձը

Բեյրութի պատերազմ տեսած – Շուշի ազատագրած Ժիրայր Սեֆիլյանը , Կոմիտասը բոլորին հասանելի դարձնող Գարեգին Չուքասզյանը, հայ սպայի կատարյալ կերպար Վարուժան Ավետիսյանը ինքնին հայ քաղաքակրթության մասն են:

Ժամանակն է, որ գավառական իշխանությունը իր տեղը զիջի մեր ազնվականությանը:

 

Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    «Դժվար է դիմանալ գայթակղությանը, երբ տեսնում ես, թե որքան «արժանապատիվ» կյանքով են ապրում ՌԴ մեկնածները, երբ քեզ էլ են կանչում, համոզում, որ դու էլ քո սեփական գործը կունենաս, դու էլ քո տեղը կգտնես՝ խոզ կպահես:» Հարգելի Վահագն, շատ ճիշտ ես…եվ իհարկե երջանիկ էս : Ես էլ էդ մեկնածներից եմ…չնայած «խոզ» չեմ պահել , բայց ցավոք «խոզ դարձել» եմ երեվի…էս անցած քսանից ավելի տարիներին ինքնությունս որպես մարդ կորցրել եմ, նույնիսկ մինչեվ վեջերս հայերեն չէի գրել, վախենում էի թե տառերը մոռացած կլինեմ…
    Ինչ վերաբերում է ռուսներին ես քո հետ համաձայն եմ որ իրենց «բախտը» վերջին երկու հարյուր տարում չի բերել…պլեբեյ «ազնվականություն» որ երկիրը հասցրին բոլշեվիզմին…70 տարիների «սովետական ժողովուրդների համակենտրոնացման ճամբարի» փորձը…սակայն այս «CIA» ի դրածո պուտինականությունը ոնց որ այդ ժողովրդի վերջնական կայարանն է կինելու…Աստված տա որ մեր ժողովրդին մեր սյս նոր ազնվականությունը կարողանա ճիշտ ճանապարհի վրա դնի…

  2. Վահագն says:

    Պարոն Ենոքյան, Ձեր անկեղծությունից զգում եմ, որ Դուք բացառիկ մաքուր անձնավորություն եք: Իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որքան մեզ թվում է: Ես Ձեզ չեմ ընկալում որպես օտարության մեջ գտնվող, քանզի մարդն այնտեղ է որտեղ նրա մտքերն են: Ձեր ներկայությունն ու սատարումը միշտ ինձ ուղեկցում են, որի համար անչափ շնորհակալ եմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031