Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրն ուրիշ կողմ տարան

Մայիս 07,2015 10:12

Քաղաքական գործիչներն ու մեկնաբանները սովորություն ունեն առանց խորանալու երեւույթի մեջ ինչ-որ մի պիտակ կպցնել եւ հետո դրա հիման վրա զբաղվել պոպուլիստական շահարկումներով: Եկամտահարկի եւ շահութահարկի մասին օրենքներում փոփոխությունները միանգամից անվանեցին «խոպանչիներին հարկելու օրենք», բանավոր խոսակցությունների հիման վրա եզրակացություն արվեց, որ այսուհետ արտագնա աշխատանքի գնացող ՀՀ ցանկացած քաղաքացու ստիպելու են Հայաստանի բյուջե մուծել իր եկամուտների 13 տոկոսը: Դե, նման սխալ ենթադրության հիման վրա դրամատիկ եւ ողբերգական բացականչություններ անելը մեկից մեկ է:

Մինչդեռ արտագնա աշխատանքով զբաղվող ՀՀ քաղաքացին ընդամենը հնարավորություն է ստանում ընտրելու՝ ա/ 13 տոկոս հարկ վճարել Հայաստանում, եթե շինարարական կազմակերպությունը գրանցված է մեր երկրում, բայց գործունեություն է ծավալում Ռուսաստանում (նման ընկերություններ եթե կան, ապա շատ քիչ են), կամ բ/ 13 տոկոս հարկ մուծել Ռուսաստանում, երբ կազմակերպությունը գրանցված է այդ երկրում (այդպիսի հազարավոր շինարարական ընկերություններ կան), կամ գ/ ոչ մի տեղ ոչ մի բան չմուծել եւ ստանալ «սեւ աշխատավարձ», ինչպես որ դա ընդունված է Ռուսաստանում:

Եթե մեր արտագնա աշխատողները ընտրելու են առաջին տարբերակը, ապա նրանք ոչինչ չեն կորցնելու՝ հարկ են մուծելու միայն Հայաստանում: Ուրիշ հարց, որ այդ տարբերակն առայժմ զուտ տեսական է, եւ դեռ պարզ չի, թե ինչպես է դրան վերաբերվում ռուսական կողմը: Երկրորդ տարբերակն ավելի հավանական է այն հազվագյուտ հայաստանցիների համար, որոնք ցանկանում են կամ ստիպված են աշխատել հարկային դաշտում՝ նախ, որովհետեւ Ռուսաստանում աշխատանքի առաջարկներն անսպառ են այդ դեպքում, երկրորդ՝ այն պատճառով, որ Հայաստանից մեկնող մարդը «նեղված է» մեր պետությունից եւ կգերադասի նրա հետ որեւէ գործ չունենալ: Այս տարբերակի դեպքում նա նույն 13 տոկոսը մուծելու է միայն Ռուսաստանում: Դե, իսկ երրորդ տարբերակը, ինչպես ասում են, «նաղդ» է:

Այնպես որ՝ մեր արտագնա շինարարներից ոչ ոք չի կարող եւ չի պատրաստվում հավելյալ 13 տոկոս եկամտահարկ վերցնել, եւ քաղաքական հռետորաբանության մի մասը կառուցված է պարզ չիմացության վրա: Մյուս կողմից, հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է Հայաստանում եկամտահարկը 24 տոկոս, եւ ինչո՞ւ մեր շինարարների համար մեր երկրում պայմաններ չեն ստեղծվում, որ նրանք աշխատեն ըստ մասնագիտության: Ի՞նչն է ավելի լավ՝ որ մարդիկ մնան Հայաստանում եւ մուծեն 13 տոկոս հա՞րկ, թե՞ գնան Հայաստանից ու ոչ մի բան չմուծեն: Եթե ռուսաստանցի խոշոր հայ գործարարները ներդրումներ են անելու՝ Հայաստանում ընկերություն գրանցելու եւ այստեղից Ռուսաստան շինարարական բանվորներ տանելու համար, ապա ինչո՞ւ նրանք ներդրումներ չեն անում հայաստանյան շինարարության մեջ:

Սխալ տեղեկատվության վրա հիմնված պոպուլիզմով զբաղվելուն եւ խնդիրն ուրիշ կողմ տանելուն զուգահեռ թո՛ղ մեր պատգամավորները երբեմն նաեւ այդ հարցերը տան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. մարդ says:

    Այնպիսի տպավորություն է թե քանի որ օգնությունները արտերկրներից «նայեվ ռուսաստանից» քչացել են ուրեմն այն կարելի է կոմպենսացնել «ստանալ» հարկադրելով. Չե որ ռուսաստանում աշխատողը իր ընտանիքին է օգնում , որն էլ իր հերթին ծախսում է Հայաստանում. Չեմ զարմանա եթե վաղը այդ ընտանիքներին ասեն «եթե փող չեք ստանում ապա ինչով եք ապրում. Իսկ եթե ստանում եք , ապա հարկ մուծեք.

  2. Աբո says:

    Ես նույպես երկու օր է հետևում եմ այդ թեմային ու մտածում էի, ի՞նչու ոչ մեկի մտքով չի անցնում՝ ուսումնասիրել այլ երկրների փորձը,փոխարենը պոպուլիզմով են զբաղվում:
    Համամիտ եմ ձեզ հետ, կազմակերպությունը պետք է գրանցվի Հայաստանում (հարկերնել մուծեն ՀՀ-ը), իսկ բանվորները, որպես գործուղման մեկնեն ՌԴ,աշխատեն մի 3-4 ամիս,հանձնեն օբեկտը և վերդառնան,մինչև հաջորդ պատվերը:Սա ավելի լավ կլինի մարդկանց համար,քանց թե ինքնուրյուն գնան, անկապ թափառեն, մինչև մի գորձ գտնեն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031