Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, որը վերջին շրջանում զգալիորեն հարստացվել է՝ հավաքագրելով նաև տեսագրություններ, ձայնագրություններ, թվային նյութեր:
Նախագահը շրջայց է կատարել գրադարանում, ծանոթացել ցուցանմուշներին, այդ թվում՝ այնտեղ պահվող հայերեն և Հայաստանի մասին բազմաթիվ նյութերին՝ պատմաբանների հիշատակումներին, Հայաստանի հիշատակմամբ հին քարտեզներին, ամերիկացի դիվանագետ Հենրի Մորգենթաուի և այլոց կողմից Հայոց ցեղասպանության վկայություններին:
Սերժ Սարգսյանն այնուհետև կարճատև զրույց է ունեցել Կոնգրեսի գրադարանի տնօրեն Ջեյմս Բիլինգթոնի հետ:
Նախագահը ներկա է գտնվել նաև «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» թեմայով նոր նամականիշերի մարման արարողությանը. ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն մարել է «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» թեմայով նամականիշ և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» թեմայով գեղաթերթիկ նամականիշ:
Կարդացեք նաև
Նամականիշի վրա պատկերված է «Չթողնենք, որ կործանվեն» Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հանգանակության պաստառը՝ Ամերիկային շնորհակալություն հայտնող որբերի խորապատկերին:
ՀՀ Նախագահի աշխատակազմ