Այսօր կառավարության հրավիրած արտահերթ նիստի ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում այսպիսի պատկեր էր: 131 պատգամավորից նիստին մասնակցում էր հազիվ 10 հոգի: Սա այն դեպքում, երբ նիստի սկզբում պարտաճանաչ աշակերտների պես գրանցվել էր 106 պատգամավոր:
Սովորաբար ԱԺ նիստերին ՀՀԿ պատգամավորների զգալի մասը գալիս են միայն սկզբում, գրանցվում են, քվեարկում են եւ գնում:
Կարդացեք նաև
Իսկ կառավարության արտահերթ նիստի ժամանակ ընդհանրապես հետաքրքրություն չէին դրսեւորել ոչ իշխանականները:
Իրար հետեւից քննարկվեցին եւ ավարտվեցին կառավարության բերած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ՝ Քրեական օրենսգրքում եւ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունները, «Շրջանառության հարկի մասին» օրենքը, ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքում փոփոխությունները, Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին օրենքի փոփոխությունները:
Հաճախ ընդդիմադիր պատգամավորները դժգոհում են կառավարության գործելաոճից, որ հրատապ բերում է օրենքներ եւ վարկաբեկում խորհրդարանը: Նրանք դժգոհում են, որ ԱԺ-ն դակիչ մարմին են սարքել, թույլ չեն տալիս, որ մի լավ ուսումնասիրեն, քննարկեն օրինագծերը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ