Այսօր Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում խաչքար տեղադրվեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
Aravot.am-ը խաչքարի բացմանը ներկա գտնվող վահրամաբերդցի տղամարդկանցից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են վերաբերվում խոպանչիներից 13 տոկոս հարկելու ՀՀ օրենսդրական փոփոխություններին: Նրանցից շատերը մեզանից իմանալով, որ «Եկամտահարկի մասին օրենքում» նման փոփոխություն է տեղի ունեցել, զայրացան: Տղամարդկանցից մեկն այսպես արձագանքեց. «Չգիտեմ, աղջիկ ջան ո՞վ է էդ օրենքը հանել, բայց էդ օրենք չէ, մարդ իրեն չի կարող պահել, հարկ որտեղի՞ց մուծի, իր ընտանիքը չի կարող պահել, մանավանդ էս փողի կուրսերի տատանման ժամանակ: Մարդիկ դոլարը բերեցին, ջուր դարձին: Օրենքը թող ընդունեն, էլ մարդ չի մնա, դա մարդկանց երկրից դուրս թափելու օրենք է»:
Նրանցից մեկն էլ, չհավատալով, որ նման օրենսդրական փոփոխություն են կատարել, զարմացած ասաց. «Իմ խոսքերը չմոնտաժեք, կգնաք ու իմ անունից կփոխանցեք՝ ամոթ էդ օրենքը դնողին, որ Վահրամաբերդում գործ լիներ, մարդիկ ստեղ կաշխատեին էլի, չէին ընկնի ուլիցները: Մերոնք ցփնված են աշխարհով մեկ՝ էլ Իրկուտսկ , էլ Վլադիվոստոկ, էլ Յակուտիա, ուր ասես, որտեղ մի թիքա հաց կա, գնում են… Գնում են շինարարության վրա աշխատելու, հո դիրեկտոր չեն աշխատելու, բա էդ խեղճ մարդկանց փողը կուտե՞ն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ