«ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ո՛չ հաղթողի ուրախությունը զգացվեց, ո՛չ պարտվողների տխրությունը»,- ասում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ այդ ընտրություններում սատարել է «Խաղաղություն և զարգացում» կուսակցությանը՝ ցուցաբերելով խորհրդատվական աջակցություն:
Խոսելով այդ ընտրություններից իր ստացած տպավորությունների մասին՝ Ա. Ղուկասյանը նկատեց, որ քարոզարշավն ավելի ժողովրդավարական մթնոլորտում է անցել, քան բուն քվեարկությունը:
«Ի սկզբանե այս ընտրությունները պետության նկատմամբ հանրային վստահությունը ամրապնդելու միտում ունեին: Դրա համար Արցախի ղեկավար մարմինների կողմից ընտրությունների սկզբում դիրքորոշում տարածվեց, որ դրանք պետք է անցնեն ազատ ու անկաշկանդ մթնոլորտում: Եվ, իսկապես, քարոզարշավն այդպիսի մթնոլորտում էլ անցավ: Բայց, քանի որ քարոզարշավը ցույց տվեց, որ այդ պայմաններում նրանք չեն գրանցի իրենց ուզած արդյունքը, վարչական մարմիններին հրահանգվեց ամեն ինչ անել, որ խորհրդարան անցնեն երեք կուսակցություններ: Եվ քվեարկությունից մի քանի օր առաջ շրջաններում լուրեր տարածվեցին, որ խորհրդարան են անցնելու երեք կուսակցություններ, ինչը բավականին լուրջ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց նա:
Ա. Ղուկասյանի գնահատմամբ՝ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ըստ էության, չեն տարբերվում Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքներից, գրեթե նույն պատկերն է. «Կենտրոնում ընդդիմությանը ձայն տվողների թիվն անհամեմատ ավելի մեծ էր, քան գյուղական համայնքներում ընդդիմության օգտին քվեարկածների թիվը: Ստեփանակերտում ընդդիմությունը հավաքեց 20%, իսկ շրջաններում չհաղթահարեց անգամ 5%-ի շեմը, որի արդյունքում ընդդիմադիր երկու կուսակցություններ միասին հավաքեցին շուրջ 12%: Սա խոսում է ժողովրդավարության պակասի մասին: Այսինքն՝ քաղաքացին իրեն այնքան ազատ չի զգում, որքան պիտի զգար ժողովրդավար պետության մեջ: Ըստ այդմ էլ՝ ինստիտուցիոնալ ընդդիմությունը պետք է սկսի գործել գյուղական համայնքներից»,- ընդգծեց Ա. Ղուկասյանը:
Կարդացեք նաև
Նա ընտրություններում կարևորեց նաև կուսակցության առաջնորդի գործոնը. «Ընտրություններին մասնակցած յոթ կուսակցություններից միայն հինգն ունեին տեսանելի լիդերներ, և հենց այդ հինգն էլ գլխավորեցին ցուցակը: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրինակ, մեծ դերակատարություն ունեցավ, որ նրա ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցությունը շատ ձայն հավաքի. կարելի է ասել, որ մարդիկ ավելի շուտ նրան են ձայն տվել, քան կուսակցությանը: Ըստ էության՝ դա նրա՝ Արցախի հաջորդ նախագահը դառնալու նախադրյալն էր»,- կարծում է Ա. Ղուկասյանը:
Բանախոսի փոխանցմամբ՝ նախորդ ընտրությունների համեմատ, այս տարի 5-6 հազարով ավելի շատ մարդիկ են մասնակցել ընտրություններին, բայց, բոլոր դեպքերում, նա վստահ չէ, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները լիովին համապատասխանում են ժողովրդի ցանկություններին: Նրա դիտարկմամբ՝ այս ընտրությունները չեն կարող ամրապնդել բնակչության վստահությունը պետության հանդեպ:
Ա. Ղուկասյանին չի գոհացրել նաև ընտրությունների լուսաբանումը. թեկնածուների միջև որևէ քննարկում, բանավեճ չի եղել, կլոր սեղաններ չեն կազմակերպվել, ըստ նրա՝ գերակշռել է անձնական միջոցներով քվե ստանալու եղանակը. «Այնուամենայնիվ, ընտրությունների բոլոր մասնակիցներն ընդունել են դրա արդյունքները և բողոքարկելու մտադրություն չունեն: Կուսակցությունների համար այս արդյունքն անվիճելի է, բայց հանրության մեջ տարակուսանք կա, թե ինչպես եղավ, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը 47% ձայն հավաքեց, որովհետև այդպես դուրս է գալիս, որ ամեն երկրորդ ընտրող իր ձայնը տվել է այդ կուսակցությանը: Զարմանալի է նաև, որ հաղթող կուսակցությունն ընտրություններից հետո հանդես չեկավ իրեն ընտրողներին ուղղված շնորհակալական խոսքով»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ