Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա խոպանչիներին հարկային դաշտ բերել չէ, և խոպանչների մասին չէ» Վախթանգ Միրումյանի պարզաբանումները` վիճահարույց օրենքի մասին

Մայիս 06,2015 19:59

Արդեն երկու օր էր խորհրդարանում ակտիվ քննարկումներ են ընթանում «Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին կառավարության ներկայացրած նախագծի շուրջ: Փոփոխություններով նախատեսվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս:

Խոսքը վերաբերում է շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին: Չնայած քննարկումների շուրջ առաջացած խորհրդարանական աժիոտաժին, նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ` 65 կողմ, 21 ձեռնպահ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ:
«Խոպանչիներին հարկելու մասին» պատկերավոր անվանումը ստացած նախագծի շուրջ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

«Կան ՀՀ քաղաքացիներ, որոնք կամա թե ակամա աշխատում են դրսում: Երկու տիպի մոտեցում կա. աշխատելու գնում են անհատների համար աշխատանք են կատարում ու հետ են գալիս, առանց դրսում գրանցվելու և այստեղ գրանցվելու, և կան քաղաքացիներ, որոնք գնում են արտերկիր այնտեղ են գրանցվում կազմակերպություններում, քանի որ առանց ձևակերպման ու գրանցման չեն կարող աշխատել: Այն քաղաքացիները, որ գնում դրսում գրանցվում են, այդ կազմակերպությունը օտարերկրյա պետությանը վճարում է շահութահարկ, և ՀՀ քաղաքացիներից պահվում է եկամտահարկ: Խոսվել է այն մասին, որ ոչ թե հարկում ենք արտագնա աշխատողներին, այլ ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի դրսի կազմակերպությունները շահագրգռված լինեն իրենց կազմակերպությունները գրանցել Հայաստանում: Խթանենք, որ այդ կազմակերպությունները գան ու գրանցվեն Հայաստանում և որպեսզի նրանք չգրանցվեն օտար երկրում ու այնտեղ վճարեն եկամտահարկ: Մենք սահմանել ենք խթանող դրույքաչափ՝ հինգ տոկոս շահութահարկ, որ նրանք շահագրգռված լինեն գալ Հայաստան ու գրանցվել այստեղ: Միևնույն է, այդ կազմակերպություններն իրենց աշխատողներին ձևակերպում են արտերկրում, մենք առաջարկում ենք ձևակերպել նրանց Հայաստանում և այն հարկերը, որոնք շահութահարկի ու եկամտահարկի տեսքով նրանք կամա թե ակամա վճարում են դրում, վճարեն ՀՀ-ում»,- ասաց Վախթանգ Միրումյանը:

Լրագրողների այն հարցին, որ եթե լավն է օրենքը, ինչու՞ է Հրանտ Բագրատյանն այդքան մտահոգություններ հայտնում ու դեմ արտահայտվում օրենքի փոփոխությանը, Վախթանգ Միրումյանը նշեց, որ Բագրատյանի մտահոգություններից մեկն այն էր, որ նույն եկամուտներ ստացող մարդիկ պետք է հարկվեն նույն չափով, ինչը դասական տնտեսագիտական կանոն է, և կոչվում է՝ հարկման հորիզոնական սկզբունք:

«Մենք հիմա չենք գտնվում այնպիսի տնտեսական պայմաններում, որ առաջնորդվենք դասական տնտեսագիտական կանոններով: Հարկման դասական սկզբունքները, կախված տնտեսական իրավիճակից, կարող են նաև շեղվել : Հիմա, ո՞րն է մեզ համար ձեռնտու, պահել դասական տնտեսագիտական կանոնները, և չօգտագործել հնարավորությունը, թե՞ այնուամենայնիվ շեղվել դասական տնտեսագիտական կանոններից, բայց օգտագործել այդ հնարավորությունը»,- ասաց Վախթանգ Միրումյանը:

Ինչ վերաբերում է Բագրատյանի այն մտահոգությանը, որ դա պետք է համաձայնեցնել ոչ միայն ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների, ու ԵՏՄ համաձայնագրերի հետ, ֆինանսների փոխնախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ համաձայնեցնելու կարիք չկա, քանի որ յուրաքանչյուր երկիր գործում է իր իրավապայմանագրային դաշտի սահմաններում, այդ առումով Հայաստանը չունի սահմանափակում՝ սահմանելու շահութահարկի ու եկամտահարկի դրույքաչափ:

«ԵՏՄ համաձայնագրերը մանրամասն ուսումնասիրված են, դրանց հետ հակասության որևէ խնդիր չկա»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այս օրենքի փոփոխության մեջ որևէ խութ կամ թաքստոց չկա:

Վախթանգ Միրումյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ օրենքի փոփոխությամբ ստեղծվում է այնպիսի դաշտ, որ բիզնեսը շահագրգռված լինի գրանցվել Հայաստանում, և մեր աշխատուժը մեր երկրում գրանցելու. «Սա խոպանչիներին հարկային դաշտ բերել չէ, և խոպանչիների մասին չէ»:

Հարցին` հնարավո՞ր է, որ այս օրենքի փոփոխությունը արվել է, որովհետև կառավարությունը այլևս չի կարողանում հարկեր հավաքել ու հիմա կառչում է փրփուրներից, նա պատասխանեց. «Ոչ դա չէ պատճառը, անկախ ամեն ինչից, անկախ եկամուտների կատարողականից, իմիջիայլոց ասեմ, որ նախորդ տարվա այս ժամանակաշրջանի հետ համեմատած այն ավելացել է 6,4 տոկոսով: Մենք տնտեսական գործունեությունը խթանելու և ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու համար մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարեցինք, այդ գործողություները ազդեցին եկամտային մասի վրա»:

Վախթանգ Միրումյանն անդրադարձավ նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկումներին, որ օրենքի փոփոխությունը պետք է զարգացնել. «Պարոն Մինասյանը ավելի ընդգրկուն առաջարկ ներկայացրեց կապված առողջապահության ապահովագրության և այլ հարցերի հետ կապված, դրանք հետագա զարգացումներ են, որոնք առնչություն չունեն այս նախագծի հետ, բայց ենթակա են քննարկման»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031