Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղատներում 1 միլիոն դրամից ավել ծախսողին «խոշորացույցի» տակ կպահեն

Մայիս 06,2015 19:45

Կառավարությունը խաղատներում 1 միլիոն դրամից ավելի գործարք իրականացնողներին ուզում է «վերահսկողության» տակ պահի:

Վաղը կառավարության հաստատմանն է ներկայացվելու որոշման նախագիծ, ըստ որի շահումով խաղերի եւ խաղատների կազմակեր­պիչ­ների կողմից 1 միլիոն դրամից ավելի գոր­ծարք­ներ իրականացնող հաճա­խորդ­ների նույնակ­ա­նացման, տվյալների շտեմա­րանի ստեղծման եւ պահպա­ն­ման կարգը:

Կարգում հասկացություններն օգտագործվում են օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

Ֆինանսների նախարարության նախագծում նշված է՝ «Կազմակերպչի կողմից հաճախորդի նույնականացում իրականացվում է միայն «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում (խաղանիշերի գնում, խաղադրույքների կատարում,  շահումների վճարում կամ տրամադրում, նախորդ 3-ի հետ կապված ֆինանսական գործարքների կատարում)՝ 1 միլիոն դրամը գերազանցող որեւէ գործարքի (փոխկապակցված միանգամյա գործարքների) մասով (բացառությամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների առկայության, որի դեպքում հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացվում է անկախ գումարային սահմանաչափից):

Ըստ նախագծի, շահումով խաղերի կազմակերպիչը 1 միլիոն դրամից ավելի գործարք­ներ իրականացնող հաճախորդին նույնականացնում եւ նրա ինքնությունը ստուգում է պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների հիման վրա: Այդ անձինք հաշվառվելու են եւ ամբողջ տվյալները պահպանվելու են շտեմարանում: Ընդ որում, ինչպես նշված է նախագծում, այդ հաշվառումը պետք է կատարվի այնպես, որ հարկ եղած դեպքում հնարավորություն լինի վերականգնել այն աշխատակցի տվյալները, որն իրականացրել է հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը կամ պահպանման ենթակա տեղեկությունների, փաստաթղթերի ձեռքբերմանն ուղղված այլ գործողությունները: Իսկ տվյալների պահպանումն էլ՝ այնպիuի եղանակով պիտի իրականացվի, որը կապահովի յուրաքանչյուր առանձին գործարքի վերականգնումը եւ այդ տեղեկատվության օգտագործման հնարավորությունը որպեu դատավարական ապացույց:

Ընդ որում` խաղատանը 1 միլիոն դրամից ավելի գոր­ծարք­ անողի, կամ ասենք՝ խաղացողի տվյալները միայն անուն-ազգանուն, հայրանուն, ամուսնացած է, ամուսնացած չէ տեղեկություններով չեն բավարարվելու, այլ ամենայն մանրամասնությամբ պետք է տվյալ անձի  մասին տեղեկություններ հավաքվեն, ընդհուպ մինչեւ ներպետական եւ միջազգային գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները՝ ներառյալ՝ հաճախորդի եւ գործարքի մյուս կողմի անունը, հաշվառման հասցեն, գործարքի բնույթն ու վայրը, հաշվեհամարը, արտարժույթը եւ այլ կարեւոր տեղեկություններ: Կարճ ասած՝ խաղատներ այցելողներից, ով  1 միլիոնից ավելի գումար ծախսի՝ խոշորացույցի տակ կպահեն: Նկատենք, սակայն, եթե այս նախագիծն ընդունվի, ապա ճարպիկների մտքներին տեղ լինի, այն շրջանցելու ձեւը կգտնեն. Ասենք՝ 999 հազար դրամի գործարք կանեն, կամ էլ ասենք՝ ընկերոջ, կամ զոքանչի, կամ էլ կնոջ հետ կգնան ու 1 միլիոնը կկիսեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031