Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյանը զարմացած է. «Խոշտանգողին ընդհանրապես պետք է զրկել պաշտոնից»

Մայիս 06,2015 19:20

ԱԺ-ում քննարկվեց Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն ասաց, որ նախագիծը վերաբերում է խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող իրավակարգավորումների հստակեցմանը: Նախագծի ընդունումը պայմանավորված է միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխանեցմամբ:

Միջազգային կոնվենցիայով նախատեսվում է, որ հստակ տեղեկություններ լինեն խոշտանգման նպատակի հետ կապված, օրինակ, երբ խոստովանություն կորզելու եւ այլ նպատակների համար է դա արվում: Պետք է սահմանվի հստակ պատժատեսակը՝ բավարար խստությամբ:

Գործող օրենսդրությամբ, եթե տուժողը չի բողոքում, ապա քրեական հետապնդման մասին խոսք չկա, քրեական հետապնդումն էլ դադարեցվում է, եթե խոշտանգողը հաշտվում է տուժողի հետ:

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը հարցրեց՝ օրինագծում դրույթ կա, որտեղ նշված է՝ եթե մարդը առանձնակի դաժանությամբ խոշտանգում է արել, խոշտանգողը 7-8 տարի ժամկետով պատժվում է ազատազրկմամբ եւ որոշակի պաշտոն զբաղեցնելու դեպքում զրկվում է պաշտոնից առավելագույնը 3 տարի ժամկետով: Պատգամավորը զարմացած էր՝ խոշտանգողին ընդհանրապես պետք է զրկել երբեւէ պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից:

Փոխնախարարը պատասխանեց, որ միջազգային փորձը պատժամիջոցներին տալիս է մեծ կարեւորություն: Միջազգային որեւէ փաստաթղթով չի պարտադրվում պետությանը զրկել այդ անձին ընդհանրապես պաշտոն ունենալու իրավունքից. «Հիմա կառավարությունը քննարկում է այդ անձանց վրա հետագայում համաներում տարածելու հարցը: Մենք արել ենք առավելագույնը, լրացուցիչ պատիժը ինչքան կարող էինք, ամենաշատը նախատեսված է»:

Մհեր Շահգելդյանը մնաց իր համոզման՝ եթե մարդը առանձին դաժանությամբ նման արարք է գործում եւ նրան զրկում ենք պաշտոն զբաղեցնելու իրավունքից առավելագույնը 3 տարի ժամկետով, երբ նա այնպիսի արարք է արել, որ 7-8 տարի ազատազրկում է նախատեսվում, միգուցե պետք է փոփոխություն անել Քրեական օրենսգրքում: Նման գործողություն կատարած մարդուն այդ պաշտոնին ընդհանրապես մոտիկ պետք չէ թողնել:

Արման Թաթոյանն ասաց, որ դա կարող է քննարկվել, մանավանդ, որ հիմա պատրաստվում է Քրեական նոր օրենսգիրքը:

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանին այլ հարց էր հետաքրքրում. օրինագծում սահմանված է, որ խոշտանգում է նշանակում անձին դիտավորությամբ ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելը: Նա հետաքրքրվեց՝ «Սահմանվա՞ծ է՝ ինչ է նշանակում ուժեղ ցավ, որովհետեւ ուժեղ ցավը զգում է միայն այն մարդը, ում պատճառվում է: Հոգեկանը գուցե կարելի է վերլուծություն անել, իսկ ֆիզիկականը կզգա միայն այդ անձը: Սա կամային որոշումների վտանգ չի՞ պարունակում, որեւէ քննիչ կարող է որոշել, որ այո, այդ ցավն ուժեղ էր»:

Օրինագծում նաեւ արտահայտություն կա, որ եթե խոշտանգումը ուղեկցվել է ծաղրուծանակով…Ստեփան Մարգարյանը հետաքրքրվեց՝ եթե երկու հոգի կռվել են, մեկը մյուսին հարվածել է, ինչպե՞ս է ապացուցվելու, որ ծաղրուծանակ է եղել, դեմքին ժպիտ եթե կա, դա ծաղրուծանա՞կ է համարվելու, անորոշ մեկնաբանությունների տեղիք կա:

Փոխնախարարը պատասխանեց, որ ուժեղ ցավի արտահայտությունը կա միջազգային օրենսգրքերում, նաեւ գործող օրենքում, բացի այդ, դատարանի կողմից կա մեկնաբանություն այդ մասին:

Ինչ վերաբերում է ծաղրուծանակին՝ փոխնախարարն ասաց, որ դա նույնպես գործող օրենսգրքից է վերցված:

Ստեփան Մարգարյանի համար այդպես էլ պարզ չդարձավ՝ ո՞րն է ուժեղ ցավը, ինչպե՞ս է որոշվելու: Փոխնախարարն ասաց, որ ստուգելու մի շարք հանգամանքներ կան՝ տուժողի առողջական վիճակը, տարիքը, սեռը եւ այլն: Դրանից ելնելով՝ որակվում է արարքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031