Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի գամ հորն ու մորս տեսնելու, դրա համար նալոգ մուծե՞մ հա էս երկրին». Մոսկվայում աշխատող կոշկակար (Տեսանյութ)

Մայիս 06,2015 19:07

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության նախագիծը, համաձայն որի առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս, եւ դրանք շինարարական, շինմոնտաժային աշխատանքներ են,  զայրույթ է առաջացրել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում: Այս գյուղի  տղամարդկանց կեսից ավելին աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում:

Մոսկվայում կոշկակարությամբ զբաղվող գյուղի բնակիչներից մեկն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մարդը էստեղից գնաց Ռուսաստան ու նրան ձեւակերպեցին ամենամինիմալ աշխատավարձով, էդ գումարից պիտի նալոգը մուծի հա՞…Ես ամիս ու կես առաջ եմ եկել Մոսկվայից, աշխատել եմ որպես կոշիկ վերանորոգող, կամ ինչպես մեր գյումրեցիներն են ասում՝ փինաչի, իմը ստաբիլ եկամուտ չէ, ես ի՞նչ նալոգ մուծեմ էս երկրի՞ն… Ինչի՞ համար մուծեմ, երբ որ ստեղ երկու տեղ էի աշխատում, երկու երեխա չկարողացա պահել: Էրեխեքիս առել, գնացել եմ էնտեղ, պիտի գամ հորն ու մորս տեսնելու, դրա համար նալոգ մուծե՞մ, ո՞ւմ, էս երկրի՞ն… Երկու տարի ծառայեցինք, ինչի՞ համար, տվեցինք մեր պարտքը հայրենիքին, ի՞նչ արեց հայրենիքը մեզ համար, մարդը, երկու տեղ աշխատելով, երկու երեխա չկարողանա պահե՞լ ու մի հատ էլ գամ հարկ մուծեմ հա՞: Էնտեղ նալոգները տամ, տան վարձը մուծեմ, մի հատ էլ գամ էստեղ տամ, հա՞: Եթե էս անգամ գնացի, ես կհրաժարվեմ Հայաստանի քաղաքացիությունից, առանց էն էլ մենակ ես եմ մնացել, որ հրաժարվեմ: Ռուսաստանը աշխատանքով ապահովում է, հետո նոր է 13 տոկոս եկամտահարկ պահանջում, ոչ թե ասում է՝ գնա դուրսը աշխատի, բեր ինձ նալոգ տուր: Աշխատանքով ապահովեիք, նալոգը ձեզ տայինք…Չէ, գնանք Ռուսաստան մի հատ էնտեղ նալոգ մուծենք, հայկական պասպորտով էնտեղ 33 տոկոս է, 13 էլ էստեղ մուծենք, 50-ը գնաց, ճանապարհածախսն էլ դուրս արի, ի՞նչ կմնա աշխատողին, պարզ է , որ գնացողը հետ չի գա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031