Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը բազմաթիվ քայլեր է մշակում տնտեսական աճ ապահովելու ուղղությամբ. Հ. Նաղդալյան

Մայիս 06,2015 18:33

Արդեն երկրորդ օրն է Ազգային ժողովի արտահերթ նիստում բավական բուռն քննարկում է ընթանում «Եկամտային հարկի մասին» օրենքի նախագծի շուրջ, որի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները պարբերաբար մեղադրանքներ են հնչեցնում կառավարության և Ազգային ժողովի հասցեին: Իսկապե՞ս գործադիրն ու օրենսդիրը թերացել են օրենքը ներկայացնելիս և իրականում հիմք կա՞ նման քննադատությունների, փորձեցինք պարզել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից, ով նշեց հետևյալը՝

– Նախևառաջ , օրենքի նախագծի շուրջ ծավալված բանավեճի հիմնական մասը չէր վերաբերում բովանդակային խնդիրներին, հետաքրքիր տակտիկա է ձևավորվում մեր ընդդիմադիր գործընկերների կողմից՝ ժամանակի մեծ մասը օգտագործում էին՝ արծարծելով հարցեր՝ կապված, ասենք, արտահերթ նիստի գումարման կարգի, դրանում իբր տեղ գտած խախտումների, Կառավարության «վերաբերմունքի» , Ազգային ժողովի «արժանապատվության» և այլնի մասին, որոնք կապ չունեն օրենքի բովանդակային կողմի հետ: Այս խնդիրներին ևս պատասխան կա, և մենք դա հնչեցրել ենք օրենքի քննարկման ժամանակ, որովհետև, ըստ էության, արտահերթ նիստ գումարելու կարգի հետ կապված որևէ խնդիր, խախտում չի եղել և բոլոր այն պահանջները, որոնք կանոնակարգ օրենքով սահմանված են արտահերթ նիստի հրավիրման համար, պահպանված են: Կառավարությունը իրացրել է իր նախաձեռնությամբ արտահերթ նիստ գումարելու իր իրավունքը, սահմանել է օրակարգը, անցկացման, նիստը սկսելու և ավարտելու ժամկետները՝ պահպանելով Կանոնակարգ-օրենքի համապատասխան հոդվածի՝ հոդված 41-ի պահանջները:

Եվ եթե նույնիսկ հարցի բովանդակային քննարկման ընթացքում առաջ են եկել որոշ անհրաժեշտություններ՝ թվային, վիճակագրական տվյալների և այլնի վերաբերյալ, դրանց մեջ մի առանձնապես մեծ , համահայկական հարց չկա, կարելի է դիմել Կառավարությանը, /այդպես էլ վարվեցին մեր գործընկերները/, որը պատրաստակամությամբ այդ տվյալները կներկայացնի:

Քաղաքականացնել և միախառնել մի տեղ աշխարհի պրոբլեմները՝ կառավարության, Ազգային ժողովի աշխատանք, արտահերթ նիստի խնդիրներ և այլն, տեղին չէ և օրինագծի բովանդակության հետ, իրականում, որևէ կապ չունի:

Իսկ ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում օրինագիծը՝ բովանդակային առումով.

-Տարիներ շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ միգրացիոն հոսքերը, աշխատուժի, ծառայությունների շարժը պետք է պետական քաղաքականությամբ կանոնակարգվեն, պետք է լինեն որոշակի կառուցակարգեր, աջակցող և խթանող համակարգեր: Առաջին անգամն է, որ կառավարությունը հանդես է գալիս նման մի օրինագծով, որով փորձում է այդ ամենը կանոնակարգել՝ ներդնելով կոնկրետ համակարգեր, որոնցով այդ միգրացիոն հոսքերը կարող են կարգավորվել, և առաջարկում է դա կատարել՝ կիրառելով հարկաբյուջետային քաղաքականության գործիքներ:

Ուզում եմ ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ վերջին ժամանակահատվածում Կառավարությունը գնում է բավականին ոչ ստանդարտ քայլերի, բեկումնային որոշումների՝ ելնելով այն հանգամանքից, որ աշխարհում ընդհանրապես տնտեսական աճը սահմանափակ է, առկա են և՛ տնտեսական, և՛ քաղաքական բազմաթիվ ռիսկեր: Ներկայիս մեր տնտեսական իրավիճակում անհրաժեշտություն կա համարձակ, բեկումնային քայլերի, որոնք կարող են շրջադարձ և ռեալ փոփոխություն ապահովել, և Կառավարությունը այսօր գնում է այդ քայլերին: Կառավարությունն այսօր դրանք կատարում է՝ ակնկալելով բնակչության համար տեսանելի արդյունք: Ես նկատի ունեմ վերջին շրջանում ներկայացված, ընդունված և ընդունվելիք մի քանի օրինագծեր՝ և՛ սույն օրենքը, և՛ ,, Շրջանառության հարկի մասին,,, և՛ ,, Շահութահարկի մասին,, , և՛ ,,Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեության հարկերից ազատելու մասին,, և այլ օրենքներ, ինչպես նաև, ենթաօրենսդրական ակտեր և քայլեր տնտեսական այնպիսի քաղաքականության իրականացման ուղղությամբ, որը կաջակցի տնտեսվարողներին՝ մեր արտադրական պոտենցիալը ամրապնդելու և զարգացնելու , արտահանումը մեծացնելու իմաստով: Կառավարությունը, իսկապես, բազմաթիվ քայլեր է մշակում տնտեսական աճ ապահովելու և իրավիճակի մեջ փոփոխություն արձանագրելու համար և նման մոտեցմամբ քաղաքականացնել, խոսել բոլոր թեմաներից , բայց ոչ՝ բովանդակային էական խնդիրներից, սա , կարծում եմ, մեր քաղաքական որոշ ուժերի կողմից, պարզապես, հանիրավի բացասական մոտեցում ձևավորեց օրենքի շուրջ: Ասել, թե ժամանակը քիչ է և այլն, ուղղակի անհարմար է, երեք նիստ՝ շուրջ 6 ժամ, այսինքն՝ խորհրդարանական լիագումար նիստերի մի ամբողջ օր նվիրեցինք 2 հոդվածանոց մի օրենք քննարկելուն: Իրականում, միգրացիայի խնդիրների կարևորումը ՝ հոսքերի կանոնակարգումը և բազմաթիվ այլ խնդիրներ, մեզ համար այսօր առաջնահերթություններ են: Ամեն անգամ աշխատանքային միգրացիան կամ շարժը՝ քաղաքականացրած, որոշակի բացասական շեշտադրումներով որպես արտագաղթ ներկայացնելը՝ ևս քաղաքական կանխակալ վերաբերմունք է:

Ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի հնարավորությունները ամբողջ աշխարհի համար կան և ընդունված են թե՛ Եվրոպական միության, թե՛ Եվրասիական տնտեսական միության կողմից, որին մենք անդամակցեցինք: Եվ դրանով հիմա այդ հնարավորությունները մեզ համար բազմապատկվում են , կարող են անգամ ինդուստրիալ հիմքի վրա դրվել /ինչպես մի շարք հայտնի երկրներում/ և ներդրում ունենալ երկրի զարգացում ապահովելու գործում: Աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք պլանավորված, մասնագիտացված աշխատուժ և ծառայություններ են արտահանում, միջազգային շուկաներում տեղադրում, և անգամ հայտնի են դրանով, այդպես է վարվում, օրինակ, Թուրքիան և շատ այլ երկրներ: Եվ նման քայլերը հանիրավի որպես արտագաղթի խթանում ներկայացնելը և այլ պիտակավորումներ տալը, կարծում եմ, առաջին հերթին գալիս է նրանից, որ մեր քաղաքական ուժերը չունեն բովանդակային մեծ պահանջներ՝ մասնագիտական դաշտում լուրջ խոսակցություն վարելու համար, և դրա փոխարեն մեկ ձգտում ունեն՝ անընդհատ և ամեն ինչում տեսնել վատը, միայն քննադատել ու փնովել: Բայց քննադատելու համար պետք է և՛ նյութ ունենալ, և՛ իրավացի լինել, ինչը տվյալ դեպքում բացակայում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031