Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը դիտորդ-փաստաբանների «գործ կպցնելուց» է վախենում

Մայիս 06,2015 18:21

ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ փաստաբանն իրավունք չունի ընդգրկվել դիտորդական խմբում, ինչը ըստ դիտորդների՝ խոչընդոտում է դիտորդական առաքելության իրականացմանը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը դիտորդական խմբի անդամները տեղեկացրին, որ առաջարկություններով դիմել են ոստիկանապետին, որ այդ կետը չեղյալ համարվի, սակայն կարգի փոփոխված տարբերակ է ներկայացվել իրենց՝ ավելի են խոչընդոտելով խմբի աշխատանքները: Դա ոստիկանությունից պատճառաբանել են, որ փաստաբանը կարող  է մտնել ՁՊՎ և իր պաշտպանյալի հակառակ կողմի հետ զրուցի, կամ այստեղ «իրեն գործ կպցնի»: Խումբը դիմել է վարչական դատարան, որպեսզի հարցը դատական կարգով լուծում ստանա:

ՀՀ Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանն այս առիթով ասաց. «Մենք չենք եկել ոստիկանությունից պահանջելու, որ հանենք այդ կետ, այլ եկել ենք հասարակությանը ներկայացնել, թե ինչպես է խոչընդոտվում դիտորդական խմբի աշխատանքները մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու ընթացքում»:

Փաստաբան, հայցվոր Արթուր Հարությունյանը հեռացվել է դիտորդական խմբից, քանի որ ոստիկանությունը տվյալներ է ստացել, որ նա ձեռք է բերել փաստաբանի լիազորագիր: Նա նշեց. «Ստացվում է, որ նորմատիվ իրավական ակտով խոչընդոտվում է ընդհանրապես փաստաբանական համայնքին ընդգրկվել հասարակական  վերահսկողությամբ զբաղվող դիտորդական խմբում: Խումբը նախկինում ունեցել է  անդամներ, որոնք գործունեության ընթացքում ձեռք են բերել փաստաբանի վկայական, այդ մարդիկ կամովին դուրս են եկել: Ես այն անձն էի, որը փորձեց միանգամից չհամաձայնել, այլ հարցը դատական կարգով լուծել»:

ՀՀ Ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ Վահրամ Աբրահամյան. «Խնդրում եմ՝ ոստիկանությանը չմեղադրել ձեր աշխատանքը խոչընդոտելու հարցում: Մեր համատեղ աշխատանքի արդյունքում դիտորդական խմբի հետ բավականին լուրջ փոփոխություններ են կատարվել: Եթե խոչընդոտներ ստեղծեինք դիտորդական խմբի համար, ապա նման բան չէր լինի: Ընդհակառակը, մենք նպաստել ենք, որ դիտորդական խումբն ավելի ակտիվ գործի»:

Հարցին՝ արդյոք տեղի՞ն է որոշումը փաստաբանին թույլ չտալ ընդգրկվել դիտորդական խմբում, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ քանի որ փաստաբանները բազում առնչություն են ունենում տարբեր քրեական գործերի հետ, հնարավոր է տեղեկության արտահոսք կատարվի այլ շահագրգիռ քրեական գործով: Իսկ ձերբակալման պահման վայրերը այն վայրերն են, որտեղ դեռևս մեղադրանք առաջադրված չէ, անձը դեռ կասկածյալ է և որոշակի արտահոսքի դեպքում կարող է տվյալ անձի դեպքում կատարած հանցագործությունը հնարավոր չլինի ապացուցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031