ԱԺ-ում քննարկվեց «Շրջանառության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին բազմաչարչար օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ գործարարներից, պատգամավորներից տարբեր առաջարկություններ է ստացել, որոնց մի մասն ընդունել են եւ ներառել նախագծում: Օրինակ, «Հարկերի մասին» օրենքում նոր հոդված են լրացրել եւ ամրագրել, որ հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ ստուգումներ են միայն լինելու, հակառակ դեպքում դա կվերածվեր այլ ստուգումների, որոնք փոքր ձեռնարկությունների դեպքում ընդունելի չեն:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ճշտեց՝ ճի՞շտ եմ հասկանում, որ դրանք թեմատիկ ստուգումներն են, եթե կամերալը ուսումնասիրություններն են, պետք է հասկանանք:
Առաջարկ է եղել ոսկերչական իրերի առեւտրով զբաղվողների համար առանձին նորմեր սահմանել: Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ հաջորդ քառօրյայում կներկայացնեն դա:
Կարդացեք նաև
Առաջարկվել է նախատեսել, որ շրջանառության հարկով աշխատողների ծախսերը հիմնավորելու փաստաթղթի հիմք հանդիսանան նաեւ ՀԴՄ կտրոնները: Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ այն ՀԴՄ կտրոնները, որոնք կպարունակեն ապրանքատեսակի անվանումը եւ գնորդի անունը, կհամարվեն հիմնավոր փաստաթուղթ:
Թեւան Պողոսյանը առաջարկել է, որ շեմը դառնա 150 մլն՝ 115 մլն-ի փոխարեն. «Մենք այս առաջարկը չենք ընդունել, հաշվի առնելով, որ 116 մլն-ից սկսած առավել ձեռնտու է ԱԱՀ-ի ռեժիմում աշխատելը, ընդունվել է 115 մլն շեմը: Միեւնույն ժամանակ Թեւան Պողոսյանն առաջարկել է, որ 3 տարի նորմերը չփոխվեն, այն ընդունվել է»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Չնայած շատ փոփոխություններ են կատարվել նախագծում, բայց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք որոշ մտահոգություններ դեռ ունեն. «Օրենքի ուժի մեջ մտնելու հարցը պահպանվում է: Լինելու է հարկային դրույքաչափի բարձրացում: Որքան էլ մենք փորձենք ներկայացնել, թե իբր 4 տոկոս նվազեցում է տեղի ունենում, դա այդպես չէ: Նախ, ոչ բոլորն են, որ կարողանում են ներկայացնել ամբողջ փաստաթղթերը, հետեւաբար նրանց համար հարկման տոկոսադրույթը շարունակում է բարձրացված լինել: Իսկ Հարկերի մասին օրենքով էլ ասվում է, որ հարկային դրույքաչափի թեկուզ 1 տոկոս բարձրացում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել դրանց վավերացմանը հաջորդող ֆինանսական տարվա սկզբից: Սա նշանակում է, որ այս փոփոխությունը չի կարող 2016-ի հունվարի 1-ից ավելի շուտ ուժի մեջ մտնել»:
Ամեն դեպքում, Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ սա այն դեպքերից է, երբ նախագիծը համապատասխանում է հանրության սպասելիքներին:
Միքայել Մելքումյանն ասաց՝ եթե օրենքն ուժի մեջ մտնի 2016-ի հունվարի 1-ին, դա ՓՄՁ-ներին օգո՞ւտ է տալիս, թե՞ վնաս. «Սա իսկապես մեր բիզնեսի աշխատողների համար լավ բան է, ճիշտ բան, դրական լուծում ունի: ԲՀԿ-ն միանշանակ կողմ է քվեարկելու»:
Վարդան Այվազյանն ասաց Արծվիկ Մինասյանին, որ ճիշտ է, որ պետք է ուժի մեջ մտնի 2016-ի հունվարի 1-ից, բայց դա այն դեպքում, երբ հարկերի բարձրացում կա. «Որեւէ մեկը պնդել չի կարող՝ հարկերի իջեցում կամ բարձրացում կա այստեղ»:
Իսկ Թեւան Պողոսյանը մտահոգություն հայտնեց հարկային ստուգումների մասին: Նա ասաց, որ հարկային տեսուչները այն որակը չունեն. «Կան խախտումներ, կան ճնշումներ: Այդ մարդիկ առաջ եղել են չագուչի եւ կացինի աշխատանքի որակով, հիմա իրենք էլ պետք է նոր մշակույթ ընդունեն, պետք են վերապատրաստական աշխատանքներ անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ