«Հրեաներն առաջինն են աշխարհին հայտնել հայերի զանգվածային ջարդերի մասին, բայց մինչև օրս չեն ընդունել, որ դա հոլոքոստ է»,- ասում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց հոլոքոստը, մանավանդ որ նրա ճանաչելը, ըստ Ա. Ադիբեկյանի, կխթաներ, որ ամբողջ աշխարհում ճանաչման ալիք բարձրանար, քանի որ հրեական լոբբին ամբողջ աշխարհում շատ ազդեցիկ է:
«Նրանք իրենց ցեղասպանությունն ամենաանմարդկայինն են համարում: Ճիշտ է, չեն հերքում հայերի ցեղասպանությունը, բայց իրենցը գերակա են համարում, իսկ մերը՝ երկրորդական: Նրանք սեփականաշնորհել են «հոլոքոստ» բառը, որը նշանակում է ողջահրկիզում, թեև հենց նրանք են առաջինը բարձրաձայնել հայկական գյուղերի հրկիզման մասին: Ըստ էության, հրեաները շարժվում են «ձերն էլ է հոլոքոստ, բայց մերն ավելի հոլոքոստ է» տարօրինակ տրամաբանությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Ա. Ադիբեկյանը:
«Հրեաներն իրենց սուրբ ազգ են համարում և սուրբ են համարում նաև իրենց հոլոքոստը, քանի որ իրենց կոտորեցին հենց հրեա լինելու համար՝ ի տարբերություն հայերի, որոնց կոտորեցին ռուսներին համակրելու համար: Բայց Հռոմի պապի մատուցած պատարագը և հայ նահատակների սրբադասումը շատ կարևոր միջոցառումներ էին, որոնցով կարող ենք մեր ցեղասպանությունը ևս հոլոքոստ համարել, այսինքն՝ էլի սուրբ, քանի որ հայ ազգը ևս նահատակների ազգ է, ինչպես հրեաներինը: Սա պետք է ընդունել և պետք է խոսել այդ մասին»,- հավելեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլ Պողոսյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ իր ասածը գաղափարական պատճառն է, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց հոլոքոստը, բայց կա նաև նյութական պատճառ. «Հրեաները Գերմանիայից փոխհատուցում են ստանում, Թուրքիան էլ իր հերթին է հեշտացնում հրեաների կյանքը՝ լավ հարաբերություններ հաստատելով նրանց հետ»,- ասաց նա:
Դառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ընդունմանը՝ Ա. Ադիբեկյանը նկատեց, որ դա բավականին մեծ հարված կլինի Թուրքիային. «Ցեղասպանության հարցը կարող է թուրք-գերմանական հարաբերությունների շահարկման առարկա դառնալ, ինչպես դա անում է Իսրայելը. հենց Թուրքիայի հետ հարաբերությունները վատանում են, նա ցեղասպանության մասին բանաձև է ասպարեզ բերում, որից հետո Թուրքիան զիջումների է գնում, Իսրայելն էլ հրաժարվում է բանաձևից: Սակայն այդ սկզբունքով շարժվելու դեպքում Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումը կարող է անվերջ ձգձգվել»,- ասաց սոցիոլոգը՝ հույս հայտնելով, որ պատմական օբյեկտիվությունն ավելի ուժեղ կգտնվի:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ