Լրահոս
Օրվա լրահոսը

Խոպանչիներին հարկելու օրենքի մասին. «Մի ընկերություն կա, տենդեր է ուզում շահի, մերոնք արտոնություն են տալիս»

Մայիս 06,2015 17:32

«Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ անելու մասին օրինագիծը, որը ստացել է «խոպանչիներին հարկելու օրենք» անունն ու ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է, բուռն քննարկումների առիթ է տվել:

Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկվում է 13% հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս եւ այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին: Այսինքն դրսում աշխատող մեր քաղաքացիները, եթե պայմանագրով աշխատող են, օտարերկրյա բյուջեին հարկ վճարելու փոխարեն հայկական բյուջե վճարեն եկամտահարկը: «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է՝ այն գործատուները, որոնք կունենան ծրագրեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման եւ այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5%:

«Սա անպայման կազդի աշխատուժի վաճառքի գնի վրա, այն կէժանանա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Նրա դիտարկմամբ՝ օրինագծով սահմանվում է, որ անպայման միջնորդ ընկերություն պիտի լինի, որի միջոցով էլ գործարքները պիտի կայանան. «Հայաստանում այդ միջնորդ ընկերությունը, որն այստեղ կհավաքագրի աշխատուժը, պայմանագիր կկնքի կապալի կամ շինընկերության հետ, այլ աշխատավարձ է տալու: Շինարարը ստանալու է ավելի քիչ գումար, որովհետեւ այդ միջնորդ ֆիրման պիտի ունենա լրացուցիչ շահույթներ, այդ թվում նաեւ՝ այլ ծախսեր ունի հոգալու: Շինարարն ինքնուրույն դրսում աշխատանք կգտնի, ավելի բարձր աշխատավարձով»:

Պարոն Մանուկյանի խոսքերով՝ օրենքն անտրամաբանական է, եւ եթե նույնիսկ նրանում ներառված լիներ կենսաթոշակի գաղափարը, այսինքն՝ հարկ է վճարում, ստաժ է հաշվարկվում եւ այլն, միեւնույնն է, անիմաստ օրենք է: Բացի սրանից, տնտեսագետը եւս մեկ խնդիր նշեց կապված օրենքի հետ. Սա կբերի աշխատուժի ստվերի ավելացմանը: Այսինքն՝ այդ գործատուները կգերադասեն ստվերում պահել այդ աշխատողներին, քան պայմանագիր կկնքեն միջնորդ ընկերության հետ ու նրան էլ գումար վճարեն:

Մյուս խնդիրն, ըստ Արտակ Մանուկյանի, այն է, որ այս օրենքը կարճաժամկետ է. ԵՏՄ-ն միասնական գոտի է, եւ շատ շուտով կվերանա Ռուսաստանի կամ Բելառուսի ռեզիդենտ ընկերություն հասկացությունը, եւ կլինի ԵՏՄ ռեզիդենտ, այսինքն՝ «այնտեղ գրանցված-այստեղ գրանցվածի» խնդիր չի լինի. «Եւ այնպես չէ, որ երկարաժամկետ ֆինանսական հոսքերի խնդիր են լուծում»:

Ուշագրավ է, որ ընտրված են հենց շինարար եւ շինմոնտաժ ոլորտները. ինչո՞ւ. տնտեսագետը նկատեց, որ սեզոնը բացվել է, շատ շատերը մեկնել են արտագնա աշխատանքի ու այս ոլորտում են հիմնականում զբաղված: Բայց, ինչպես ասաց Մանուկյանը, ինչու օրինակ՝ աուդիտորական ծառայությունը չեն ընտրել, որը մեզ մոտ ավելի կայացած է, ավելի մրցունակ է, եւ ԵՏՄ-ում լավագույնն ենք, մեր ծառայություններից օգտվում են ԵՏՄ անդամ երկրները:

«Սա շատ հապճեպ գրած, կպցրած օրենք է, կարելի է ենթադրել, որ կա մի ընկերությունը, որը հայ-ռուսական ընկերության հետ համաձայնություն ունի, տենդեր է ուզում շահի, նրան արտոնյալ պայմաններ են տալիս»,-ասաց Մանուկյանը:

Ըստ տնտեսագետի, օրենքի ընդունումից հետո, բոլորը կդառանան շինարար, այսինքն՝ եթե տեխնիկների եկամտային հարկը 24%-է, ապա գործատուն նրան կգրանցի շինարար, որպեսզի շինարարի 13% -ով հարկվի:

«Ինչո՞ւ են 13% սահմանել, մեզ մոտ թող 10% սահմանեն, որ աշխատող խթան ունենան դրսի գործատուին դիմելու»,-ասաց տնտեսագետը: Ընդ որում, Մանուկյանը չի բացառում, որ ռուսական ընկերությունը կգա այստեղ ռեզիդենտ կգրանցվի, եւ այդ նույն հարկի համար, որ մերոնք պայքարում են, որ մեր բյուջե մտնի, կգնա ռուսական բյուջե. «Սա փոխադարձ ռեակցիան կլինի մեր օրենքի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031