Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսլամական պետությունը 500-600 եզդու մահապատժով է սպառնում (Տեսանյութ)

Մայիս 06,2015 17:19

Իրաքի Հանրապետության Շանգալ նահանգում շարունակվում է եզդիների ցեղասպանությունը: Այս մասին մայիսի 6-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը:

«Իրենց նպատակն է ոչնչացնել եզդի ժողովրդին, արմատախիլ անել նրանց իրենց բնօրրանից՝ Շանգալից: Եզդիներն իրենց այդ բնօրրանում ապրել են վեց հազար տարուց ավելի, Շանգալում եզդիները ո՛չ եկվոր են, ո՛չ էլ անցվոր: Դա մեր բնօրրանն է, մեր տունն է, մեր հայրենիքն է»,- հայտարարեց նա:

Նա ասաց, որ Իսլամական պետությունը եզդի կանանց ստրկության մեջ է պահում, եւ արդեն նրանք սկսել են փախչել այդ ստրկությունից. «Նրանց օգնում են մեր եզդիները, քրդերը: Դրանից հետո Իսլամական պետության անդամները իրենց ազգակիցներին, որոնք գերության մեջ են գտնվում, 14 տարեկանից բարձր 500-600 հոգու են առանձնացրել եւ նրանց սպառնում են մահապատժով: Համացանցում տարբեր թվեր տարածվեցին, բայց դրանք չեն համապատասխանում իրականությանը. Սպանել են 47 եզդիների, իսկ մնացածը գտնվում են կրկնակի գերության մեջ, որովհետեւ նրանց առանձնացրել են եւ չի բացառվում, որ այսօր կամ վաղը կամ 10 օր հետո նրանց սպանեն»:

Ամո Շարոյանը դիմել է միջազգային կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետությունում գտնվող դեսպանատներ, իսկ մայիսի 4-ին իրեն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Պարոն Շարոյանը Հրիսթեային խնդրել է, որ Եվրոպան օգնի դադարեցնել եզդիների ցեղասպանությունը. «Բայց ինչպես Հայոց ցեղասպանության ժամանակ Եվրոպան մի տեսակ անուշադիր էր, այդ ժամանակ մեծանուն գրող Թումանյանն ասաց՝ ասես քար է ընկել արդարության վրա, այդ քարն այսօր ընկել է եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու արդարության վրա: Ամերիկան հեռու է, եւ ամենուր դժբախտաբար միջազգային գերհզոր պետությունները, ինչպես նաեւ կազմակերպությունները, վստահ կարող եմ ասել, որ առաջին հերթին մտածում են իրենց շահի մասին: Դժբախտաբար, շահը գերակա է այս հարցում, բայց իրենց շահը հաշվի առնելով հանդերձ, իրենց ուշացումն ընդամենը պայմաններ կստեղծի, որ Իսլամական պետության դեմ, ստիպված լինեն իրենց տներում պայքարել»:

Ասուլիսին ներկա էր նաեւ Մոսուլ քաղաքի հոգեւորական Ֆաքիր Քամալը: Նա Հայաստան է եկել, որպեսզի տեսակցի իր ազգակիցներին եւ կոչ անի կառավարությանը օգնել եզդիներին: Նրա խոսքերով՝ օգոստոսի 3-ին եզդիների հետ կատարվածը նույն Հայոց ցեղասպանությունն էր՝ տարբեր ժամանակներում. «Ձեռագիրը նույնն է. ինչպես վարվում էին հայ տղամարդկանց եւ կանանց հետ, այնպես էլ վարվում են եզդիների հետ: Մեր վերքը նույն սրից է. ինչպես Օսմանյան Թուրքիան էր հայերին սպանում դավանանքի համար, նույնն այսօր եզդիների հետ է կատարվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031