Լրահոս
Օրվա լրահոսը

Հակամրցակցային համաձայնության եկած շինընկերություները վարչական պատիժ չեն կրի, եթե կողմերից մեկը ցուցմունք չտա այդ մասին (Տեսանյութ)

Մայիս 06,2015 17:14

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր վարչական վարույթներ է հարուցել Երեւանի քաղաքապետարանի` շինաշխատանքների համար հայտարարած մրցույթներին մասնակցած ընկերությունների նկատմամբ` մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ:

Տնտեսագետ, գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը սակայն Aravot.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ որեւէ վարչական պատիժ այդպես էլ չի կիրառվի, քանի որ երբեք չի ապացուցվի, որ այդ ընկերությունները եկել են հակամրցակցային համաձայնության, եթե կողմերից մեկն, այսպես ասած, ցուցմունք չտա:

«Ավելի քան վստահ եմ, որ հերթական շոուի ենք ականատես լինում, որովհետեւ հակամրցակցության գալը երբեք չես կարող հստակ ապացուցել, հակամրցակցային համաձայնությունն ապացուցել, առանց մասնակիցներից մեկի կողմից դրա մասին խոստովանելու, հնարավոր չէ, որքան էլ որպես մասնակից դու դրա մասին գիտես:

Այսինքն`խնդիրը կա, դրա մասին խոսում են ԶԼՄ-ները, հանրային հատվածի ներկայացուցիչները եւ ՏՄՊՊՀ-ն եւս անմասն չմնաց, որպեսզի ներկայացնի, որ ինքը ինչ-որ բաներ բացահայտում է, ներկայացնում է, բայց ինչպես միշտ իրավակիրարկման առումով, դա իրավական թնջուկի մեջ կկորի»:

Այսօր ՏՄՊՊՀ-ն հրապարակել է  Երեւանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները: Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ այդ մրցույթների զգալի մասը կրել են ձեւական բնույթ:

TMPPH-1

Օրինակ` ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունը ներառել է շուրջ 620 մրցույթ, որոնցից 357-ում (ընդհանուր մրցույթների 57%-ը) մասնակիցների միջեւ մրցակցությունն ընդհանրապես բացակայել է: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարվել է 49 մրցույթ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ: Նշված 49 մրցույթներին մասնակցել են 19 ընկերություններ: Ըստ ՏՄՊՊՀ-ի, որեւէ մրցույթում մասնակիցների գնային առաջարկները չեն խաչվել, եւ նրանք հաղթող են ճանաչվել՝ առանց միմյանց հետ մրցակցելու:

Հանձնաժողովի ներկայացրած մեկ այլ օրինակով, «Խաչհար» ՍՊԸ-ն մասնակցել է 9 հնարավոր մրցույթներից միայն մեկին, չնայած, ըստ հանձնաժողովի, տեխնիկապես եւ ֆինանսապես հնարավորություն ուներ մասնակցելու բոլորին:

Արտակ Մանուկյանի խոսքերով, հակամրցակցային համաձայնություններն այսօր ոչ միայն քաղաքապետարանի մրցույթներում են, այլ, այս երեւույթը բնորոշ է ողջ գնումների համակարգին. «Մեր գնումների համակարգում մասնակցությունը 1,6 է, այսինքն` մեկ մրցույթին լավագույն դեպքում միջինը երկու հայտ է լինում: Գնումների մեծ մասը հիմնականում իրականացվում է մեկ անձով, այսինքն` որոշ նախարարություններ, ընդհանրապես, այդ կեղծ մրցույթներն էլ չեն անում ու միանգամից մեկ անձի հիմքով պայմանագիր են կնքում»:

Aravot.am-ի հարցին, թե կա՞ն այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով կարելի է պայքարել այդ երևույթի դեմ, պարոն Մանուկյանն ասաց, որ գնումների մասին օրենքում հստակ գրված է, որ եթե 2 ընկերություն է եւ այդ երկուսում նույն անձը 50 եւ ավելի տոկոս սեփականատեր է հանդիսանում, նրան արգելվում է նույն մրցույթին մասնակցել. «Բայց օրինակ` եթե մենք նայենք ավտոմեքենաների մրցույթները, մենք կտեսնենք, որ այնտեղ նույն մասնակիցը երկու-երեք մակնիշների մեքենաների դիստրիբյուտոր է եւ ինքն այդ մրցույթին մասնակցում է: Այսինքն` եթե մենք խոսում ենք մեխանիզմների մասին, օրենքում այդպես էլ սիրուն գրել են, որ արգելվում է, բայց այդ արգելվելը պետք է, իսկապես, այնպես լինի, որ մեկը պատժվի:

Երբ որ մենք աղավաղում ենք բարեխիղճ մրցակցությունը, պայքարի ձեւը միակն է, պատժաչափեր»:

Արտակ Մանուկյանի վստահեցմամբ, ողջ աշխարհում էլ մասնակիցների միջեւ կեղծ համաձայնություն կարող է լինել, սակայն այդ երկրներում այդ երեւույթի դեմ իսկապես պայքարում են:

Մեր այն հարցին, թե պայքարի ինչ միջոց կնշեք, պարոն Մանուկյանն ասաց, որ լուծումներից մեկը տեղեկատվության ավելի լայն տարածումն է. «Բոլոր պոտենցիալ մասնակիցների ներգրավումը տվյալ մրցույթին: Երբ որ ես ուզում եմ վերելակի տանիք վերանորոգել, ես հրավիրում եմ բոլոր վերելակի տանիքով զբաղվող մասնակիցներին եւ նրանց ասում եմ՝ ինչպես եմ պատկերացնում այդ տանիքի վերանորոգումը, եթե այդ տնտեսվարող սուբյեկտները 5-7 հոգի են, հեշտությամբ կարող են շուկան մասնատել, ինչը եւ տեղի է ունենում բայց, եթե ես խաղացողների թվաքանակը մեծացնեմ հակամրցակցային համաձայնություն ստեղծելը շատ դժվար կլինի: Պատկերացրեք տաս մրցույթ է, 100 մասնակից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031