Օրվա մեղեդին Ջանիս Ջոփլինի կուլտային «Summertime»-ն է։ Գոայում մայրամուտին բոլորը հավաքվում են բոհեմիկ Արամբոլում, որպեսզի ճանապարհեն արևը, որը դանդաղ կլողա-կգնա հեռու-հեռավոր եթերային տարածքներ, խոստանալով վաղը վերադառնալ։ Ափի մոտ հատկապես շատ են երեխաները, որոնք խաղաղ կերպով խաղում են լճակի մոտ։ Եվ ես անվերջ կարող եմ նայել այս անմեղ ու մաքուր էակներին։ Այս անկեղծ ու պարզ փոքրիկներն այնքան բան են արտահայտում։ Մեր երիտասարդ գրողներից Արամ Պաչյանի մոտ, կարծեմ թե դեռևս իր միակ վեպում, մի ֆրազ էի հանդիպել, որի իմաստը միայն այստեղ հասկացա։ ․․․«և այնքան տխուր է ծովը մանկան աչքերում»։ Երևի այսպիսի թախծոտ մայրամուտներ մեկ էլ Փոքրիկ իշխանի մոլորակում էին հանդիպում։
Արամբոլում երկար կնայենք երկնքին, և կտխրենք․․․Sunset party-ներն այստեղ տամ-տամի հոգեցունց ձայների ներքո, երբ բոլորը շուրջդ երգում են, նվագում ու պարում են, ամենից հիշարժանն են, տպավորիչն ու գունեղը։ Մինչև արեգակը կանհետանա․․․Եվ սակայն, երբ իջնում է երեկոն ու մոտենում է գիշերը, մարդկային ամբոխները ուղղվում են դեպի տրանս-փարթիներ, որոնք սովորաբար անցնում են Գոայի ամենից հայտնի գիշերային ակումբներում։ Գոա-տրանսը զարմանալի երաժշտության տեսակ է։ Բոլորին չէ, որ այն դուր է գալիս։ Սակայն այստեղ, դրա ծագման հայրենիքում, ծովի ալիքների մեղմ հպման ուղեկցությամբ, քամու ու մաքուր օդի ազդեցության տակ․․․Այնտեղ, որտեղ հավերժությունն ես գրկում, կարծես անսահմանությունն ես առնում ափերիդ մեջ, Գոա-տրանսը շատ լավ է լսվում ու ընկալվում։ 4 ժամ տևող կոմպոզիցիան կարող ես անվերջ լսել, և քեզ միևնույնն է, էլի կթվա, որ դու ընդամենը մի քանի րոպե ես ունկնդրում այս էքստատիկ մեղեդիներն ու ընկնում բացարձակ էյֆորիայի մեջ։ Բայց դեռ մինչև նիրվանա շատ կա․․․Էլ ուր մնաց Շամբալա։
Տրանս-փարթիներն ամենից շատ հետաքրքրությունն են ներկայացնում տուրիստների, օտարերկրացիների համար։ Դե շատերն այստեղ են գալիս, քանի որ լսել են այն բաղձալի ժամանակների մասին, երբ Գոայի լողափերում ամենից մասշտաբային, ազատական ու սիրառատ երեկույթներն էին կազմակերպվում՝ հիփփիների լեգենդար ժամանակներում։ Երեկույթներն այս բացօթյա էին, տարածվում էին ամբողջ լողափով մեկ։ Այս ավանդույթն, ըստ էության, վերածնում է անցյալ դարի 60-ականների այն հոյակապ պսիխոդելիկ մշակույթը, երբ հիփփիները մասսայաբար նվաճեցին Գոայի կուսական ափերը։
Այսօր սակայն այսպիսի երեկոները Գոայում սահմանափակ են։ Դրանց բացօթյա լինելու մասին խոսք անգամ գնալ չի կարող՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Իսկ այնպիսի հաստատությունները, որոնցում դրանք սովորաբար անցնում են շատ չեն և հիմնականում տեղակայված են հյուսիսային Գոայում։ Shiva Valley, Curlie’s և Lilliput Անջունայում, Primerose Cafe և 9 BAR Վագատորում։ Ըստ էության, սա առափնյա շեյկեր են՝ սրճարաններ, որոնք ամեն մեկն ունեն իրենց սեփական լսարանը։
Գոայում կազմակերպվում են նաև ռեյվեր։ Սրանք արդեն իսկապես բացօթյա գիշերային դիսկոտեկներ են, որոնք ուղեկցվում են ակտիվ ու եռանդուն դիջեյներով ու նաև՝ էլեկտրոնային երաժշտությամբ։ West End Սալիգաոյում, Hilltop Վագատորում։ Դե իսկ հարավային ամենից հանգիստ՝ Պալոլեմ լողափում նույնպես անցնում են նմանատիպ, սակայն իրենց բնույթով ավելի հանգիստ դիսկոտեկներ՝ Neptun Point և Alpha bar կոչվող գիշերային ակումբներում։ Անձամբ ես խորհուրդ կտայի գնալ Cubana Արպորայում, Mambo’s և Tito’s Բագայում, Butter Կանդոլիմում, Liquid Sky և Shanti Աշվեմում։
Փոխում ենք մեղեդին։ Չեք պատկերացնի, որ այս տեղանքին ամենից սազականը Pink Floyd-ի վախճանաբանական երաժշտությունն է։ Ընդհանրապես, Գոայում որոշ ժամանակ ապրելուց հետո սեփական մարմնիցդ ազատվելու բուռն ցանկություն է առաջանում։ Ամեն օր փորձում ես հաղթահարել նյութի, մատերիայի դիմադրությունը։ Այս դեպքում փորձում ես հասկանալ, մարմինդ է ավելի ծանր, թե՞ հոգիդ։
Հենց այսպիսի անկշռության մեջ ամեն շաբաթ երեկո կարելի է ուղևորվել հիփփի-մարքետ։ Սա այն հանրահայտ շուկան է, որը ամեն շաբաթ գիշեր անցնում է Արպորայում։ Այս կուլտային հանդիսանքն անցնում է ամեն շաբաթ իրիկուն, փաստորեն՝ շաբաթը մեկ անգամ ընդամենը։ Սակայն այն անպայման արժի տեսնել։ Հնդկաստանի բոլոր նահանգներից վաճառականներ ու արհեստավորներ են գալիս այստեղ։ Ի դեպ, հիփփիների շուկայի գաղափարը ծագել էր հենց հիփփիների մոտ, սակայն ոչ այնքան գումար վաստակելու նպատակով։ Դե հա, «այս աշխարհի ծաղիկներին» փող ինչո՞ւ էր պետք որ։ Սակայն պարզվում է, որ նրանց տուն հասնել էր պետք։ Եվ նրանք կազմակերպում էին այսպիսի շուկաներ, որտեղ շատ էժան գներով վաճառում էին իրենց ունեցած-չունեցածը, միայն թե մի փոքրիկ գումար ստացվի, ու նրանք կարողանան տուն վերադառնալ։ Լեգենդն այսպես է հնչում։ Դե իսկ այն, որ քաղաքակրթությունից հեռու ապրելով, նրանք վերադարձին արդեն լիակատար մարգինալներ էին իրենց երկրներում, սա անկասկած ոչ ոքի այլևս չէր հետաքրքրում։ Այսպես ուրեմն, խելացի հնդիկները հիփփիներից փոխ առան շուկաների ավանդույթն ու արդեն քանի-քանի տարի է հաջողությամբ կազմակերպում են այսպիսի գունագեղ էքշն-երեկոներ բաց երկնքի տակ, օվկիանոսի անմիջական հարևանությամբ։ Անձամբ ինձ համար միշտ էլ ամենից հետաքրքիրները եղել են Տիբեթի ու Նեպալի տաղավարները, որտեղ կարելի է շքեղ, օրիգինալ ու բավական էժան իրեր ընտրել։ Բացի դրանից, Գոայի այս անտանելի շոգ ու կրակին դրանցում զգացվում է բարձրաբերձ ու ձյունառատ, հպարտ ու վսեմ Հիմալայների շունչը։
Դե իսկ եթե գնումների համար փող չկա, իսկ դա այստեղ շատ հաճախ է պատահում, ապա ամենևին էլ հոգ չէ։ Շուկայի հենց կողքին, երբ դուրս եք գալիս այդտեղից, բայքերի ու մեքենաների կայանատեղի է։ Իսկ ինքնին արդեն դրա կողքը բացօթյա համերգային հարթակ է տեղակայված, բավականին մեծ ու ընդարձակ, տարածությամբ առատ ու հիմնականում մեծ քանակությամբ ազատ նստատեղերով։ Կարող եք նստել այստեղ, վայելել հրաշալի ձայներ ունեցող երգիչների կենդանի կատարումները։ Դե կամ էլ պարզապես մարդկանց նայել, ուսումնասիրել, ինչն այս աշխարհի ամենից հետաքրքիր զբաղմունքներից է, կարծում եմ։ Կամ գուցե մեջս լրագրողի աչքն է խոսում։ Այո, այո, Գոայում աչքերն էլ են խոսում, դե հնդիկներինը որ՝ հաստատ։ Քանի որ նրանք ունակ են ամեն բան միայն մեկ հայացքով արտահայտել ու հասկացնել։ Սա շնորհքի ու տաղանդի հարց է։ ԵՎ այս ամենը՝ բոլորովին անվճար։
Արպորայի շուկային մոտ նաև սրճարաններ կան՝ թեթև կերակրացանկով ու թարմ հյութերով հարուստ, որոնք այնքան էլ թանկ չարժեն։ Ուստի այստեղ կարելի է նաև ընթրել, կամ պարզապես նստել ու տեղի լավագույն Kingfisher գարեջրի ուղեկցությամբ շփվել աշխարհի ամենատարբեր ծայրերից Գոա ժամանած մարդկանց հետ։ Անվերջ զգալ, թե ինչ է լինել ունիվերսալ, կոսմոպոլիտ անձնավորություն, իսկական աշխարհի քաղաքացի։ Բռնել մոլորակի զարկերակը, որը հենց այստեղ է ուժգին բաբախում։ Այնտեղ, որտեղ շատ սեր ու բարություն, երջանկություն ու հանգստություն, ներդաշնակություն ու խաղաղություն կա։ Վայելել պահը, անկրկնելի ու անմոռանալի վայրկյանը։ Գիշերը կանցնի, ու վաղն արդեն բոլորովին նոր օր կսկսվի։ Լույսի վառ ճառագայթները կկլանեն գիշերվա մոգությունն ու կցրեն հեքիաթը, պարող ստվերները կտավի վրա․․․Նամաստե Գոա, բարի արևածագ բոլորիս։
Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ
Հնդկաստան, Գոա նահանգ, Անջունա