Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը կառավարությանը կվերադարձնի՞ իր բուժման համար տրամադրված 20 միլիոնը

Մայիս 06,2015 16:25

Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվեց Վարդան Սեդրակյանի բողոքի քննությունը: Նշենք, որ Պարույր Հայրիկյանը՝ որպես իրեն պատճառված վնաս՝ իր մահափորձի համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանից, Խաչիկ Պողոսյանից ու Սամվել Հարությունյանից 42,5 միլիոն դրամ փոխհատուցելու մասին պահանջ է ներկայացրել: Թե′ Հայրիկյանը, թե′ Վարդան Սեդրակյանը, առաջին ատյանի որոշումը՝ հայցի մասնակի բավարարման մասին, բողոքարկել են Վերաքննիչ դատարանում:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանը Վարդան Սեդրակյանից պահանջում է իրեն վճարել 20 միլիոն դրամ, քանի որ այդ գումարով ինքը հոգացել է նախորդ վիրահատության ծախսերը և ևս 20 միլիոն հաջորդ վիրահատության համար:

Hayk-Alumyan

Վարդան Սեդրակյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այս պահանջը տարօրինակ համարեց՝ նշելով, որ այդ 20 միլիոնը կառավարությունն է հատկացրել Հայրիկյանին, ինչը հիմա Հայրիկյանը Վարդան Սեդրակյանից է պահանջում: Ու չկա նաև հիմնավորում, թե ինչ սկզբունքով է որոշվել, որ հաջորդ վիրահատությունը ևս արժենալու է 20 միլիոն դրամ: Նա նաև կասկածի տակ դրեց այն հանգամանքը, թե արդյոք կառավարության հատկացրած գումարը Հայրիկյանն ամբողջությամբ ծախսե՞լ է, գործում չկան այդ մասին ապացույցներ, թե՞ իր գրպանում է մնացել:

Նշենք, որ դատարանի որոշումը Վարդան Սեդրակյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ կհրապարակվի մայիսի 15-ին, ժամը 11.30-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Հայրիկյանի քայլերին իրավական գնահատական տալով՝ Հայկ Ալումյանը նշեց. «Առնվազն տարօրինակ են Հայրիկյանի քայլերը: Ես այս աստիճան տարօրինակ հիմնավորումներ դեռ չէի տեսել, թե քանի որ առաջին վիրահատությունը եղել է 20 միլիոն դրամ, ուրեմն երկրորդն էլ է այդքան լինելու: Նույն բժիշկն ասում է, թե բուժումների ծավալը հետագայում կպարզվի»:

Vardan-Sedrakyan

Վարդան Սեդրակյանի կինը՝ Ռուզաննա Թովմասյանը մեզ հետ զրույցում նշեց, թե իրենց ողջ գույքը կալանքի տակ է, և չեն պատրաստվում այդ գումարը վճարել Հայրիկյանին. «Չգիտեմ՝ ինչ է ուզում Հայրիկյանը, բայց ես զարմացած եմ այս աստիճանի անճշտությունից. առաջին ատյանում մեկ ամիս նրանց ժամանակ տրվեց, որ գոնե մեկ կտրոն ներկայացնեն, որ Հայրիկյանը ամեն օր դեղ է խմում: Բայց ոչ մի կտրոն չներկայացվեց: Ոնց Վարդանի դատապարտումը եղավ՝ ամեն ինչ մոտավոր ու ենթադրությունների հիման վրա, նույնը հիմա է շարունակվում է»:

Paruyr Hayrikyan

Aravot.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը համաձայնեց, թե պետք է կառավարությունը պահանջեր այդ գումարները. «Մեր կառավարությունն ինչպես շատ դեպքերում, այնպես էլ այստեղ պարագայում չի կատարում իր պարտականությունները. չի հասկանում, որ քաղաքացիների հավաքած փողը նրա համար չէ, որ հանցագործի կատարած հանցագործությունը անուղղակիորեն ֆինանսավորվի: Երբ հանցագործությունը բացահայտվում է, կառավարությունն իր հատկացրած միջոցը պետք է հետ պահանջի, մանավանդ, որ նա ունի տվյալներ, որ Սեդրակյանը անփոխհատույց ստացել է հսկայական գումարներ Մոսկվայից»:

Այն դիտարկմանը, թե գործում փաստեր չկան այն մասին, որ Հայրիկյանը 20 միլիոնը ծախսել է, պարոն Հայրիկյանն արձագանքեց. «Մի երկու հոգու, որոնք կասկածի տակ են դնում սպանության փորձը և իմ բուժվելու հանգամանքը, սրիկա եմ կոչել: Չէի ուզենա, որ Ալումյանը լիներ դրանց թվում: Թող կառավարությանը կասկածեն, բայց ոչ ինձ»:

Այն հարցին՝ ի՞նչ տրամաբանությամբ է որոշվել, որ հաջորդ բուժման համար ևս 20 միլիոն է պահանջվելու, պարոն Հայրիկյանը արձագանքեց. «Երկու տարի ամեն օր բուժվում եմ, դեղեր ընդունում և այդ բոլորը դնում են մի կողմ ու հաշվում միայն վիրահատության ծախսերը: Դրա համար եմ ես դա համարում անբավարար: Երկու տարի անընդմեջ Կարմիր խաչն է ինձ օգնել, հիվանդանոցները զեղչեր արել: Իմ երեխաների արցունքները, նրանց ճանապարհածախսերը, ես որ դրանք չեմ պահանջում, պիտի շնորհակալ լինեն: Հնարավոր է առաջիկա գործողություններն ավելի թանկ լինեն: Իմ ճամփորդությունները, այնտեղ մնալը, մի քանի օրից նորից մեկնելու եմ, այդ բոլոր ծախսերը պիտի փոխհատուցեն հանցագործություն կատարածները, նաև Մոսկվայից փող ուղարկողները: Իսկ ո՞վ է չափել իմ երեխաների սարսափների, մեր հասարակության՝ այդ վիճակում դնելու, նախագահական ընտրություններին իմ վարկանիշի կտրուկ անկման գինը»:

Մեր հարցին՝ եթե իրեն հաջողվի գումարը դատարանի որոշմամբ հետ վերցնել Սեդրակյանից՝ վերադարձնելու՞ է կառավարությանը, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Ինչ կուզեմ, այդ էլ կանեմ, դա իմ իրավունքն է, բայց պետությունը պարտավոր է հետ պահանջել իմ գումարը: Ինչու՞ պիտի հանցագործի համար այդքան մարդ տառապի. այդ տառապանքները գին ունեն, թող շնորհակալ լինեն, որ դրանք չեմ պահանջում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031