Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկազ Բարսեղյանին պտտաձողից կախելու մեջ մեղադրվողի հայրը իր լծակներով ճնշում է գործադրում». Նաիրա Զոհրաբյան

Մայիս 06,2015 16:14

ԱԺ նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվեց կառավարության նախագիծը՝ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքում փոփոխություններ կատարելու մասին:

Ինչպես ներկայացրեց ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը, «նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինված ուժերում արհեստավարժ սերժանտական կազմի ընդլայնման եւ առանձին հրամանատարական օղակի ձեւավորման հանգամանքով: Օրենքի նախագիծը սահմանում են գնդի, բրիգադի եւ գումարտակի դիվիզիոնի, սերժանտների պարտականությունները, որպես ենթակա սերժանտական կազմի զինծառայողների ուսուցման, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, մարտական եւ մասնագիտական պարտաստվածության համար պատասխանատու անձինք: Վաշտի ավագի, դասակի հրամանատարի տեղակալի, ջոկի հրամանատարի պաշտոնները փոխարինվում են վաշտի, դասակի ջոկի սերժանտների պաշտոններով»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը փոխնախարարից հետաքրքրվեց,՝ սերժանտների ինստիտուտի հիմնումը, ջոկից մինչեւ գունդ լուծելո՞ւ է ստորին հրամանատարական կազմի պակասի խնդիրը: Արա Նազարյանը պատասխանեց, որ ոչ միայն լրացնելու, այլ նաեւ օժանդակելու է սպայական կազմը. «Տվյալ ինստիտուտի ներդրումը լրացնելու է կրտսեր հրամանատարական կազմը, ավելի շատ սա օգնելու եւ օժանդակելու է այդ կրտսեր հրամանատարական կազմի լուծմանը»:

Այս պահին քննարկվում է Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին եւ Կրթության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Քննարկման ժամանակ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փոխնախարարին օրենքի հետ կապ չունեցող հարց ուղղեց՝ հետաքրքրվելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցած ոճրագործությունից, որի ժամանակ զորակոչիկին՝ Հայկազ Բարսեղյանին սյունից կախել էին: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մի քանի օր առաջ ծնողները եկել են իր մոտ հանդիպման եւ լրջագույն մտավախություն հայտնել, որ նախկին փոխտնօրենը, որի տղան ուղղակի կապ ունի ոճրագործության հետ, օգտագործելով իր լծակները, կապերը, փորձում է ճնշում գործադրել նախաքննության վրա՝ իր տղայի պատիժը հնարավորինս մեղմացնելու համար. «Սա հետաքրքրում է հանրության լայն շրջանակի եւ կարեւոր է բանակի բարոյահոգեբանական վիճակի համար: Ի՞նչ վիճակում է այդ գործը, որովհետեւ ծնողներն ուղղակիորեն հուսահատված էին, փաստեր ունեին, որ նախկին փոխտնօրենն օգտագործում է իր լծակները»:

Փոխնախարարը պատասխանեց, որ ծնողների հետ ինքն էլ է հանդիպել եւ նույն մտահոգությունները իրեն էլ են հայտնել. «Դա մեր լիազորություններից դուրս է, բայց մեր վերաբերմունքից դուրս չէ: Այդ ստորությունը, այդ ոճիրը, մարդկային ուղեղի մեջ չտեղավորվող արարքը մեր ուշադրության կենտրոնում է, եւ մենք հետամուտ ենք լինելու, որ արդարացի պատժի ենթարկվեն: Զինդատախազի դիրքորոշումն այս մասով նույնն է, քննչական ծառայության դիրքորոշումը նույնն է՝ խստագույնս մոտենալ այս հարցին, որովհետեւ սա ոչ միայն հասարակական հնչեղություն ունեցող հարց է, այլ առնչվում է բանակին: Ես չգիտեմ նրա հայրն ինչ լծակներ ունի, պիտի որ լծակներ չունենա, որովհետեւ նախարարի կողմից խստագույնս պատժվել է խորհրդակցության ժամանակ: Չեմ կարծում, որ նա ինչ-որ սողանցք գտնի եւ լծակ ունենա: Մեր շահերից էլ է բխում ամեն ինչ անենք, որ ինչ-որ մեկը հանկարծ սողանցք չունենա»:

Նաիրա Զոհրաբյանն էլ հստակեցրեց, թե ինչ լծակի մասին է խոսքը. «Այդ սենյակում, որտեղ տեղի է ունեցել ոճրագործությունը, եւս 4-ը եղել են, որոնք տեսել են, բայց հրաժարվում են ցուցմունք տալ՝ ասելով, որ քնած են եղել: Սպանվածի ծնողները մտածում են, որ այդ զինվորների, ականատեսների ծնողների նկատմամբ ունեն լծակ: Այդ զինվորները տեսել են, թե ինչպես են զինվորին խոշտանգում եւ կախում պտտաձողից»:

Փոխնախարարը պատասխանեց, որ այդ վկա զինվորների նկատմամբ պաշտպանական միջոցներ են ձեռնարկել եւ վտանգի տակ չեն:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց՝ ի՞նչ կապ ունի, թե ում տղան է, ընդհակառակը, եթե պաշտոնյայի տղա է, պիտի ավելի խիստ պատիժ կրի. «Մի պաշտոնյա էլ մենք ենք, մեր երեխաները պիտի շատ ավելի զուսպ լինեն, ավելի կիրթ, չափի մեջ եւ հասկանան, որ իրենց հայրերին տված է այդ պաշտոնը ոչ թե վայելելու, այլ՝ պարտականությունների համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031