Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «ԲՀԿ-ն բնականոն հունով շարունակում է իր ճանապարհը» (Տեսանյութ)

Մայիս 06,2015 16:08

«Տիգրան Ուրիխանյանը մեր նախկին գործընկերը չէ»,- մայիսի 6-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար, պատգամավոր Վահան Բաբայանը:

Նրա խոսքերով՝ Տիգրան Ուրիխանյանը շարունակում է մնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործընկերը, եւ կուսակցությունը հաջողություն է մաղթում Ուրիխանյանի հիմնած «Ալյանս» կուսակցությանը. «Գուցե, այդ ճանապարհով նա կարողանա ինչ-որ մի բան ավելի լավ անել: Իսկ կուսակցության համագումարին կամ առաջընթացին ես չեմ կարող գնահատական տալ, քանի դեռ չենք լսել իրենց կուսակցության ծրագրերի եւ ընդհանուր կազմի վերաբերյալ տեղեկատվություն»:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անելիքներին՝ նա հայտարարեց, որ արտառոց իրավիճակ չի ստեղծվել, ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով. «Կարծում եմ մեր խորհրդարանական աշխատանքից էլ դուք տեսնում եք, որ արտառոց բան չկա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բնականոն հունով շարունակում է իր ճանապարհը»:

Հարցին, թե կուսակցությունը մասնակցելո՞ւ է էլեկտրաէներգիայի թանկացման մասին հանրային քննարկումներին, Վահան Բաբայանը պատասխանեց, որ «Բարգավաճ Հայաստանը» մասնակցում է սոցիալական, տնտեսական յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քննարկումներին. «Անհնար է, որ երկրում տեղի ունենա սոցիալական դժգոհություն եւ «Բարգավաճ Հայաստանը» չզբաղվի այդ գործընթացով: Վերջերս քննարկվում էր ատոմակայանի վերագործարկման ապագա խնդիրը, որ մինչեւ 2019 թվականը պետք է լուծվի, եւ այն վարկային պարտավորվածությունը, որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց: Մենք՝ որպես խմբակցություն կողմ ենք քվեարկել, որովհետեւ դա շատ լուրջ խնդիր է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իսկ էլեկտրաէներգիայի թանկացումը նա համարում է, որ բերելու է սոցիալական լարվածության եւ այլ խնդիրների. «Մենք կարող ենք անընդհատ քննադատել, անընդհատ բողոքել, բայց Հայաստանը շատ մեծ կախվածություն ունի Ռուսաստանի Դաշնությունից: Պատժամիջոցների ներքո Ռուսաստանի տնտեսությունը բավականին լուրջ խնդիրների առջեւ է կանգնել: Մենք գտնվում ենք շրջափակման մեջ, մենք ունենք ընդամենը 1 ճանապարհ դեպի աշխարհ, որը այնպես չէ, որ տարին 12 ամիս աշխատում է: Այսինքն՝ այս բոլոր մարտահրավերները հասկանալով քաղաքական գործիչները պետք է ընկալեն, որ յուրաքանչյուր խնդրի լուծման գնո՞ւմ ենք ինքնանպատակ, թե՞ ինչ- որ անձերի շահերից է բխում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եթե տեսնում է, որ դա կախված է տնտեսական իրավիճակից, չի կարող աննպատակ խոսել եւ քննադատել. Դա մեր ոճի մեջ չի եղել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031