«ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները անցած 20 տարիներին ձախողել են լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես չեմ դադարի քննադատել Մինսկի խմբի համանախագահ երկրներին այնքան ժամանակ, մինչեւ մեր տարածքների բռնազավթումն ավարտվի եւ ես վերադառնամ իմ հայրենիք: Ինչո՞ւ չխոսենք այդ մասին»,- այս մասին, ըստ Apa.az-ի, հայտարարել է Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:
Ադրբեջանցի պաշտոնյան մեղադրել է Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային իրենց համար խնդիրներ «հրահրելու» առնչությամբ: Իմ քննադատական կարծիքները Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պաշտոնյաների մասին է եւ ոչ թե նրանց ժողովրդի»,- ասել է նա եւ հավելել, թե երեք երկրները ձգտում են կանխել երեք մուսուլման երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի մերձեցումն այս տարածաշրջանում:
Նա նաեւ ասել է, թե ԼՂՀ-ում ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը, անպայման ազատ կարձակվեն. «Այդ մարդիկ մեր տարածքներում են: Դիլհամ Ալիեւը իր վերջին խոսքի ընթացքում ասել է, թե չի ճանաչում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ