Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրագույն կրթություն. ինչպե՞ս զարգացնել ու հասանելի դարձնել կրթությունը  

Մայիս 06,2015 15:51

Հայաստանում կրթությունը թանկ է, հաճախ անհասանելի, մինչդեռ հիմնականում վարձավճարների հաշվին գոյատևող ուսումնական հաստատություններում գերխնդիրը ոչ թե որակյալ կրթություն ապահովելն է, այլ վարձ տվող ուսանող հավաքելն ու պահելը, որտեղ անգամ ամենավատ ուսանողը չի հեռացվում, քանի որ նա վճարում ու «պահում է» ԲՈՒՀ-ը, ինչն էլ ազդում է կրթության որակի վրա:

Հայաստանում բարձրագույն կրթության համակարգը զարգացնելու քայլեր արվում են, սակայն հաճախ ֆորմալ և զուտ ընթացակարգային, որոնք էական ազդեցություն չեն թողնում կրթության որակի ու ռազմավարական զարգացման վրա:

«Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան» (ՀՈՒԱԱ), որը ներկայացնում է 18 ուսանողական ինքնակառավարման մարմիններ` ներկայացուցչական բուրգի տեսքով, պաշտպանում է 90 հազար ուսանողների շահերը և իրավունքները, ուսումնասիրությամբ պարզել է, որ 2013-ից հայաստանյան 11 ԲՈՒՀ-երում վարձավճարները թանկացել են ավելի քան 50 տոկոսով, մինչդեռ կրթության որակը չի փոխվել:

«Պաշտոնապես խոսք էր գնում 50-100 հազար դրամ բարձրացման մասին, սակայն մեր մասնագիտական խորը ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բարձրացումները սկսվում էին 10 հազարից և հասնում մինչև 200 հազար դրամի, ինչը նշանակում էր, որ նախկին վարձավճարների համեմատությամբ մինչև 50 տոկոս բարձրացում էր գրանցվել, և ոչ թե հայտարարված 5 բուհերում, այլև 11 բուհերում` ներառյալ 5-ը պետական և 7 ոչ պետական բուհերում»,- ասում է «Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը (լուսանկարում):

ՀՈՒԱԱ-ի մշակած հայեցակարգը վարձավճարների հետ կապված դեռևս 2013-ին ներկայացվել էր ԿԳՆ, բուհերի և համալսարանի ռեկտորներին:

«Մեր եվրոպացի գործընկերները նամակներով դիմեցին պատկան մարմիններին, նշելով, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը թույլ չի տալիս այս պահին բարձրացնել երկրում ուսման վարձավճարները, Հայաստան այցելեց ուսանողի իրավունքների պաշտպանը, ցանկանում էր հանդիպել համապատասխան մարմինների հետ, բայց չստացվեց: Պաշտոնական պատասխաններ գրեթե չստացանք, բացառությամբ մի քանի ռեկտորների, ովքեր նշում էին, որ բուհերում իրավիճակը թույլ չի տալիս իրենց վարձավճարը չբարձրացնել: Եվ դեռ սեղմված են բարձրացնում,- ասում է Ասատրյանցը:

Ասատրյանցը շեշտում է, որ բարձր վարձավճարների հիմնական պատճառը այն է, որ ԲՈՒՀ-երը գոյատևում են հիմնականում միայն դրանցով, մինչդեռ միջազգային ուսումնասիրությունները փաստում են, որ այն բուհերը, որոնց բյուջեի գերակշիռ մասը` 60 կամ 70 տոկոսից ավելին, գոյանում է վարձավճարներից, զարգացման հեռանկար չեն ունենում:

«Սա լուրջ խնդիր է, հայաստանյան բուհերի գերակշիռ մասի բյուջեի մինչև 80-85 տոկոսը ձևավորվում է ուսման վարձավճարներից, իսկ դա չի ապահովում որակյալ կրթություն, դա իրենց կործանում է»,- ասում է Ասատրյանցը:

Պետության կողմից համաֆինանսավորումը չափազանց քիչ է, կրթությանը տրվող գումարը տարածաշրջանում ամենաքիչն է՝ ՀՆԱ-ի 2.5 տոկոսը միայն, չնայած կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով նախատեսվում էր կրթությանը տրամադրվող գումարը հասցնել ՀՆԱ-ի 4 տոկոսը, սակայն անգամ 2016-ի համար արդեն նախանշվում է ընդամենը՝ 2.53 տոկոս:

«Պետության կողմից կա որոշակի համաֆինանսավորում, սակայն իմ կարծիքով` պետության միջամտությունը բուհերի ֆինանսավորման հարցում քիչ է, իսկ այլ հարցերում`բավական շատ: Բուհերի կառավարման մարմինների 50 տոկոսը կազմում է պետությունը, և այդ 50 տոկոսով քաղաքական տարբեր հարցեր են փորձում լուծել, սակայն ֆինանսավորման առումով պետությունն ասում է` ես ինքնավարություն եմ տալիս բուհերին: Հիմա էլ նոր գործընթաց են սկսել` բուհերը ՊՈԱԿ-ից վերածվելու են հիմնադրամների, ինչը նրանց հնարավորություն կտա այլընտրանքային նյութական միջոցներ հայթայթելու»,- ասում է Ասատրյանցը:

Անդրադառնալով Հայաստանում ուսման վարձավճարների գնագոյացման բանաձևին` նա նշում է այն գործոնները, որոնք ազդում են գնագոյացման վրա՝ անձնակազմի աշխատավարձ, շենք-շինությունների պահպանման ծախսեր, սարքավորումներ, մասնագիտության յուրահատկություն, պահանջարկ, համբավ:

«Օրինակ` իրավաբանությունը կամ քաղաքագիտությունը համարվում են թանկ ու միաժամանակ մեծ հեղինակություն վայելող մասնագիտություններ, այնինչ ինժեներ, ՏՏ ոլորտի մասնագետ կամ կենսաբան պատրաստելու համար ավելի շատ գումար է անհրաժեշտ, քան դրանց համար: Բժիշկ պատրաստելու համար ավելի շատ սարքավորումներ, լաբորատորիաներ ու հիվանդանոցներ են անհրաժեշտ, քան տնտեսագետ պատրաստելու համար, բայց արի ու տես, որ վարձավճարները երբեմն կարող են հավասար լինել: Դա արդեն խոսում է այդ մասնագիտության նկատմամբ հասարակության վերաբերունքի մասին»,- ասում է Ասատրյանցը:

Նրա խոսքով` պետությունը պետք է կարողանա երկրի ռազմավարությունից ելնելով ուղղորդել, թե որ մասնագիտություններն են կարևոր, միաժամանակ չսահմանափակելով որևէ մեկի` իրավաբան կամ քաղաքագետ դառնալու իրավունքը:

«Երևանի պետական համալսարանում իրավաբանական և միջազգային հարաբերություններ բաժիններում պետպատվերով անվճար տեղեր չկան: Բժշկական համալսարանն ունենում է 1-2 տեղ, բայց գոնե տալիս է այդ անվճարի հնարավորությունը: Այսինքն, գուցե ինչ-որ մեկը շատ տաղանդավոր է, բայց հնարավորություն չունի վճարովի համակարգում սովորելու, ի՞նչ անի, անկարող է վճարել, ո՞րն է ելքը: Ասում են` ընդունվիր, լավ սովորիր և ստացիր կրթաթոշակներ, զեղչեր, օգտվիր հիմնադրամներից, բայց ավելի շատ ասվում է, քան այդ ամենի արդյունքը տեսնում ենք»,- ասում է նա:

Մեկ դրական առաջընթաց է արձանագրում փորձագետը, որ վարձավճարների շնորհիվ, նվազել է կաշառքների դեպքերը, քանի որ բուհերը խնդիր ունեն ուսանողներին պահելու:

«Այսօր արդեն հանգիստ են ուսանողները, գիտեն` վարձը արդեն իսկ բավական է, մինչդեռ այս ամենը շեշտակի ազդում է որակի վրա»,- ասում է նա՝ հավելելով.

«Հայաստանում ընդունվում է, օրինակ` 1000 մարդ, ավարտում են 1100-ը: Սա որակի չափանիշ չէ, ինձ համար որակի չափանիշն այն է, երբ ընդունվում են 1000-ը, բայց ավարտում են 100-ը: Այսինքն` այդ մարդիկ տարիների ընթացքում մաղվում են, մեզ մոտ հակառակը` թիվն աճում է»:

«Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայում» կարծում են, որ կրթությունը պետք է դիտարկել որպես հասարակական բարիք, իսկ այդ բարիքի համար պետք է վճարի հանրությունը:

«Հանրությունը կվճարի ու դրա դիմաց էլ կստանա ուսանողից: Եթե ունենք կրթված հասարակություն, ապա այն բարիք է բերում բոլորին, մինչդեռ այսօր ուսանողի ուսման վարձի ամբողջ ծանրությունը մնում է ծնողների ուսերին,- ասում է ասոցիացիայի փոխնախագահը»,- Տնտեսագիտական հայտնի օրենք կա` անվճար պանիրը միայն թակարդում է լինում: Եվ եթե մենք անվճար կրթություն ենք ուզում, նշանակում է` ինչ-որ մեկը պետք է վճարի դրա դիմաց, իսկ այդ մեկը հասարակությունն է: Մենք առաջարկել ենք մեր հայեցակարգը` ուսանողների ապագայի բարձրագույն կրթության ֆինանսավորման մասով»:

Կազմակերպությունը ներկայացրել է աշխարհում արդեն իսկ ընդունված երեք այլընտրանքային մոդելներ, որոնց կյանքի կոչվելու դեպքում ուսման վարձավճարների հոգսը ամբողջովին չի մնա ծնողների վրա:

Ասատրյանցը նշում է. այսօր բուհերը մեկ գործառույթ են իրականացնում` կրթում են ուսանողին, վաղուց հետ մղելով իրենց գիտական ներուժի օգտագործումը` գիտահետազոտական ինստիտուտները, մինչդեռ Եվրոպայում և Ճապոնիայում գործում է հենց այս մոդելը:

«Բուհն ընդունում է ուսանողներին, նրա հետ աշխատում են լավագույն մասնագետները, ուսանողների նորարարությունները, գաղափարները պրոյեկտելով` ստանում են նոր արտադրանք և վաճառում աշխատաշուկայում: Այդ շուկայից բերում են գումար, որով վճարում են և´ պրոֆեսորին, և´ ուսանողի վարձը: Տարբեր բուհեր կարող են նման ծառայություններ մատուցել`գիտահետազոտականից մինչև համերգներ կազմակերպելով: Այսօր աշխարհը գնում է մտածողների զարգացմանը, այսօր մարդը հաղթող է, եթե կարողանում է նորը ստեղծել, մտածել, այլ ոչ թե ուղղակի անել»,- ասում է նա:

ՀՈՒԱԱ-ի առաջարկած երկրորդ տարբերակը վերաբերում է «ընդհանուր կաթսայի» ստեղծմանը, որտեղ ներդրում են ունենում բոլորը` ծնողը, գործատուն, պետությունը, զանազան հիմնադրամներ, բարերարներ: Ներդրված գումարներից ստեղծվում է հատուկ ֆոնդ, որով և ֆինանսավորվում են ուսանողների ուսման վարձավճարները:

«Երրորդ տարբերակը, որ մենք առաջարկում ենք և կարծում ենք, որ տրամաբանական է, այն հարկերն են, որ պետությունը գանձում է մեզնից ամեն օր` ծնողի աշխատավարձից, ամենօրյա տարբեր ծառայություններից: Մենք արդեն իսկ պետությանը վճարում ենք հարկեր, և պետությունից ակնկալում ենք անվճար սովորելու իրավունք բարձրագույն կրթության ոլորտում: Բարձրագույն կրթությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ համարվում է մարդու իրավունք: ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ կրթությունը ևս իրավունք է, և պետությունը ապահովում և երաշխավոր է կանգնում մարդկանց կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը, հետևաբար, իրավունքը չի կարող վաճառվել, իրավունքը պետք է մատուցվի»,- ասում է Սարգիս Ասատրյանցը:

 

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031