Ազատ, արդար թափանցիկ, մրցակցային, անվտանգ, ժողովրդավար. ԱՄՆ դիտորդների եզրակացությունը ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ այսպիսին է: Այսօր «Մեդիա կենտրոնում» ԱՄՆ դիտորդները տեղեկացրին, որ դիտորդական առաքելություն են իրականացրել 16 ընտրատեղամասերում և 6 շրջաններում՝ դիտարկելով ընտրությունների բացումն ու փակումը և ունեցել ազատ մուտք բոլոր ընտրատեղամասեր:
ԱՄՆ, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի Ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին Մաք Դոնալդը նշեց, որ դիտորդական առաքելություն է իրականացրել նաև ԼՂՀ 2012-ի նախագահական ընտրություններին: Այս տարվա դիտարկումների անցկացման մեթոդաբանության մասին խոսելով՝ տեղեկացրեց, որ ունեցել են հանդիպումներ նախընտրական շրջանում թեկնածուների, ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների և ԼՂ ղեկավարության, օմբուդսմենի հետ. «Ես այս հայտարարությունն անում եմ ավելի շատ այն մարդկանց անունից, որոնց ես կոչում եմ ընտրությունների ամերիկացիների մոնիտորինգի թիմ։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ազատ, արդար, թափանցիկ պայմաններում միջազգային չափանիշներին համապատասխան»:
Քերին Մաք Դոնալդը նշեց, որ տպավորված են ընտրական գործընթացում ներգրավված մարդկանց նվիրվածությունից և պրոֆեսիոնալիզմից: Նրանց գոհացրել է նաև այն, որ ԼՂՀ ղեկավարությունը ապահովում է կանանց ներկայացվածությունը որպես թեկնածուներ:
ԱՄՆ,Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմի աշխատակից Գեյլ Լ. Պելերին ունի ընտրությունների դիտարկման 22 տարվա փորձ: Նա նկատեց, որ ԼՂՀ ընտրություններն անցկացվել են շատ համակարգված, թափանցիկ և անվտանգ. «Դրանք համապատասխանում էին միջազգային չափանիշներին և անցկացվել են այնպես, ինչպես զարգացած եվրոպական երկրներում: Ինձ զարմացրել է հատկապես ընտրատեղամասերում կազմակերպված, մանրակրկիտ ու համակարգված աշխատանքը»: Նա նշեց, որ վերադառնալով ԱՄՆ հայտարարելու է այս մասին, ինչը նաև ԼՂՀ ճանաչման գործընթացին օգուտ կբերի:
Կարդացեք նաև
ԱՄՆ, Դևիսի համալսարանի մարդու իրավունքների նախաձեռնության անդամ Քրիսթեն Աբաջյանը նշեց. «Մարդու իրավունքների տեսանկյունից ԼՂ-ն ցույց տվեց, որ մարդիկ իրենց մասնակցությունն են ցուցաբերում ողջ ընտրական գործընթացին: Այդ մասին վկայում է Շուշիի ընտրատեղամասում կատարված ուսումնասիրությունը: Մենք ականատես եղանք տեսողական խնդիրներ ունեցող անձանց որոշ դժվարությունների, և այդ առումով պատրաստ ենք որոշ խորհուրդներ տալ, որպեսզի ապահովվի ավելի մեծ քանակի մասնակցություն` հատուկ կարիքներ ունեցող անձանց համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ