Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. Արտագնա աշխատողների մասին օրինագծում փակ կետեր կան (Տեսանյութ)

Մայիս 06,2015 15:23

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը մայիսի 6-ին «Պոստ սկրիպտում» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

«Ընդդիմադիրների ցանկությունը երբեք չի եղել ինքնանպատակ բաների տապալումը: Մենք ուղղակի քննարկում եւ բանավիճում ենք: Մենք պետք է տեսնենք այն երաշխիքները, տեղեկատվությունը, որը երեկ բացակայում էր: Օրենքը եւ գաղափարը որպես այդպիսին մի բան է, հասարակական ընկալումը եւ գործառույթների իրականացումը՝ այլ բան է: Մենք երեկ մեր հարցերն ուղղել ենք, Միքայել Մելքումյանը բավականին մասնագիտորեն անդրադարձել է տվյալ օրենքին, կարծում եմ՝ այդտեղ կան փակ կետեր, որոնք մենք պետք է բացենք»:

Նա հավելեց, որ եթե կուսակցությունը հասկանա, որ նման օրենքի գոյությունը բյուջեին օգուտ է տալու եւ անհատապես արտագնա մեկնող որեւէ անձի չի խանգարելու, քաղաքացիների մոտ դժգոհություն չի առաջացնելու, առաջինը կողմ կլինի դրան. «Բայց մենք յուրաքանչյուր հապշտապ տարբերակի մասին պատրաստ չենք միանգամից որոշում կայացնել եւ ասել՝ սա լավ է, սա վատ է: Շատ լավ կլիներ, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր օրենքները կամ բոլոր որոշումները անցնեին որոշակի քննարկման փուլ, այդ փուլի միջոցով մենք կարողանայինք հասկանալ, թե մեզ ի՞նչ է պետք»:

Նա նկատեց, որ օրենքի նախագծի մասին սոցիալական ցանցերում դժգոհություններ կան. «Բայց ես չեմ ուզում ասել, որ այս օրենքը մեր ազգի համար մեծ ողբերգություն է: Ուղղակի պետք է այդ բացթողումները, տեղեկատվությունը մատչելի ներկայացվի Ազգային ժողովում, որ հասարակությունը մատչելի հասկանա՝ գուցե, օրենքում կա՞ն դրական կողմեր»:

«Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխության նախագիծն առաջարկում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս եւ այդ աշխատանքները վերաբերում են շինարարական աշխատանքներին: Իսկ ըստ «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխության նախագծի՝ այն գործատուները, որոնք արտերկրում շինարարական աշխատանքների կատարման ծրագրեր կունենան, եւ դրանք կարժանանան կառավարության հավանությանը, կվճարեն 5 տոկոս շահութահարկ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031