Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. 25 էջից բաղկացած առաջարկներ ենք ներկայացրել

Մայիս 06,2015 14:46

«Ես կարծում եմ, որ հայեցակարգի թե նախագծում, թե լրամշակված տարբերակում այսօրվա եւ պետական կառավարման համակարգի, եւ հանրային կյանքում իրավունքի, օրինականության ապահովման ինստիտուցիոնալ վերլուծություն կա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր կուսակցության կողմից ներկայացված գրավոր առաջարկներին:

Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվել էր`իրենք չե՞ն շտապել առաջարկներ ներկայացնելու գործում, մանավանդ, որ իշխանությունը խոստացել էր երկրորդ`կիսանախագահական տարբերակի բարելավված նախագիծ էլ ներկայացնել ու քաղաքական ուժերը սպասում են ամբողջական, պաշտոնական տարբերակի:

Հիշեցնենք, մինչեւ մայիսի 5-ը կուսակցությունները, խորհրդարանական խմբակցությունները պետք է առաջարկներ ներկայացնեին սահմանադրական փոփոխություններն իրականացնող հանձնաժողովին`ներկայացված հայեցակարգի վերաբերյալ:

Խոսրով Հարությունյանը կարծում է, որ քաղաքական ուժերին ներկայացված` խորհրդարանական համակարգի անցնելու նախագծում բավական վեր են հանված այն արատները, պայմանավորված օրենքների ու սահմանադրական նորմերի կատարյալ լինել-չլինելու հետ կապված, որոնք դեֆորմացնում են մեր իրականությունը: «Ես այդ վերլուծությունից գոհ եմ: Ավելին, մենք ականատես ենք բավական լուրջ գիտական, վերլուծական մտքի»,- ասաց նա`հավելելով, որ իրենց առաջարկները 25 էջի սահմաններում են ամփոփված, որոնք վերաբերվում են իշխանություն, պետություն, պետական մարմիններ, պետական իշխանություն հասկացությունների տարանջատմանը:

ՀՔԴՄ-ում այն կարծիքին են, որ պետական իշխանությունը նախ պատասխանատվություն է, ապա դրան համապատասխան իրավունք, լիազորություն: Մինչդեռ մեզանում իշխանությունն ասոցացվում է բացառապես լիազորությունների, իրավունքների հետ: Կարեւորում են սոցիալական պետության գաղափարը ու կարծում են, որ այն իր մեջ ներառում է սոցիալական շուկայական ազատ տնտեսական համակարգ, ոչ թե սոցիալական ծրագրերի իրականացում. «Սոցիալական պետության հիմնական ատրիբուտը սոցիալական աջակցության նպատակային քաղաքականությունը չէ: Կլինեն շատ երկրներ, որոնք իրենց չեն հռչակել սոցիալական, մինչդեռ այդ քաղաքականությամբ զբաղվում են: Սա մեզ համար անկյունաքարային դրույթ է»:

Հիմնարար դրույթ են համարում նաեւ կառավարության կարգի ձեւավորման սկզբունքը`անկախ խորհրդարանական կամ կիսանախագահական համակարգերից: Այն է` կառավարությունը ձեւավորվում է ԱԺ-ում ձեւավորված մեծամասնության կամ կոալիցիայի կազմից, ոչ թե նրանց համաձայնությամբ կամ հավանությամբ: Սա, ՀՔԴՄ-ում համարում են նաեւ կուսակցական համակարգի կայացման խնդիր:

ՀՔԴՄ-ի որոշ առաջարկներ իրենց արտացոլումը գտել են, բայց վերջնական լրամշակված տարբերակում երբեմն իրարամերժ դրվագներ կան, խուսափել են գաղափարն ավելի հստակեցնել եւ կոնկրետացնել`վերջնական կարգավորումները թողնելով օրենսդիրի հայեցողությանը: Խոսրով Հարությունյանն այստեղ խնդիր է տեսնում, ուստի իրենց առաջարկները կպնդեն:

Կա՞ն կտրականապես մերժված առաջարկներ, մեր հարցին, Խոսրով Հարությունյանն ասաց, որ եթե որոշ առաջարկներ չեն ներառվել, ենթադրվում է, որ մերժվել են. «Բայց ինձ ոչ մի նման պատասխան չի հասել: Ես ենթադրում եմ, որ հանձնաժողովը պատրաստվում է նաեւ հանդիպել առաջարկների հեղինակների հետ: Միգուցե այդ ժամանակ կփորձենք բանավոր մեկնաբանություններով էլ համոզել: Ընդհանուր առմամբ, մենք մեր մեկնաբանություններին կմնանք հարազատ: Պետք է ասեմ, որ դրանք ընդհանրապես հակասությունների մեջ չեն մտնում, պարզապես առաջարկներ են, որոնք, մեր կարծիքով, հայեցակարգն ավելի լիարժեք կդարձնի»:

Նա այն կարծիքին է, որ բաց ու անկաշկանդ քննարկումը միայն օգուտ կբերի: «Մենք այսօր ավելի պատրաստ ենք լուրջ Սահմանադրություն գրելու, քան տասը տարի առաջ»,- վստահ է մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031