Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայրերի համար բարենպաստ երկրների շարքում Հայաստանը 179 երկրներից 103-րդ տեղում է (Տեսանյութ)

Մայիս 06,2015 14:31

Save the Children հետազոտական կենտրոնի զեկույցի համաձայն, մայրերի համար բարենպաստ երկրների շարքում Հայաստանը 103-րդն է: Այս տվյալները Առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական ու վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանին զայրացրել են:

«Այդ ուսումնասիրության մեթոդաբանության մեջ ընկած է առողջապահական միայն մեկ ցուցիչ, մինչեւ հինգ տարեկան երեխաների մահացության ցուցիչն է, որը այստեղ բերված 15,6-ը 1000 կենդանածնի հաշվով ու չի համապատասխանում մեր պաշտոնական տվյալներին, որոնք ավելի ստույգ են: Վերջին տարիներին մեզ մոտ 10-11 մահացության դեպք է գրանցվում մինչեւ հինգ տարեկան երեխաների շրջանում:

Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով, Հայաստանը աշխարհում միջին մահացությունների ցուցանիշ գրանցող երկրների շարքում է գտնվում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց փորձագետը:

Հետո շարունակեց. «Ինձ համար զարմանալի թվեր կան՝ օրինակ Թուրքիան մայրերի համար բարենպաստ երկրների շարքում 65-րդ հորիզոնականում է, բայց այստեղ կանայք զրկված են այն բոլոր հնարավորություններից, ինչ մենք ունենք: Թուրքիայում տնային ծննդաբերությունները կազմում են 40 տոկոս»:

Տիկին Ավագյանի խոսքով, ուսումնասիրության հիմքում վերցվել է մեթոդաբանության կրթական մակարդակը, ըստ տարիների, մեկ շնչին ընկնող եկամուտները ըստ բնակչության թվի, կանանց մասնակցությունը կառավարման ոլորտում. «Այս ցուցանիշներից է ստացվել այն բարեկեցությունը հղիների համար, որը կա սանդղակում, եւ Հայաստանն էլ հայտնվել է 103-րդ տեղում: Հայաստանում վերջին տարիներին մեզ հաջողվել է մայրական մահացության դեպքերը իջեցնել 20 ինդեքսից ցած՝ 100.000 կենդանածնից: Տարեկան ունենում ենք 60.000 հղիություն, ծննդաբերություն, ախտաբանություն, 7-8 մահ: Այս թիվը ԱՊՀ երկրների համեմատությամբ լավագույնն է, որովհետեւ այնտեղ մահացության նույն ցուցանիշը 29 է, մենք՝ 18-19»:

Ասուլիսի վերջին միացավ նաեւ Save the Children հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը եւ հիմնավորեց իրենց հաշվետվության հավաստիությունը:

«Այս զեկույցը խոսում է մեկ խնդրի մասին, սոցիալ-տնտեսական ոլորտների անհավասարության մասին…հետազոտության արդյունքները, որոնք ներկայացնում ենք, խոսում են այն մասին, որ մայրերի մահը չի առնչվում միայն առողջապահական խնդիրներին, կան տնտեսական ու սոցիալական ազդակներ, որոնք ազդում են միջավայրին»,- Aravot.am-ին ասաց Արսեն Ստեփանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031