Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգում են ու կարճում գործերը. օրենքը համապատասխանեցվել է կոնվենցիային, իսկ իրականությո՞ւնը

Մայիս 06,2015 13:52
xoshtangum

Կառավարությունը քայլ առաջ է արել խոշտանգումների մասին օրենսդրության բարելավման ուղղությամբ՝ օրենքի նախագծում հստակեցնելով խոշտանգում սահմանումը, համապատասխանեցնելով այն դեռևս 1993 թվականին կնքված ՄԱԿ-ի միազգային կոնվենցիայի պահանջներին:

Թե, որքանով այն կնպաստի խոշտանգումների նվազմանն ու պատշաճ քննությանը, դեռ վաղ է ասել, սակայն փորձագետները համարում են կարևոր առաջընթաց, որը տարիներ շարունակ պահանջում էին ոչ միայն տեղական իրավապաշտպան կազմակերպությունները, այլ նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, որի 2015-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) շրջանակում 189 երկրների մի մասը հանձնարարականներ էր հղել Հայաստանին՝ խոշտանգումների կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար:

Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հաստատեց, որ հաշվի առնելով ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) զեկույցները՝ Արդարադատության նախարարությունը ձեռնարկել է «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որտեղ արդեն սահմանվել է «խոշտանգում» հասկացությունը ՄԱԿ-ի «Խոշտանգումների դեմ» կոնվենցիային համապատասխան:

«Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը պայմանավորված է ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի և ներպետական օրենսդրությամբ խոշտանգման համար քրեական պատասխանատվության ոլորտում գործող իրավակարգավորումների միջև համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման պահանջով: Կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվել է 1993թ. հոկտեմբերի 13-ին՝ այդպիսով դառնալով մեր երկրի իրավական համակարգի բաղկացուցիչ մասը»,-տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:

Օրենքի նախագծում ներառված է նաև խոշտանգման հանցակազմի համար հատուկ սուբյեկտի՝ պաշտոնատար անձի առկայությունը:

«Միանշանակ անհրաժեշտություն կար օրենքում տալ խոշտանգումների սահմանումը, որովհետև մինչ օրս նման գործերը հարուցվում են ոչ թե խոշտանգման հիմքով, այլ պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման հիմքով»,-ասում է քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դիտորդություն իրականացնող հասարակական, դիտորդական խմբի անդամ Արայիկ Զալյանը:

Arayik-Zalyan

Արայիկ Զալյան

Ըստ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանական բաժանմունքներում, ձերբակալված անձանց պահման վայրերում (ՁՊՎ) և հոգեբուժական հաստատություններում տեղի ունեցող խոշտանգումներն ու դրանց քննությունների ոչ պատշաճ իրականացումներն ունեն մի քանի խորքային պատճառ:

«Առաջինը խոշտանգման ձևակերպման հստակ բացակայությունն է օրենքում: Երկրորդ՝ անպատժելիությունն է, բոլոր այն խոշտանգման գործերը, որտեղ ներգրավված են ոստիկանության աշխատակիցներ, կարճվում են և չեն ուղարկվում դատարան: Այսինքն մենք խնդիր ունենք խոշտանգման որակման: Հաջորդ կարևոր խնդիրը քննիչների, ոստիկանության և ՔԿՀ-ների աշխատակիցների ոչ բավարար գիտելիքներն են թե՛ խոշտանգման, թե՛ իրենց գործառույթների վերաբերյալ»,-ասում է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար Արշակ Գասպարյանը:

Հասարակական կառույցների անդամները նշում են, որ հաճախ պաշտոնատար անձանց կողմից հոգեբանական և ֆիզիկական բռնությունների դրդապատճառ են դառնում փակ հաստատությունների պայմանները:

Ruben-Sahakyan

Ռուբեն Սարգսյան

«Օրինակ՝ գերբնակեցումը քրեակատարողական հիմնարկներում: Նուբարաշենի ՔԿՀ-ում շուրջ 1044 մարդ է պահվում, մինչդեռ նախատեսված է 850 հոգու համար: Եթե մարդը չի կարող հանգիստ քնել, տեղաշարժվել, կամ հերթափոխով է քնում, ապա դա նաև ՔԿՀ-ների աշխատողների համար է ստեղծում խնդիր ու դառնում խոշտանգման դրսևորման պատճառ»,-ասում է ՔԿՀ-ների հասարակական, դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը:

Սննդի որակը, պատժախցում սանհանգույց չունենալը, ՔԿՀ-ներում արժանապատվությունը երկարատև նվաստացնող պայմանները, կամ արտոնյալ դատապարտյալների կարգավիճակը նույնպես հանդիսանում են խոշտանգումների դրսևորման պատճառ, հավաստիացնում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Genya-Petrosyan

Գենյա Պետրոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանը ասում է, որ դիմում-բողոքների և ահազանգերի մեծ մասը վերաբերում է ոստիկանության բաժիններում մինչդատական վարույթի ընթացքում ցուցմունք կորզելու նպատակով կիրառված խոշտանգումներին:

«Օրինակ՝ Վանաձորում ոստիկանական բաժանմունքում երիտասարդ մի աղջկա հոգեբանական ճնշման էին ենթարկել ցուցմունք կորզելու նպատակով և սպառնացել, որ եթե ցուցմունք չգրի, կանանց գաղութ կգցեն, ուստի աղջիկը վախից գրել էր,-նշում է Զալյանը,-Իսկ խոշտանգման դեպքով հարուցված քրեական գործերում հիմնականում քննիչները արժանահավատ են համարում ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները: Զոհերը, որոնք ենթարկվել են վատ վերաբերմունքի, նրանց ցուցմունքներն ու բացատրությունները արժանահավատ չեն համարվում: Մենք ունենում ենք հիմնականում քրեական գործերը կարճելու դեպքեր»:

Ի տարբերություն ոստիկանության բաժինների՝ ՔԿՀ-ներում և հոգեբուժական հաստատություններում հիմնականում պահման պայմանների առկա վիճակն է, որը կարող է հավասարեցվել անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի:

«2014-ի ընթացքում ՁՊՎ-ներ ընդունված 186 անձանց մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, իսկ նույն ժամանակահատվածում ՔԿՀ-ներ մարմնական վնասվածքներով ընդունվել է 321 անձ: Դեպքերի վերաբերյալ իրազեկումներ են ներկայացվել վարույթն իրականացնող մարմիններին, միաժամանակ, արձանագրված որոշ դեպքերով չեն իրականացվել անհրաժեշտ դատավարական և քննչական գործողություններ (զննություն, փորձաքննություն), կամ այդ դեպքերը բավարար խորությամբ և արագությամբ չեն ուսումնասիրվել»,-ասում է Օմբուդսմենի առաջին տեղակալը:

Ոստիկանությունը հակադարձում է իրավապաշտպան կառույցներին՝ նշելով, որ անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով իրենք մշտապես կազմակերպվել են սեմինար-խորհրդակցություններ: Բացի այդ ոստիկանության պետի կողմից տրվել է «Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի իրավական չափանիշների կիրառումն ապահովելու մասին» թիվ 20-Ց հանձնարարականը, որի համաձայն ոստիկանության ծառայողները անձանց բերման ենթարկելիս, ձերբակալելիս կամ այլ գործողություն իրականացնելիս պետք է ապահովվեն ԵԽ ԽԿԿ-ի չափանիշներին համապատասխան վարքագիծ:

«Լրամշակված «Քրեական օրենսգրքով» խոշտանգման հանցակազմի համար առաջարկվում է սահմանել նաև հանրային քրեական հետապնդման կառուցակարգ, ինչը կնպաստի խոշտանգումների դեպքերի առավել արդյունավետ քննությանը և կանխարգելմանը»,-տեղեկացնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Բացի ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի շրջանակում հնչած հանձնարարականներից, Հայաստանը խոշտանգումների կանխարգելման վերաբերյալ հանձնարարականներ է ստացել այլ միջազգային կառույցներից՝ ԵԽ-ի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեից, ինչպես նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարից:

«Հայաստանի օրենսդրությունը չի համապատասխանում նաև եվրոպական կոնվեցիային: Մեզ մոտ չկա նույնիսկ խոշտանգման դեպքում փոխհատուցման ինստիտուտը, չնայած մենք վաղուց ենք այն վավերացրել: Միջազգային հանձնարարականները քաղաքական տեսակետից ազդեցություն կունենան, բայց մեր նման պետության վրա ավելի շատ ազդում է եվրոպական դատարանի որոշումը խոշտանգման գործերով, որովհետև եվրոպական դատարանը ֆինանսական փոխհատուցման պարտավորություն է դնում պետության վրա»,-ասում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Sakunts

Արթուր Սաքունց

Եվ չնայած Արդարադատության նախարարության կողմից ձեռնարկվող քայլերին՝ իրավապաշտպանները մտահոգություն ունեն օրենքի կիրառման տեսանկյունից:

«Մենք կարող ենք ունենալ շատ լավ իրավական ակտեր, բայց չունենալ դրանց ռեալ իրագործումը: Խոշտանգման վերացումը պայմանավորված է առաջին հերթին քաղաքական կամքով, որովհետև առկա օրենսդրությունն էլ չի խանգարում, որպեսզի պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկեն քաղաքացիների նկատմամբ բռնությունների համար: Առայժմ մենք արձանագրում ենք, որ չկա այդ ցանկությունը, քանի որ պարբերաբար նույն խնդիրներն ենք արձանագրում: Երբ որ կլինի քաղաքական կամք այդ պատճառները ռեալ վերացնելու ուղղությամբ, ապա կարող ենք ասել, որ իրավական կարգավորումները կիրառվեցին»,-հավելում է Սաքունցը:

 

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031