Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հեռախոսն ա լսվել, ես չգիտե՞մ, դուք ոնց եք դատարանից վճիռ ստանում»

Մայիս 06,2015 13:33

«Սա հարթակ չէ, որտեղ դուք գաք և վիճեք: Մեր հանձնաժողովը ամեն կերպ փորձում է աջակցել ՄԻՊ գրասենյակին, քանի որ ամեն անգամ էլ ավելի շատ բացահայտումներ են արվում: Նպատակը այն է, որ լուծումներ գտնենք: Մենք օրենսդրական նախագծեր առաջարկենք, դուք հաշվի առնենք»,- այսօր խորհրդարանում, ՄԻՊ-ի 2014 թվականի զեկույցի`ԱԱԾ-ին վերաբերող բաժնի քննարկումների ժամանակ կողմերին դիտողություն արեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Խնդիրն այն էր, որ ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանի`զեկույցից բերած փաստերի հետ, Ազգային անվտանգության ծառայության վարչության պետի տեղակալ Արտեմ Դադոյանը համաձայն չէր: ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը նշեց, որ անցնող տարում գրանցվել են դեպքեր, երբ քաղաքացուն ԱԱԾ հրավիրելուց հետո նախատեսված ժամից երկար են պահել: Անգամ, երբ քաղաքացուն հրավիրել են ԱԱԾ և անհիմն վերցրել անձնագիրը: Քննարկման «մեխը» ԱԱԾ-ի կողմից առանց դատարանի թույլտվության համատարած գաղտնալսումներն էին, ինչը նույնպես ներառված է ՄԻՊ-ի հաշվետվության մեջ:

«Դուք «թեժ գծով» գնացել եք, փաստը արձանագրել եք, ասում եք՝ եղել են դեպքեր, որ մեր աշխատակիցն ընդունել է ու անձնագիր է վերցրել, նույնիսկ այդ պարագայում, մենք նորից խնդրում ենք, այդ հարցը լուծելուց հետո, հաջորդ օրը կամ նույն օրը գրավոր ուղարկեք մեզ և մեջը նշեք, որ այս աշխատակիցը ընդունել է այսինչին ու անհիմն վերցրել անձնագիրը: Հակառակ դեպքում ստացվում է, որ տարին վերջացել է, ոչ մի փաստ չունենք, դուք ասում եք եղել է, մենք ասում ենք՝ չի եղել»,- ՄԻՊ-ի զեկույցում արձանագրված փաստերի առիթով իր անհամաձայնությունը հայտնեց Ազգային անվտանգության ծառայության վարչության պետի տեղակալ Արտեմ Դադոյանը`հավելելով, որ ՄԻՊ-ը պետք է հստակ նշի, թե ո՞ր քաղաքացիներն են բողոքում: ՄԻՊ տեղակալն էլ պաշտպանվեց`ասելով, որ չի կարծում, որ ՄԻՊ-ի կողմից հրապարակված զեկույցում ներառված խնդիրները իրականությանը համապատասխանելու վերաբերյալ որևէ մեկը կասկած ունի:

Բանավեճն ընդհատեց Ալեքսանդր Արզումանյանը`դիմելով ԱԱԾ-ի ներկայացուցչին. «Մենք չգիտե՞նք, որ հեռախոսների գաղտնալսման համատարած գործընթաց է տեղի ունենում: Իմ հեռախոսն է լսվել, ես չգիտե՞մ, դուք ոնց եք դատարանից վճիռ ստանում: Ժիրայր Սեֆիլյանի և իր ողջ շրջապատի հեռախոսները: Կարգավորել է պետք այս ամենը: Այո, ճիշտ եք ասում, դատարանով է թույլտվությունը, բայց այդ դատարանին ո՞ր մեկն է հավատում: Ես չեմ ճանաչում մեկին, որ կամավոր գա մտնի ԱԱԾ: Պետք է ձևը գնենք, որ բարձրաձայնած խնդիրներին անդրադառնանք և միասին մտածենք` ո՞նց անենք: Մենք ուզում ենք վերահսկողություն լինի: Հասկանալի է, որ դուք դրան դիմադրում եք, ցանկացած անվտանգության ծառայություն դեմ է, որ հասարակությունը որևէ վերահսկողություն ունենա, բայց հասարակությունն էլ մեզ այստեղ է ուղարկել, որ ձև գտնենք, թույլ չտանք չարաշահումներ անեք: ՄԻՊ-ի գրասենյակն էլ այդ հարցերը բարձրաձայնում է, որ ձևը գտնենք: Դրա համար մենք կխնդրեինք, որ դուք ոչ թե իրանց արդարացնեիք, այլ մատնանշած պրոբլեմներին ասեք, թե ի՞նչ քայլեր եք նախատեսում անել»:

ՄԻՊ-ի տեղակալի եւ ԱԱԾ ներկայացուցչի վեճը քննարկման ավարտից հետո, միջանցքում, դեռ շարունակվում էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031