Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ. Մրցույթների զգալի մասը կրել է ձևական բնույթ, ընկերությունները վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն

Մայիս 06,2015 13:23

Այսօր` մայիսի 6-ին, ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները։ Հանձնաժողովի որոշմամբ, մի շարք մրցույթներում, որոնց մասնակցել է շուրջ 144 ընկերություն, մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ հարուցվեց վարչական վարույթ:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են 2011-2014թթ. ընթացքում փողոցների ասֆալտապատման, շենքերի, բակային տարածքների, վերելակների, շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակների կառուցման և այլ շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթները:

Մրցույթների զգալի մասը կրել է ձևական բնույթ

Ուսումնասիրությունը ներառել է շուրջ 620 մրցույթ, որոնցից 357-ում (ընդհանուր մրցույթների 57%-ը) մասնակիցների միջև մրցակցությունն ընդհանրապես բացակայել է: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարվել է 49 մրցույթ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է  ավելի քան 20 մլրդ դրամ: Նշված 49 մրցույթներին մասնակցել են 19 ընկերություններ: Հատկանշանական է, որ որևէ մրցույթում մասնակիցների գնային առաջարկները չեն խաչվել, և նրանք հաղթող են ճանաչվել՝ առանց միմյանց հետ մրցակցելու: Օրինակ, «Խաչհար» ՍՊԸ-ն մասնակցել է  9 հնարավոր մրցույթներից միայն մեկին, չնայած տեխնիկապես և ֆինանսապես հնարավորություն ուներ մասնակցելու բոլորին: Ստացվում է, որ, տնտեսվարողները միմյանց միջև համաձայնության են եկել, թե մրցույթներից յուրաքանչյուրին որ ընկերությունն է հայտ ներկայացնելու և հաղթելու:  «Խաչհար» ՍՊԸ-ի օրինակով ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթներում նման վարքագիծ են դրսևորել նաև «Սահակյանշին», «Վահագն և Սամվել», «Շինֆորում», «Ճանապարհ», «Նարիմանյան», «Ա.Ա.Բ. Պրոեկտ», «Տեր-Հայրապետյան Շին», «Լիլիթ- 87», «Ավա-2000», «Վլհաք», «Կապավոր», «Լոնգ Մաիլ», «Ռուբիկ և Իշխան», «Արփի-Անի» և այլ ընկերություններ։

Նմանատիպ օրինակներից մեկն էլ վերաբերում է շենքերի ֆասադների  նորոգման և քարերի մաքրման աշխատանքների համար հայտարարված 125 մրցույթներին: Այս մրցույթներից ոչ մեկում մասնակիցների գնային առաջարկները չեն խաչվել: Օրինակ, «Լեվ» ընկերությունը մասնակցել է այնպիսի 8 մրցույթների,  որոնց այլ մասնակիցներ չեն դիմել: Նույն կերպ էլ բոլոր մյուս տնտեսվարողները այսպես ասած բաժանել են մրցույթները` նախապես իմանալով, թե որ դեպքում ով է հաղթելու: Մինչդեռ, բավարար մրցակցության պայմաններում գնային առաջարկները կլինեին ավելի ցածր: «Լեվ» ՍՊԸ-ի օրինակով շենքերի ֆասադների նորոգման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթներում նմանատիպ վարքագիծ են դրսևորել նաև «Ագարակ», «Ակոռ-Շին», «Ավրակշին», «Արթմաշին», «Արսեվ», «Աֆալան», «Գրիշա Գոռ Սարգսյաններ», «Երտիգշին», «Էռգուս», «Կարալանս», «Հաջառհար Շին», «Մեվրիկար», «Շինաշխարհ», «Շինհայ Պո», «Ջեմսիկո», «Սմալա», «Վակո» և «Վարաքշին» ընկերությունները:

Ընկերությունները վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն՝ շուկան բաժանելով միմյանց միջև և հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ միևնույն մրցույթին մասնակցել է մի քանի տնտեսվարող` տպավորություն ստեղծելով իբրև թե առկա է մրցակցություն,  սակայն այս դեպքում դարձյալ գործել են փոխադարձ պայմանավորվածությամբ: Տնտեսվարողներից մեկը հաղթել է մի մրցույթում, իսկ հաջորդում միտումնավոր պարտվել` իր տեղը զիջելով  իր հաղթած մրցույթում պարտված ընկերություններից մեկին:  Արդյունքում, մասնակից բոլոր ընկերությունները հաջորդաբար հաղթել են մրցույթներում`շուկան բաժանելով միմյանց միջև և, ըստ էության,  սահմանափակելով այլ տնտեսվարողների մուտքը շուկա։ Որպես օրինակ, նշենք, որ մի շարք շինությունների քանդման աշխատանքների իրականացման համար հայտարարված  28 մրցույթներին մասնակցել են «Երևանի Ջրշին», «Անի-Աշկա», «Բելլիս», «Լեվ» և այլ ընկերություններ: Նշված 28  մրցույթներից 9-ում «Երևանի Ջրշին» ընկերությունը եղել է միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող:  Իսկ մնացած 19-ից  յուրաքանչյուրում «Երևանի Ջրշին» ընկերության հետ միասին մասնակցել է վերոնշյալ ընկերություններից որևէ մեկը և ճանաչվել է հաղթող, իսկ «Երևանի Ջրշին» ընկերությունը պարտվել է՝ միևնույն աշխատանքների համար ներկայացնելով շատ ավելի բարձր գնային առաջարկներ՝ իր հաղթած մրցույթների համեմատ: Նույն պատկերն արձանագրվել է նաև շենքերի տանիքների վերանորոգման մրցույթներում, որոնցում մասնակցել են «Հիմնաքարեր», «Օրբիս», «Վ. Վարդանյան», «Նիկ Դավ Գրուպ», «Դարի շունչ» և մի շարք այլ ընկերություններ, և հաջորդաբար հաղթելով այդ մրցույթներում՝ շուկան բաժանել են միմյանց միջև:

Ընկերությունները պարզաբանումներ են ներկայացրել Հանձնաժողովին

Տնտեսվարողները նման վարքագիծը հիմնականում պայմանավորել են տեխնիկական և ֆինանսական ոչ բավարար միջոցների առկայությամբ։ Մինչդեռ, պարզվել է, որ մի շարք դեպքերում ներկայացված տեղեկատվությունը չի կարող հիմնավոր դիտարկվել։ Օրինակ, շենքերի ֆասադների մաքրման աշխատանքներ իրականացրած «Էռգուս» ընկերությունը նշել է, որ տեխնիկապես կարող էր մասնակցել միայն  չորս հարկանի շենքերի մաքրման համար հայտարարված մրցույթներին: Սակայն, բազմաթիվ դեպքերում վերջինը սպասարկել է ավելի բարձր հարկեր ունեցող շենքեր, ինչից ակնհայտ է դառնում, որ նման պատճառաբանությունը հիմնավոր չէ:

Մրցակցության բացակայության արդյունքում մրցույթներում հաղթել են բարձր գին ներկայացրած տնտեսվարողները

Պետգնումների շրջանակում շինաշխատանքներ իրականացնող ընկերությունների վարքագիծը նպաստել է պետական միջոցների անարդյունավետ օգտագործմանը: Պարզվել է, որ այն մրցույթներում, որոնցում մրցակցությունը բացակայել է, մասնակիցների գնային առաջարկները ակնհայտ մոտ կամ նույնիսկ հավասար են եղել այդ աշխատանքների կատարման նախահաշվային արժեքին, և հակառակը, այն դեպքերում, երբ առկա է եղել մրցակցություն, գնային առաջարկները ցածր են եղել շինաշխատանքների նախահաշվային արժեքներից, ինչն էլ պետական միջոցներն առավել արդյունավետ տնօրինելու հնարավորություն է տվել։ Նման գործելաոճը նպաստել է այս դաշտում անառողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը, քանի որ ընկերություններն, ըստ էության, մրցույթներում հաղթել են առանց միմյանց հետ մրցակցելու:

Վարույթի ընթացքում Հանձնաժողովի կողմից մանրամասն կուսումնասիրվի ձեռքբերված տեղեկատվությունը և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոց կկիրառվի օրինախախտ տնտեսվարողների հանդեպ:

 

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031