Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեղամ Բաղդասարյան. «Արցախում ընտրություններն ազատ են, բայց ոչ արդար»

Մայիս 06,2015 13:18

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի գնահատմամբ, Արցախում մայիսի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները ազատ էին, բայց ոչ արդար:

«Իշխանության ձեւավորելու գործընթացը տեւական գործընթաց է ու չի կարող սահմանափակվել միայն մի ամսվա ընտրարշավով: Եթե ընտրարշավի մեկ ամսում քաղաքական բոլոր ուժերը հավասար հնարավորություններ ունեն, ապա նույնը չի կարելի ասել մնացած ժամանակահատվածի մասին: Հինգ տարվա կտրվածքով եթե դիտարկենք, ապա չորս տարի տասնմեկ ամիս մեկ այլ վիճակ է, մեկ ամսում միանգամայն այլ վիճակ՝ երբ բոլոր քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ են ունենում: Այս ընտրությունները, նախորդի համեմատ, մի քայլ առաջ էին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Գեղամ Բաղդասարյանը: Նա նաեւ բացատրեց՝ ինչ նկատի ունի ոչ արդար ընտրություններ ասելով՝ վարչական ռեսուրսների համատարած օգտագործում:

Ըստ նրա, այս ընտրությունները՝ նախորդ ընտրությունների համեմատ, մի քայլ առաջ էր. «Նախորդ ընտրություններն անցան առանց մրցակցության, այս ընտրությունները մրցակցային էին: Սա այն հիմնական դրական առանձնահատկությունն է, որը պետք է շեշտել»:

Նրա խոսքով, այս ընտրություններին խախտումներ եղել են, բայց դրանք չեն ազդել արդյունքների վրա. «Արցախյան խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: Իրական պատկերը սա է, խորհրդարանում մանդատ ստացավ միայն մեկ ընդդիմադիր՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանը: «Շարժում 88» կուսակցությունը Արցախում ընկալվում է որպես կառուցողական ընդդիմություն, բայց այդ կուսակցության ղեկավարությունը, այդ թվում համամասնական ցուցակի առաջին տեղը զբաղեցնող Վիտալի Բալասանյանն այս ընտրությունների ընթացքում երբեւէ առանձնակի ցանկություն չեն հայտնել ներկայանալ որպես ընդդիմություն: Կարող ենք այդ կուսակցությունը որակել ոչ իշխանական կուսակցություն: Այսինքն, խորհրդարանում արմատական ընդդիմությունը ունի մեկ մանդատ, այսպես կոչված՝ կառուցողական ընդդիմությունը՝ երկու մանդատ եւ իշխանական կոալիցիան երեսուն մանդատ»:

Հարցին, թե նորմա՞լ էր խորհրդարանի նման կազմի ձեւավորումը, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը պատասխանեց՝ ընտրություններն են որոշում՝ նման համամասնության խորհրդարանը նորմալ է: Նրա խոսքով՝ Արցախի ընտրությունները հաստատում են, որ Արցախի ժողովուրդը պատասխանատու ձեւով է վերաբերվում անկախության տարիներին ձեռք բերած քաղաքական արժեքների պահպանման խնդրին. «Թերություններ միշտ լինում են, կարեւորն այն է, թե արդյոք այն թերությունները, որոնք նկատվում են, ազդո՞ւմ են արդյունքների վրա, իսկ միջազգային դիտորդները նման թերություններ չեն արձանագրել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031