ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը
– Ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը։
– Արսեն Բաղդասարյանի հանդեպ դատական գործընթացի կեղծիքն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանում միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների տրամաբանությանը։ Այդ երկրում գերության մեջ գտնվողներին սպանելը, զինծառայողներին քարոզչական նպատակներով օգտագործելը և նրանց դեմ կեղծ քրեական գործեր հարուցելը վաղուց արդեն սովորական պրակտիկա է դարձել։
Ադրբեջանի կողմից մարդասիրական միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումը մարտահրավեր է ողջ միջազգային հանրությանը։ Ժնևի բոլոր կոնվենցիաների առաջին հոդվածի համաձայն՝ պայմանավորվող կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքում պահպանել և ստիպել պահպանելու կոնվենցիաները։
Կարդացեք նաև
Այս կապակցությամբ մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը պետք է օգտագործի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բոլոր միջոցները, որպեսզի ադրբեջանական իշխանությունները լիովին պահպանեն ռազմագերիների և պատանդների հետ վարվելակերպի մասին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
– Ադրբեջանական կողմը պնդում է, թե Արսեն Բաղդասարյանը ԼՂՀ ՊԲ զինծառայող է և հրաման է ստացել անցնել շփման գծի ադրբեջանական կողմն ու ականապատել խրամատները։
– Ձերբակալման պահին Արսեն Բաղդասարյանը հեռացված էր ծառայությունից՝ զորամասը պարբերաբար ինքնակամ լքելու համար և եղել է քաղաքացիական հագուստով։ Ի դեպ, նրա մոտ հրազենի բացակայության փաստը հաստատում է ադրբեջանական կողմը։ Ադրբեջանական կողմի մեղադրանքները՝ առաջադրված Արսեն Բաղդասարյանի դեմ, ոչ միայն անհիմն են, այլև հակասում են ողջամիտ տրամաբանությանը։
Անգամ եթե ի գիտություն ընդունենք ադրբեջանական կողմի վարկածը, թե Արսեն Բաղդասարյանը եղել է զինծառայության մեջ, Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հակասում են միջազգային հումանիտար իրավունքին, որն արգելում է զինծառայողների հետապնդումը ռազմական գործողություններին մասնակցելու համար, եթե նրանք ռազմական հանցագործություններ չեն կատարել։ Միջազգային մարդասիրական իրավունքում ամրագրված է, որ զինծառայողներին գերևարումից հետո նրանց պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ և իմունիտետ՝ այնպիսի գործողությունների համար քրեական հետապնդումից, որոնք չեն խախտել օրենքներն ու պատերազմի ավանդույթները։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ