Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն մեղադրում է ՀԱԿ-ին հանրությանը մոլորեցնելու մեջ

Մայիս 06,2015 12:46

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Եկամտահարկի» եւ «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին աղմկահարույց նախագիծը, որը թեժ քննարկման էր արժանացել երեկ:

Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Այսպես գործերը չեն վարվում: Կառավարությունն իսկապես անարգանք է ցուցաբերում խորհրդարանի նկատմամբ: Հինգշաբթի մենք ունեինք մի նախագիծ, վերջին օրով բերել են այս տնտեսական օրենքը՝ ժամանակ չտալով, որ մենք լուրջ քննարկենք եւ ուսումնասիրենք դա»:

Նա կոչ արեց բոլորին, որ եթե արժանապատվություն ունեն, քվեարկությամբ մերժեն նախագիծը: Արժանապատվության կոչը բուռն արձագանք ստացավ գործընկերների, հատկապես նախկին եռյակի անդամ ԲՀԿ-ի կողմից:

«Արժանապատվությունից քիչ խոսեք»,- պատասխանեց նրան Գալուստ Սահակյանը:

Իսկ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հանրության մեջ նախագիծը սխալ է ընկալվել եւ խորհրդարանն իր մեղքը ունի. «Կառավարության ներկայացուցիչը չկարողացավ հավուր պատշաճի ներկայացնել, թե ինչ է առաջարկում նախագծով»:

Ինչ վերաբերում է Զուրաբյանի կոչին՝ Նաիրա Զոհրաբյանը հորդորեց արժանապատվությունների կոչեր չանել. «Ես խորհուրդ եմ տալիս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գնահատականներ չտալ այն ուժերին, որոնք առաջնորդվում են իրենց սկզբունքներով եւ իրենց մոտեցումներով: Եվ կոչեր չանեք արժանապատվությունների: Յուրաքանչյուր քաղաքական ուժ քվեարկում է այնպես, ինչպես հարմար է գտնում, եւ եթե կան քաղաքական ուժեր, որոնք այլ կերպ են հասկացել նախագիծը կամ այլ կերպ են ցանկացել հասկանալ, իրենց պետք է եղել այլ կերպ հասկանալ, դա չի նշանակում, որ պիտի մոլորեցնել հանրությանը: Նախագիծը բացարձակապես այլ բանի մասին է»: Նա կոչ արեց էժանագին քայլերի հետեւից չընկնել:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ հորդորեց իրենց դասեր չտալ եւ արժանապատվության կոչեր չանել:

Ավելի ուշ Լեւոն Զուրաբյանը բացատրեց գործընկերներին, որ իրեն սխալ են հասկացել եւ իզուր են նեղացել. «Արժանապատվության մասին, ցավում եմ, որ իմ խոսքերն ընկալվել են որպես ինչ-որ մեկի, ինչ-որ անձի արժանապատվություն: Իրականում ես խոսում էի ԱԺ ինստիտուտի արժանապատվության մասին: Ցավում եմ, որ իմ խոսքերը սխալ են ընկալվել եւ բերել են նեղացկոտ, վիրավորված արձագանքների: Ես որեւէ մեկի արժանապատվությանը չէի ցանկանում կպնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031