Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Եղիազարյան. «Մեր զրույցը իշխանությունների հետ չի լինելու հաճոյախոսությունների փոխանակում». «Հայկական ժամանակ»

Մայիս 06,2015 11:06

Հատված Մտավորականների խորհրդի անդամ Ազատ Եղիազարյանի հարցազրույցից:

– Իմաստ ունի՞ իշխանությունը զավթողից ակնկալել, որ նա արդարություն, օրինականություն պիտի հաստատի։

– Մենք այդպիսի ակնկալիքներ չունենք։ Մեր զրույցը իշխանությունների հետ, եթե այդպիսին պիտի կայանա, չի լինելու հաճոյախոսությունների փոխանակում։ Մենք պիտի փորձենք բացատրել, ստիպել հասկանալ, որ այսպես շարունակել չի  կարելի։ Պիտի  ստիպենք հասկանալ, որ այսպես նրանք երկիրը տանում են ծանրագույն, ճակատագրական փորձությունների ուղիով։

Հիմա իմ բոլոր ասածները կարող են էլի դատարկ կրակոց թվալ, բայց էությունն այն է, որ ինչ-որ ձեւով պիտի իշխանությունները ստիպված լինեն աշխատել։ Հիմա, եթե մենք իշխանափոխության հարց դնենք այս պահին, ոչնչի չենք հասնի։ Պառլամենտում եւ պառլամենտից դուրս ամեն օր հնչում են այդ պահանջները, եւ ոչինչ չի կատարվում։

– Նախկինում տարբեր առիթներով ահազանգել եք մեր երկրում առկա բազում խնդիրների մասին՝ արտագաղթ, կոռուպցիա, անարդարություն, սոցիալական բեւեռացվածություն։ Բայց այդ ընդհանրական խնդիրների կողքին չեք խոսել, օրինակ, այն ժամանակ, երբ Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանդ տեղի ունեցավ, որն ալեկոծեց հասարակությանը եւ երբ բազմաթիվ մտավորականներ գործի քննության հետ կապված բարձրաձայնում էին, պահանջում, որ դա հենց հայկական կողմն իրականացնի։ Արցախում Ժիրայր Սեֆյանի գլխավորած Հիմնադիր Խորհրդարանի երթը ոստիկանական մահակներով կասեցնելու ժամանակ նույնպես լուռ էիք։ Ինչպե՞ս են ընտրվում այն հարցերը, որոնց մասին որոշում եք խոսել։

– Հիմա Հայաստանում ամեն օր մի բան կատարվում է, եւ վերջին հաշվով մենք չենք սպասում այդ առիթին՝ ինչ-որ բան կատարվի եւ արձագանքենք։ Հնարավոր է՝ որոշ բաների մենք չենք արձագանքում։ Այդտեղ տարբեր մոտեցումներ կան։ Դուք նկատի առեք, այս խումբը կուսակցություն չէ, այստեղ տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ են, որոնց միացրել է միայն մեկ բան՝ մտահոգվածությունը Հայաստանի ճակատագրով, մեր ժողովրդի ճակատագրով։ Տարբեր խնդիրներում տարբեր մոտեցումներ կարող են լինել, եւ եթե մենք Ժիրայր Սեֆիլյանի կամ մեկ ուրիշի առիթով չենք խոսել, դա չի նշանակում, որ մենք մեր վերաբերմունքը չունենք։ Պարզապես՝ ուրիշներն արդեն խոսել են։ Ամեն մեկը պիտի իր գործն անի։ Լավ են արել այն մարդիկ, ովքեր խոսել են։ Մեր առաջ քաշած խնդիրները շատ ավելի ընդհանրական են, քան ձեր ասած թեկուզ շատ ծանրագույն խնդիրները (ես չեմ ուզում ասել, որ դրանք մեզ չեն մտահոգում): Բացի այդ՝ մեր խումբը ստեղծվել է ձեր ասած իրադարձություններից հետո։ Խումբը սկսել է հավաքվել եւ քննարկել խնդիրները ընդամենը երկու ամիս առաջ:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ www.grakantert.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031