Շախմատի աշխարհի թիմային առաջնության ավարտից հետո, որում մեր ազգային հավաքականի հիմնական կազմի անդամ Սերգեյ Մովսիսյանը իր հնարավորություններից ցածր հանդես եկավ, Aravot.am-ը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ Սմբատ Լպուտյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կասի վերջերս շրջանառվող այն տեսակետի մասին, թե Մովսիսյանի ծառայություններից հրաժարվելու ժամանակն է:
«Ամեն դեպքում մենք ունենք կանոնակարգ: Հավաքականը կազմում են ամենաբարձր վարկանիշ ունեցող չորս շախմատիստ, գումարած՝ Հայաստանի վերջին առաջնության հաղթողը: Կարծում եմ, այս սկզբունքն առաջիկայում էլ կպահպանենք: Մեր կանոնակարգը հավաքականում տեղ զբաղեցնելու մրցակցություն է ապահովում: Ինչ խոսք, վերջին երկու տարիներին Սերգեյ Մովսիսյանի խաղը նման չէ իր ունեցածին: Եթե Սերգեյն իր վարկանիշն իջեցնի, դուրս կմնա թիմից», – պատասխանեց Սմբատ Լպուտյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ