Նախկինում ԼՂՀ ընտրությունների հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ ԱՄՆ պետդեպարտամենտը մշտապես ասում էին, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, եւ դրանք չեն կարող ազդեցություն ունենալ Մինսկի խմբի բանակցային գործընթացի վրա: Կիրակի օրը Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով եւ Մինսկի խմբի համանախագահների, եւ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարություններում էական փոփոխություն էր նկատվում. ամրագրում են, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքն իր ճակատագիրը որոշելու, թեպետ իրենք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այդ փոփոխությունը համարում է դրական եւ էական. «Դա նշանակում է, որ քաղաքակիրթ աշխարհը մեսիջ է ուղարկում Ադրբեջանին: Ադրբեջանը շատ կոշտ դիրքորոշում ունի, նախապայմաններ է առաջադրում եւ չի ցանկանում վերականգնել բանակցային գործընթացը, ու եթե այդ կերպ շարունակի, իրենք ինչ-որ պահի կճանաչեն Արցախը»: Այս իմաստով նաեւ քաղաքագետը ճիշտ է համարում Արցախում ընտրությունների անցկացումը, դրական միջավայրի ստեղծումը, որը մթնոլորտ կարող է փոխել նաեւ հարցի կարգավորման գործընթացում: