Միջնորդները շեշտել են, որ ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք օրեր առաջ Փարիզում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ, հանդես էին եկել ուշագրավ հայտարարությամբ: Բացի նրանից, որ հայտարարության մեջ շեշտվել էր, թե շարունակելու են նախապատրաստական աշխատանքներ տանել այս տարի՝ ավելի ուշ նախագահների հանդիպում անցկացնելու ուղղությամբ, համանախագահները նաեւ անդրադարձել էին մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններին: «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագա ճակատագիրը որոշելու հարցում: Այդուհանդերձ, ոչ մեր երեք երկրները, ոչ էլ որեւէ այլ երկիր չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը` որպես անկախ եւ սուվերեն պետություն: Համապատասխանաբար, մենք չենք ընդունում այս «ընտրությունների» արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն, եւ շեշտում, որ դրանք որեւէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորմանը միտված շարունակական խաղաղ բանակցությունների արդյունքները»,- հայտարարել էին միջնորդները:
Այնուհետեւ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռաթկեն էր անդրադարձել ԼՂՀ ընտրություններին. «ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ, ինքնիշխան պետություն: Դրա հետ կապված` մենք չենք ընդունի մայիսի 3-ի ընտրությունների արդյունքները»: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է. «ԱՄՆ-ը չի պատրաստվում ԼՂ-ի վերաբերյալ հապճեպ դատողություններ անել մինչեւ միջազգային բանակցությունների ավարտը»: Սակայն նաեւ Ռաթկեն շեշտել էր, որ «ԼՂ-ի ժողովուրդը պետք է դեր խաղա իր ապագան հստակեցնելու մեջ»:
Նախ` նկատենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բազմիցս Ղարաբաղում անցկացված բոլոր ընտրությունների առիթով հայտարարել են, որ չեն ընդունում այդ ընտրությունների արդյունքները: Սակայն վերջին հայտարարությունը հատկանշական էր նրանով, որ այս անգամ նրանք պաշտոնապես ընդգծել են, որ ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը իրենց ապագա ճակատագիրը որոշելու հարցում»: Համանախագահների եւ պաշտոնական Վաշինգտոնի հայտարարություններն անմիջապես քննադատեցին Ադրբեջանի իշխանությունները: «Մինսկի խմբի համանախագահների եւ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կողմից «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձեւակերպման օգտագործումը անթույլատրելի է»,- նշել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ գոյություն չունի: Կա Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բնակչություն` բաղկացած հայ եւ ադրբեջանական համայնքներից»,- նշել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը:
Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում Փարիզում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հանդես էր եկել մեկ այլ ուշագրավ գրառմամբ. «Արդյունավետ եւ դրական հանդիպում Փարիզում արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Կարդացեք նաև
Արդեն երկրորդ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություններով, ըստ էության, ընդդեմ Ադրբեջանի ձեւակերպումներ են ամրագրում` բաց մատնացույց անելով կարգավորման գործընթացում հիմնական խոչընդոտող կողմին: Հիշեցնենք, որ այս տարի հունվարի 27-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Կրակովում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո առաջին անգամ խախտեցին «բալանսավորված» տեքստերի ընդունման ավանդույթը: Հունվարին ընդունված հայտարարության մեջ ասվում էր, որ Ադրբեջանի ԱԳ նախարարին խորին մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում հարձակումների առնչությամբ, որոնց արդյունքում կան զոհեր, ապա շեշտել են, որ բռնության աճը, որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի՝ վերականգնելու համար վստահությունը եւ գրանցելու համար Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց։ Այնուհետեւ համանախագահներն ուղղակիորեն ընդգծել են. «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման լուծման իր ստանձնած պարտավորություններին։ Մենք կոչ ենք անում նաեւ Հայաստանին՝ բոլոր միջոցները ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Բոլոր կողմերն էլ պետք է հետեւեն հրադադարի պահպանման ռեժիմի պայմանավորվածությանը»: Միջնորդները հայտարարության մեջ նաեւ նշել էին, որ «Ադրբեջանի ԱԳ նախարարին հիշեցրել ենք ՄԽ-ի համանախագահների մանդատի (լիազորությունների շրջանակի), Մինսկի խմբի համանախագահների դերի եւ ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների մասին եւ մտահոգություն հայտնել շարունակվող բանակցային գործընթացի վերաբերյալ հնչող քննադատության առնչությամբ»։ Ընդ որում` վերոնշյալ հայտարարությունն ընդունվել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Մամեդյարովը հայկական կողմին մեղադրել էր «դիվերսիաներ իրականացնելու» մեջ` հայտարարելով, թե դրանց նպատակը «բանակցային գործընթացը խոչընդոտելն է»:
Ինչ վերաբերում է համանախագահների վերջին համատեղ հայտարարությանը, ինչպես նաեւ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի եւ ամերիկացի համանախագահի գնահատականներին, ապա, ըստ էության, դրանցով ընդգծվել է հայկական կողմի` խաղաղ բանակցություններին հավատարիմ մնալու փաստը, ինչպես նաեւ դրական լույսի ներքո է ներկայացվել ԼՂ-ում ազատ ընտրություններ անցկացնելը` որպես ԼՂ-ի ժողովրդի ապագան եւ իշխանություններին ընտրելու իրավունք, ինչը իսկապես դրական փաստ է։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.05.2015