Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաուգլիի» շակալի քաղաքական հետնորդներին խորհուրդ եմ տալիս հանգստանալ»

Մայիս 06,2015 15:30

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ

– Տիկին Զոհրաբյան, կարո՞ղ ենք ասել, որ ԲՀԿ-ում ֆորս-մաժորն ավարտված է, եւ կուսակցությունում արշալույսներն այլեւս խաղաղ են։

– Ի մեծ հիասթափություն որոշ քաղաքական ուժերի եւ որոշ գործիչների, ովքեր անսահման ոգեւորվել էին փետրվարյան իրադարձություններից հետո եւ «Մաուգլիի» շակալի նման՝ «ԲՀԿ-ն փլուզվեց», «ԲՀԿ-ն տապալվեց»՝ ասելով ու շնչահեղձ լինելով ման էին գալիս, կուսակցությունում որոշակի եւ միանգամայն հասկանալի շոկային իրավիճակից հետո այսօր արդեն ամեն ինչ հստակ կարգավորված է։ Ուստի տարբեր քաղաքական ուժերի կողմից վարձված, ԲՀԿ-ի կազմաքանդումը ավետող, ժամավճարով աշխատող «քաղաքագետներին» խորհուրդ եմ տալիս դեմքի լուրջ արտահայտությամբ իրենց ապուշագույն վերլուծությունները դադարեցնել։ Դրանք այլեւս անգամ զվարճալի չեն։ ԲՀԿ-ն այսօր նույն ամուր եւ կուռ կառույցն է, եւ անգամ ամենաթերահավատները, վստահաբար, շատ կարճ ժամանակում դա կհասկանան։

– Այդուհանդերձ, լուրեր էին շրջանառվում, որ ԲՀԿ-ի կազմաքանդման գործին լծվել էին ոչ միայն այլ կուսակցությունների, այլ նաեւ հենց կուսակցության ու խմբակցության որոշ անդամներ։

– Չեմ կարող հերքել ձեր պնդումը։ Ես հրաշալի գիտեմ, թե այդ խառնակ ժամանակներում ով ինչով էր զբաղված եւ որտեղ ինչ ծրագրեր էր մտմտում։ Վստահեցնում եմ ձեզ, որ իրենց բոլոր ծրագրերը տապալվեցին։ Այս պահին թույլ տվեք ասել ընդամենն այսքանը։ Իսկ եթե ինչ-որ մեկի մտքով կրկին կանցնի անցնել իր նախկին ծրագրերին, այդ ժամանակ արդեն ես կխոսեմ անվանական, ու, բնականաբար, վերջիններիս հանդեպ հստակ քայլեր կձեռնարկվեն։ Դա ես խոստանում եմ։

– Տիկին Զոհրաբյան, լինենք անկեղծ, ԲՀԿ-ն այսօր չունի ֆինանսական այն ռեսուրսները, որ ուներ Գագիկ Ծառուկյանի ժամանակ, իսկ ֆինանսները շատ բան են որոշում։ Բացի դա՝ կան տեղեկություններ, որ փետրվարյան իրադարձություններից հետո որոշ տարածքային կառույցներ լուծարվել էին։

– Նախ՝ ֆինանսների մասով։ Ես մեկ բան կարող եմ ասել՝ «Բարգավաճ Հայաստանը» ֆինանսական որեւէ խնդիր այսօր չունի։ Մեր բոլոր տարածքային կառույցները ինչպես ֆինանսավորվել են ժամանակին եւ հստակ, այնպես էլ շարունակում են ֆինանսավորվել այսօր։ Այլ հարց է, որ եթե նախկինում, այո, ֆինանսական ողջ բեռը հիմնականում իր վրա էր վերցրել Գագիկ Ծառուկյանը, այժմ գործում է կուսակցության ֆինանսավորման այլ մեխանիզմ։ Գաղտնիք չէ, որ մենք կուսակցության եւ խմբակցության շարքերում ունենք բավականին լուրջ ֆինանսական հնարավորություններ ունեցող գործիչներ, պատգամավորներ, որոնք էլ, ամեն մեկն իր չափով, կատարում է իր ներդրումը։

Վստահեցնում եմ ձեզ, որ այդ ֆինանսական միջոցները միանգամայն բավարար են կուսակցության բոլոր խնդիրները լուծելու համար։ Ինչ վերաբերում է տարածքային կառույցներ լուծարելուն, ես այդ մասին քանիցս ասել եմ։ Տարածքային կառույց լուծարելու համար անհրաժեշտ է, որ տվյալ կառույցի բոլոր անդամները, իսկ մեր յուրաքանչյուր կառույց ունի առնվազն 10-15 հազար անդամ, դիմում գրեին կուսակցությունից դուրս գալու մասին։ Բնականաբար, նման բան չէր կարող լինել։ Ընդամենը եղել են մեկ-երկու տարածքային խորհուրդներ, որ լուծարվել էին, սակայն շատ կարճ ժամանակում նույն այդ տարածքներում մենք վերաբացեցինք նույն խորհուրդները, իհարկե՝ նոր ղեկավար կազմով։
Որոշ խորհուրդներում էլ որոշ խառնակիչների հեռացրեցինք կուսակցությունից։

– Սակայն Գյումրիի եւ Աբովյանի կառույցները կարծես թե դեռ չեն գործում։

– Գյումրիի թիվ 33 ընտրատարածքում մեր տարածքային կառույցն արդեն գործում է՝ նոր ղեկավարով, առաջիկայում կվերաբացվեն նաեւ Գյումրիի մյուս երկու մեր տարածքային կառույցները՝ կրկին նոր ղեկավարներով։ Ձեւավորվել է նաեւ Աբովյանի տարածքային նոր կառույցը, որը եւս առաջիկայում կսկսի իր ակտիվ աշխատանքը։ Այնպես որ, մեր բոլոր 62 տարածքային կառույցները, որ գործում էին մինչ փետրվարյան իրադարձությունները, բոլորը, առանց բացառության, գործելու են։

Առաջիկա օրերին ես սկսելու եմ ողջ հանրապետությամբ մեր տարածքային կառույցների համայց՝ մեր պատգամավորների եւ քաղխորհրդի անդամների հետ միասին։

– Տիկին Զոհրաբյան, չենք կարող չանդրադառնալ համառորեն շրջանառվող լուրերին, որ կուսակցության ստվերային հովանավորը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։

– Պատասխանեմ կարճ՝ համառորեն շրջանառվող նշյալ լուրը իրականությանը չի համապատասխանում։ Ես էլ կարող եմ շատ, ի դեպ, տվյալ դեպքում ոչ թե կեղծ, այլ խիստ արժանահավատ լուրեր քննարկել այս կամ այն ընդդիմադիր հռչակված կուսակցության կամ իրեն ահավոր արմատական ընդդիմադիր համարող այս կամ այն գործչի հետ կապված, որոնց անունները անհունորեն սերտաճած են իշխանական այս կամ այն թեւին կամ գործչին։ Եվ, վստահեցնում եմ ձեզ, հաստատ սխալված չեմ լինի։ Սակայն ես նախընտրում եմ այլ կուսակցությունների ներքին խոհանոցին չխառնվել։ Միգուցե իրենց թվում է, թե տարբեր ամբիոններից խարակիրիներ պահանջելով՝ հանրությունը հալվում է վերջիններիս ընդդիմադիր «ստիլից»։ Թող մտածեն։ Ես չեմ ցանկանում իրենց պարզունակ մոլորության գլխին սառը ջուր լցնել։

– Տիկին Զոհրաբյան, այդուհանդերձ՝ ԲՀԿ հռետորաբանության մեջ եւս նկատելի փոփոխություն կա, եւ Դուք դա չեք կարող հերքել։

– Բնական է, որ եթե կուսակցությունը նման լրջագույն քաղաքական ցնցում է ապրում, պիտի վերլուծի տեղի ունեցածն ու իր մարտավարության մեջ որոշակի շտկումներ անի։ Իսկ ի՞նչ է՝ մնացյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի մարտավարության մեջ փոփոխություն չի՞ եղել։ Լինենք անկեղծ՝ ակնհայտորեն եղել է։ Բնական է, որ մեզ ժամանակ էր անհրաժեշտ տեղի ունեցածը վերլուծելու եւ նաեւ մեր կուսակցության ներսում բազմաթիվ ներկուսակցական խնդիրներ քննարկելու համար։ Որովհետեւ դու չես կարող ասել, թե ոչինչ տեղի չի ունեցել եւ անցնել առաջ։ Ինչը, սակայն, չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք մեր քաղաքական օրակարգից։ Մենք այսօր էլ պնդում ենք եւ դա անում ենք ամեն օր՝ թե՛ խորհրդարանի ամբիոնից, թե՛ խորհրդարանից դուրս, որ երկրին օր առաջ անհրաժեշտ են լրջագույն համակարգային փոփոխություններ, որովհետեւ բոլոր լրջագույն մարտահրավերները, ինչի մասին «Բարգավաճ Հայաստանը» բարձրաձայնում էր այս տարիներին, դրանք ոչ միայն չեն լուծվել, այլեւ այդ խնդիրներից շատերն առավել խորքային պրոբլեմի են վերածվել։

Սակայն ցանկացած քաղաքական ուժ ինչ-որ քայլ ձեռնարկելուց առաջ պիտի հստակ հաշվարկի իր ռեսուրսները, իր ճանապարհային հստակ քարտեզը եւ, կրկնում եմ, հետեւություններ անի տեղի ունեցածից։ Եվ մենք փորձելու ենք մեր քաղաքական օրակարգի հիմնական խնդիրները լուծել մարտավարական այլ քայլերով ու մոտեցումներով։

– ԲՀԿ օրակարգում իշխանափոխության հարց կա՞, թե՞ ոչ։

– ԲՀԿ-ն ընդդիմություն է, եւ, բնականաբար, մեր օրակարգում իշխանափոխության եւ իշխանության գալու հարց, իհարկե, կա։ Բայց ինչպե՞ս, ի՞նչ քայլերով՝ դա է, որ հիմա մենք քննարկում ենք մեր կուսակցության ներսում, լսում բոլորի կարծիքն ու տեսակետը՝ ամբողջացնելու մեր առաջիկա մարտավարությունը։ Այո, նաեւ ներկուսակցական քննարկումների բավականին լուրջ եւ բարդ հարցեր ունեինք, որ պիտի այդ փուլը եւս անցնեինք։

– Անդրադառնանք չարչրկված մի հարցի եւս՝ եռյակ հիմա կա՞, թե՞ ոչ։

– Այդ հարցին տամ բազմիցս տված պատասխանը։ Ուզում եմ հիշեցնել, որ «եռյակը այլեւս չի գործում»՝ հայտարարությունը արել է ոչ թե ԲՀԿ-ն, այլ եռյակի այլ կուսակցության ղեկավար, որ զանգվածային միջոցառումներ չեն լինի՝ դարձյալ ԲՀԿ-ն չէ, որ հնչեցրել է։ Սակայն, կրկնում եմ, մենք որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցելու բարդույթ չունենք։ Եթե որեւէ քաղաքական ուժ որեւէ ռացիոնալ առաջարկ է անում, ինչը կարող է օգուտ բերել ժողովրդին, ապա միայն քաղաքական մառազմատիկը կարող է մերժել այդ առաջարկը՝ պատճառաբանելով, թե տվյալ քաղաքական ուժը կամ նրա ղեկավարն իր դուրը չեն գալիս։

– Տիկին Զոհրաբյան, ԲՀԿ-ից դուրս եկած բոլոր պատգամավորները շատ կոպիտ տոնայնությամբ հերքեցին, թե դիմել են ՕԵԿ-ին՝ անդամակցելու համար, ինչի մասին քանիցս ակնարկում էին Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր ՕԵԿ-ի նպատակը։

– ՕԵԿ-ի նպատակների մասին պետք է հարցնել իրենց, սակայն ինձ հետ զրույցներում թե՛ տիկին Բիշարյանը եւ թե՛ Շահգելդյանն ասել են, որ իրենք պատգամավորների մասին ոչինչ չեն ասել։ Ինչեւէ, մեր խմբակցության պատգամավորները արձագանքել են, եւ ես այդ թեման համարում եմ փակված։ Ավելին՝ միայն վերջին մեկուկես ամսում մոտ 500 նոր անդամագրում ունենք, եւ ինձ ոգեւորում է, որ նրանց մեջ մեծ թիվ է կազմում մտավորական խավը։

– Տիկին Զոհրաբյան, չենք կարող չխոսել նաեւ Գագիկ Ծառուկյանից։ Ինչպիսի՞ն են հիմա Ծառուկյանի եւ կուսակցության հարաբերությունները։

– Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել է, սակայն մեր հարաբերությունները ինչպես եղել են ջերմ ու մարդկային, այդպիսին էլ մնալու են։ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստանի» հիմնադիր նախագահն է, Գագիկ Ծառուկյանի շնորհիվ է, որ մեզանից շատերը այսօր քաղաքականության մեջ են, եւ դա չի կարելի չգնահատել կամ մոռանալ։ Կարծում եմ՝ ձեր հարցին հստակ պատասխանեցի։

– Առաջիկայում Աբովյանում քաղաքապետի ընտրություններ են։ ԲՀԿ-ն որոշե՞լ է, թե ում թեկնածությունն է պաշտպանելու։

– Ես կարող եմ այս պահին իմ անձնական դիրքորոշումը հայտնել։ Վահագն Գրիգորյանը, ով հայտարարել է իր ինքնաառաջադրման մասին, որպես զուսպ, կիրթ եւ բանիմաց անձնավորություն՝ իրապես լավ քաղաքապետ կլինի։ Ասում եմ վստահ, որովհետեւ Վահագնին ճանաչում եմ վաղուց եւ վստահ եմ, որ նա կարող է այդ մեծ պատասխանատվությունը իրացնել։

– Եվ վերջապես՝ ե՞րբ է բացվելու կուսակցության նոր գրասենյակը։

– Շինարարական աշխատանքները գնում են խիստ ինտենսիվ, եւ մայիսի վերջին մենք պաշտոնապես կբացենք ԲՀԿ նոր գրասենյակը։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե (ԵՊՀ) says:

    Այնուամենայնիվ ԲՀԿ-ն երկար տարիներ խաղաց իշխանահաճո խաղեր , իսկ վերջին խաղերը ուղղակի թիկունքից հարված էր ժողովրդին…
    Ձեր սև գործը արդեն ավարտին հասցրիք, իշխանության համար ժամանակ ձգելով և կրկեսային խամաճիկների նման գերազանցեցիք հիմնադիր ,,հաճախորդներին,,…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031