Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարարն ասում է` «Առողջապահությունում կոռուպցիա ծնող նախագիծ են ընդունում»

Մայիս 06,2015 15:00

«Շատ լուրջ օրենք ենք ընդունում»՝
ասում է նախագծի հեղինակների խորհրդականը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ օրերս ընդունել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ այս նախագծի՝ նախատեսվում է բժշկական շարունակական մասնագիտական զարգացման օբյեկտիվ եւ արդյունավետ համակարգ, բուժաշխատողների որակական մակարդակի գնահատման գործընթաց: Նախագծի հիմնավորման մեջ օրինակ են բերվում եվրոպական մի շարք երկրները, որոնց փորձը նաեւ մեզ մոտ է կիրառվելու. մասնավորապես՝ բուժաշխատողների համար պարտադիր է տեսական գիտելիքների զարգացումը` մասնագիտական դասընթացների, սեմինարների, սիմպոզիումների միջոցով, նաեւ գործնական հմտությունների զարգացումը գիտագործնական միջոցառումների միջոցով: «Առավոտի» հետ զրույցում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի խորհրդական Արա Տեր-Գրիգորյանն ասում է՝ այս դասընթացներից հետո բուժաշխատողներն, այսպես ասած, կրեդիտներ են հավաքելու, այսինքն՝ միավորներ, այս միավորները համապատասխան կենտրոնը պետք է ուսումնասիրի եւ գնահատի:
Նախագիծը կարծես թե ստիպում է բուժաշխատողներին անընդհատ իրենց վրա աշխատել, նոր, ժամանակակից բուժման մեթոդների տիրապետել, հակառակ դեպքում նրանք գուցե զրկվեն աշխատելու հնարավորությունից:

«Առավոտը» փորձեց մի քանի խոշոր բուժհիմնարկների ղեկավարների կարծիք լսել այս նախագծի վերաբերյալ, բայց նրանք այս նախագծից տեղյակ չէին: Իսկ որոշ բուժաշխատողներ, որոնք չցանկացան ներկայանալ, դժգոհություն հայտնեցին՝ հիմնավորելով, որ ցանկացած բարեխիղճ մասնագետ առանց պետության միջամտության էլ մշտապես նոր գիտելիքներ ստանալու ուղիներ գտնում է, հակառակ դեպքում «պացիենտ» չի ունենա, եւ հարկավոր չէ պետական մահակ թափ թալ բուժաշխատողների գլխին: Բացի այս, մի բժիշկ էլ նկատեց, որ այն մասնագետը, որն ուղղակի կթերանա նշված միավորները հավաքելու գործում, նա անպայման զարտուղի ճանապարհ կգտնի «քննությունը» դրական ստանալու համար:

«Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն ասում է, որ օրենքն ընդունելու արդյունքում կոռուպցիոն ռիսկեր են առաջանալու, սա շատ վտանգավոր նախագիծ է: Պարոն Մկրտչյանը կարծում է, որ եթե որեւէ հիվանդանոցի կամ պոլիկլինիկայի, ավելի կոնկրետ` իրավաբանական անձի գործունեության լիցենզիա են տվել, ապա բուժհիմնարկից էլ պիտի պահանջեն:

2001 թվականից բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների լիցենզավորման գործընթացը դադարեցվել է, սրա նախաձեռնողը եղել է պարոն Մկրտչյանը: «Եվ շատ ճիշտ է արվել, ես ուսումնասիրեցի այդ գործընթացը եւ տեսա, թե որքան բժիշկ-բուժքույր մուտք են գործում այդ կենտրոն` լիցենզիա ստանալու, այդքանն էլ առանց մերժելու, առանց նրանց գիտելիքները հստակ պարզելու նույն քանակությամբ դուրս էին գալիս: Սա նշանակում է՝ կոռուպցիա էր տեղի ունենում: Մեզ մոտ կիսատ-պռատ են ուսումնասիրում միջազգային փորձը ու բերում են մեր երկրում ներդնում, հետո պիտի միտինգ անեն, որ դադարեցնեն: Այն ժամանակ մենք բուժաշխատողների կողմից դիմումներ ունեինք, որ ասում էին՝ փողը հավաքում, տալիս էին գլխավոր մասնագետներին, որ վերապատրաստում անցած թուղթը ստանանք: Հիմա կարոտախտ ունեն այն ժամանակների հետ կապված, որպեսզի գլխավոր մասնագետները այս խեղճուկրակ բժիշկներին բերեն գցեն իրենց թակարդի մեջ: Առանձին հոդվածով` «Տուրքերի մասին», բուժաշխատողներն այդ բյուրոկրատական կառույցի հետ մի հատ պիտի հանդիպեն, տուրք մուծեն, մի հատ էլ ճանապարհներ փնտրեն, որովհետեւ գիտելիքների վրա քիչ են աշխատելու: Պետություն, քո ֆինանսական միջոցների մասին ես մտածում բուժաշխատողների միջոցով: 12 հազար բժիշկ ունենք, մարզերում բժիշկները սոված են, ինչպե՞ս կարելի է նման բաներ անել, նրանց համար վերապատրաստման կուրս անցնելը թանկարժեք հաճույք է լինելու: Այսպես չի կարելի, բազմաթիվ խնդիրներ կան համակարգում՝ անծրագիր կառավարություն»: Պարոն Մկրտչյանն ասում է, որ լավ կլինի բուժհիմնարկի վրա պահանջ դնեն` մասնագետի որակական չափանիշներ, եւ գնան ամեն տարի ստուգեն, հատուկ օրենք պետք չէ ընդունել:

Արա Տեր-Գրիգորյանն էլ ասում է, որ սա լիցենզավորման գործընթաց չէ, 5 տարվա ընթացքում բուժաշխատողներին հնարավորություն է տրվում գիտելիքների սահմանված միավորը հավաքել, որը հետո պիտի ստուգվի:

Այդ սիմպոզիումների, սեմինարների մասնակցելն, իհարկե, պետության հաշվին չէ, չի բացառվում, որ որեւէ բուժհիմնարկ հատուկենտ բժշկի համար ծախսերը հոգա, բայց մեծամասամբ այդ բուժաշխատողի գրպանից է դուրս գալու:

Ինչ վերաբերում է մարզերի կամ պոլիկլինիկաների ցածր վարձատրվող բուժաշխատողներին, Տեր-Գրիգորյանն ասում է, որ գուցե նախարար Արմեն Մուրադյանի միջոցով այնպիսի մեխանիզմ ստեղծվի, որ որոշ մասնագետներ մեկնեն մարզեր եւ այնտեղ սեմինարներ կազմակերպեն: Իսկ հետո ինչպե՞ս է գնահատվելու տվյալ բժշկի կողմից այդ սեմինարից անհրաժեշտ գիտելիքի ու բուժման մեթոդի ընկալումը՝ մեր այս հարցին Տեր-Գրիգորյանն ասում է, որ հենց սեմինարից հետո միանգամից չեն դառնում, այսպես ասած, պրոֆեսոր, ի վերջո մասնագետն էլ պիտի իր վրա աշխատի, համացանց գոյություն ունի, որտեղից հարուստ գիտելիքներ կարելի է ստանալ, բժշկական հիանալի գրականություն կա, կարող են ուսումնասիրել:

Այսինքն՝ բուժաշխատողները քննությո՞ւն են հանձնելու 5 տարին մեկ՝ մեր այս հարցին Արա Տեր-Գրիգորյանն ասում է. «Մենք քննություն բառից էինք խուսափում, բայց սա այնքան էլ քննություն չէ: Դրսում իրենց կրեդիտները` միավորներն ուղարկում են այսինչ կենտրոն, ցույց են տալիս, որ այսքան կրեդիտ են ստացել այսինչ սիմպոզիումից, կենտրոնը քննարկում է, պատասխան տալիս` հավաստագիր ստանում է կամ ոչ: Մեր բուժաշխատողները եթե սիմպոզիումների չկարողանան մասնակցել, բժշկական համալսարանում կարող են վերապատրաստման կուրսեր անցնել: Մենք լավ բան ենք անում, սա շատ լուրջ օրենք է»:

Բուժաշխատողներին շարունակական կրթելու հարցում, ասում է Տեր-Գրիգորյանը, պետք է բժշկական ասոցիացիաներին էլ ակտիվացնեն, որպեսզի նրանք էլ ներգրավվեն վերապատրաստելու գործընթացում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031