Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը բացառի՞կ ազգ են, թե՞ սովորական

Մայիս 06,2015 14:30

Միանգամից ասենք, որ սա կեղծ հարցադրում է. հայերը ոչ բացառիկ են եւ ոչ էլ սովորական, հայերը, ինչպես եւ չինացիները, իտալացիները, ռուսները, տաջիկները, շվեդները, պարսիկները եւ այլք, եզակի են, անկրկնելի, ունիկալ: Իսկ հարցադրման սխալի հիմքը կայանում է նրանում, որ մենք մեզ աշխարհին հակադրելով, այլոց հետ անհարկի համեմատելով ենք փնտրում պատասխանը:

Այնքան տարբեր են մարդկանց ու ազգերի ապրած կյանքը, ճակատագիրն ու նկարագիրը, այնքան տարբեր է նրանց պատմական փորձը, որ համեմատությունը մեզ կարող է շեղել ու գցել աբսուրդների ծուղակի մեջ: Պատկերացրեք, պտղատու այգու ծառերը մարդկանց պես հավաքվեն TV տաղավարում եւ դեբատներ սկսեն, իրենց բացառիկության եւ արտասովոր լինելու մասին: Խնձորենին ասի, որ ինքը այգու ամենաօգտակար ծառն է, ծիրան էլ, թե՝ հապա տեսեք, ինչ գնով են ինձ վաճառում այլ երկրներում: Էստեղ վիրավորվի դեղձի ինքնասիրությունը, հետո մեջ ընկնի սալորը՝ անելով իր PR-ը, իսկ նրանց բոլորին շշպռի խաղողը՝ բերելով փաստարկներ իր օգտին եւ այպես շարունակ: Զավեշտ է, չէ՞… Բայց սա հենց այն է, ինչ անում է մարդկությունն արդեն քանի հազարամյակ:

Ֆրանսիացիները իրենց մտքում արհամարհում են անգլիացիներին, անգլիացիները ծաղրում են ռուսներին, ռուսներն էլ, ատամ կրճտացնելով եվրոպացիների դեմ, քամահրանքով են խոսում միջինասիական ու Կովկասի ժողովուրդների մասին, իսկ ամերիկացիներն էլ արբած բացառիկության գերգիտակցությամբ՝ բոլորին ապրելու իրենց կերպն են պարտադրում: Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի պնդել, թե մարդկությունն իր խելքը չի թռցրել: Այս վեճը ազգերին դրդում է պատերազմների, ցինիզմի, ատելության, միմյանց դեմ զանազան պատժամիջոցների, խորամանկության, քաղաքական ու էթնիկական ամբարտավանության, քծնանքի, մի խոսքով, ինչ վատ բան կանցնի մտքներովդ:

Համաշխարհային պատմությունը ծայրից ծայր լեցուն է նման բացառիկ պետություններ կերտող էլ ավելի բացառիկ առաջնորդներով, որոնց ճիշտ կլիներ անվանել «քրեական հանճարներ»: Ինչքան էլ գրավիչ ներկայացնեն պատմաբաններն ու անցյալի ու ներկայի հայրենասեր PR -չիկները Մակեդոնացուն, Կեսարին, մոնղոլ խաներին, Ներոնին, Նապոլեոնին, ինչ գույներով էլ նկարեն վիլհելմների, լյուդովիկոսների, իվանահեղների, հիտլեր-ստալինների եւ այլոց գրավիչ, հակասական կամ էլ նողկալի կերպարները, միեւնույն է, նրանք բոլորը մի կետում հարազատ եղբայրներ են: Նրանք իրենց բացառիկության զգացումից արբած, իրենց փառասիրությանը հագուրդ տալու նպատակով հրահրեցին պատերազմներ ու միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձան: Նրանք մահ ու ավեր սփռեցին, կյանքը դարձրին դժոխք եւ դեռ այսօր էլ շարունակում են անել նույնը:

Այո, մարդկային բնույթը ինքնատիպ ու անկրկնելի լինելը, չգիտես ինչու, քիչ է համարում, նրան թվում է, որ պետք է լինել նաեւ բացառիկ, արտակարգ, ինչը որ ակամայից ենթադրում է գերիշխանություն այլոց վրա: Եվ ինչպես երկու մարդ չեն կարողանում համակերպվել իրենց միայն եզակի ու անկրկնելի լինելու իրողության հետ, այնպես էլ ազգերը թունավորած իրենց առաջնորդների գաղափարներով, իրար դեմ են հանում իրենց ազգային ու կրոնական ԷԳ-ոն ու այս կերպ աշխարհը վերածվում է գժանոցի: Այս պրոբլեմի արմատը, անշուշտ, մարդկային ԵՍ-ի մեջ թաքնված խորամանկությունն է, այլոց հետ համեմատվելու, նրանց գերազանցելու հիվանդագին հակումը: Պարտեզում շուշանը իրեն չի համեմատում կակաչի հետ, կակաչն էլ, բնավ, չի տենչում նման լինել վարդին, լճակը չի տառապում, որ ինքը օվկիանոս չի: Նրանցից յուրաքանչյուրն իր գրավչությունն ունի, նշանակությունը, իր գույնն ու բույրը: Եվ միայն մարդն է տենչում աշխարհին պարտադրել իր բացառիկությունը: Պատմում են, որ իր մեծ արշավանքը սկսելուց առաջ Ալեքսանդր Մակեդոնացին հանդիպել է Դիոգենեսին:

Վերջինս զորապետին խորհուրդ է տվել հրաժարվել այդ մտքից, ասելով. «Եթե ուզում ես, որ քեզ անվանեն Մեծ տիրակալ, մի ցուցանակ կախիր վզիցդ, որի վրա թող այդպես էլ գրված լինի՝ «Մեծ Ալեքսանդր» ու շրջիր ամենուրեք: Ճիշտ է, դու նման կլինես ծաղրածուի, բայց ավելի լավ է նման լինես ծաղրածուի, քան հենց ծաղրածու լինես: Այդժամ գոնե կյանքդ չես խորտակի հիմար պատերազմներում եւ հազարավոր մարդկանց մահվան պատճառ չես դառնա»: Ալեքսանդրը քմծիծաղ է տվել ու փիլիսոփային խոստացել զրույցը շարունակել արշավանքից հետո: Իսկ Դիոգենեսը դառնորեն ժպտացել է ու ասել. «Ուր դու ես գնում, այնտեղից ոչ ոք ողջ չի վերադառնում»: Այո, հենց սա է մարդկային էգոյի ողբերգությունը: Երբ բանական մարդը սկսում է իրեն համեմատել այլոց հետ, նրա կյանքը ակամայից դառնում է դժոխք, որովհետեւ դա սահման չունեցող պրոցես է, տառապանքի մշտական աղբյուր: Այս համեմատվելու կիրքը իր հերթին հանգեցնում է մրցակցելու տենդախտին, այսինքն՝ մարդը թեեւ միակ բանական էակն է, սակայն իր նախնադարյան գիշատչական կրքերից մինչեւ օրս մի քայլ չի հեռացել: Ի դեպ, այս առումով հայերն իրոք զարմանալի են: Նրանք իրենց պատմության մեջ այդպես էլ չվարակվեցին այդ տենդախտով, որի դիմաց, իհարկե, թանկ վճարեցին, քանզի, ավաղ, այդպիսին է գոյակռվի դաժան օրենքը: Այս երեւույթը պայմանավորված չէ միայն պատմաքաղաքական հանգամանքներով, սրա թիկունքում կա մեր էթնիկական նկարագրից եկող մի խորքային բան, որը դեռ կարոտ է հետազոտման: Համեմատվելու հակումը, ի դեպ, կարող է առաջին հայացքից անմեղ բան թվալ, սոսկ ճանաչողության ձեւ ու գիտելիք, սակայն այդ անմեղ հակումը այլասերվում է, երբ մարդիկ տեսնում են արդյունքների ահռելի տարբերությունը եւ բարդույթավորվում, ընկնում հուսահատության գիրկը: Սա պարզապես նշանակում է չվստահել սեփական աստվածային անկրկնելի էությանը: Ուրեմն, եթե հայը մտածի, որ ինքը բացառիկ է, ապա պարտավոր է ընդունել, որ բացառիկ են մյուս ազգերը եւս, իսկ եթե համարի, որ սովորական ազգ է, ուրեմն, նույնպիսի սովորական ազգեր ու ժողովուրդներ են նաեւ մյուսները: Կան, չէ՞, ազգեր, որոնք չեն փայլում իրենց տաղանդներով ու անհատականություններով, բայց տեսեք, թե ինչ հարմարավետ, կարգավորված ու զարգացող համակարգեր են ստեղծել իրենց համար: Կամ հակառակը, մեզ նման շաղ են տվել իրենց տաղանդներին աշխարհով մեկ ու դառը, դատարկ նստել իրենց աղքատիկ տանը: Հիմա նրանցից ո՞վ է բացառիկ եւ ո՞վ սովորական: Սա հետաքրքիր երեւույթ է:

Նախորդ դարի վերջը ու 21-ի սկիզբը բացահայտեց մի ունիկալ իրողություն եւս. այն է, շատ էլ կարեւոր չի, թե ինչ պատմական անցյալի տեր է տվյալ ազգը, ինչ կրոն ու մշակութ է ունեցել, ինչպիսի մեծանուն զավակներ է տվել մարդկությանը, կարեւոր է, թե նա կարողանո՞ւմ է այսօր ստեղծել կենսունակ սոցիալ-քաղաքական, հոգեւոր-մշակութային համակարգ, թե՞ ոչ: Անցյալի արժեքները պահպանելն ու ծառայեցնելը մի բան է, անցյալից տենդորեն կառչելը՝ մեկ ուրիշ: Այսօր «Թող մեռյալները թաղեն մեռելներին» Հիսուսի միտքը կարող է նոր իմաստ հաղորդել մեր կյանքին, մեր մտածողությանն ու վարքագծին, եթե, իհարկե, կարողանանք ճիշտ հասկանալ դրա խորքը: Մեզ, հայերիս համար պետք է հրատապ լինի ոչ թերարժեքությամբ տառապելը, որն առավել կործանարար հակում է եւ ոչ էլ սեփական բացառիկության մասին ճոռոմախոսությունը, այլ ներկա պահին մեր նյութական, հոգեւոր եւ մտավոր էներգիան իրացված տեսնելու, շարժման մեջ դնելու կարողությունը, որն, ի դեպ, մեծ հաջողությամբ անում են մեր ազգակիցները օտար պետությունների կարգավորված համակարգերում: Ինքնաիրացումը, իսկ ավելի կոնկրետ, ամերիկյան ականավոր հոգեբան Աբրախամ Մասլոուի շրջանառության մեջ դրած տերմինով ասած՝ ԻՆՔՆԱԱԿՏՈՒԱԼԻԶԱՑԻԱՆ, ամենաարժեքավոր ու ազնիվ բանն է մեր պարագայում, որը յուրաքանչյուր հայ անհատին ու ողջ հասարակությանը պակասող բանն է: Հակառակ դեպքում՝ նշանակում է դոփել տեղում ու դանդաղ նեխել, այսինքն՝ այն, ինչի նշանները տեսնում ենք մեր կյանքում: Հենց եզակի ու անկրկնելի լինելու զգացումն է, որ մեզ ապահովելու է առաջընթաց բոլոր ոլորտներում եւ ոչ թե բացառիկության սին պատրանքը: Իսկ թե որն է մեր ինքնաակտուալացվելու ռեալ մեխանիզմը, արդեն խոսակցության այլ թեմա է:

ՄԱՆՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031