Հաշմանդամություն ունեցող տղամարդը զանգահարել էր Օմբուդսմենի «թեժ գիծ» եւ հարցրել, թե արդյոք կարո՞ղ է երկրորդ կարգի հաշմանդամն ամրագոտի չկապել:
Օմբուսդմենն իր ֆեյսբուքյան էջում իրազեկել էր, որ իր աշխատակազմի իրավաբանը տեղեկացրել է քաղաքացուն, որ վարորդը պարտավոր է տրանսպորտային միջոցներով երթեւեկելիս լինել ամրակապված եւ չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղեւորների:
Թույլատրվում է գոտիներով չամրակապել.
մինչեւ 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի),
տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը,
բնակավայրերում, բացի այդ, օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին եւ ուղեւորներին:
Ի դեպ, օրենքով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած վիճակում տրանսպորտային միջոցներ վարելը, ինչպես նաեւ անվտանգության գոտիները չամրակապած ուղեւոր փոխադրելը` առաջացնում են տուգանքի նշանակում:
Մեկ այլ հարցում էլ կապված է եղել զինծառայողի մոր զանգի հետ:
Մայրը զանգել էր Օմբուդսմենի «թեժ գծին» եւ խնդրել պարզաբանել, թե արդյո՞ք զինծառայողներն ունեն քաղաքային ուղեւորատար տրանսպորտից անվճար երթեւեկելու իրավունք:
Կարդացեք նաև
Աշխատակազմի իրավաբանը կնոջը տեղեկացրել է, որ զինծառայողներն ունեն անվճար երթեւեկելու իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներով` անկախ սեփականության ձեւից, բացի՝ տաքսիից:
Բազմաթիվ դիմումներից մեկն էլ, որի մասին իրազեկել էր Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը, 27 տարի օրինական կարգով ամուսնացած կնոջ դիմումն էր:
Նա դիմել է Օմբուդսմենին եւ հայտնել, որ դեռ 2013թ. ամուսնալուծվելուց հետո ամուսինն առանց իր գիտության եւ համաձայնության վաճառել է ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված ավտոտնակն ու հողատարածքը:
Աշխատակազմի իրավաբանի կողմից տրվել էր իրավաբանական օգնություն: Մասնավորապես, իրավաբանը կնոջը ներկայացրել է իր իրավունքները. ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համարվում է համատեղ սեփականություն, այսինքն՝ նշված անշարժ գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է եւ կնոջը, եւ ամուսնուն, եւ վերջինս որեւէ իրավունք չի ունեցել դա վաճառել առանց կնոջ համաձայնության:
Կնոջը խորհուրդ էր տրվել նաեւ ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից օգտվել եւ դատական կարգով անվավեր ճանաչել վերը նշված գործարքները, քանի որ նշված անշարժ գույքը հավասար իրավունքով պատկանել է նաեւ իրեն:
Նկատելի է, որ դիմումատուների անուն-ազգանունները չեն հրապարակվում, եւ ներկայացվում է միայն դիմումի բովանդակությունը, եւ դրան հետեւած քայլերը:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
05.05.2015