Նախագահը պատասխանել է ուսանողների հարցերին ու տպավորվել
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այցելել էր նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀ): «Առավոտի» հետ զրույցում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան Ֆրանսիայի նախագահի այցը համալսարան խորհրդանշական համարեց. «Առավոտյան նա հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ կեսօրից հետո այցելեց համալսարան՝ տեսնելու հայ երիտասարդներին, ովքեր կերտելու են Հայաստանի ապագան: Նրա այցի հիմնական նպատակն էր հանդիպել համալսարանի ուսանողներին, զրուցել եւ մտքեր փոխանակել նրանց հետ»: Նախագահ Օլանդը հնարավորություն ունեցավ ծանոթանալու համալսարանի աշխատակիցներին եւ պատասխանելու ուսանողների հարցերին: Վերջիններս նախագահին ուղղեցին տնտեսական եւ քաղաքական բնույթի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության, ահաբեկչության ու «Շարլի Էբդոյի» վերաբերյալ հարցեր: Հարցին, թե ինչպես է նախագահ Օլանդը տեսնում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը ապագայում, նախագահը պատասխանել էր, որ այդ առումով շատ է կարեւորում համալսարանի եւ նրա շրջանավարտների դերը՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի ու Եվրամիության միջեւ տնտեսական, մշակութային եւ քաղաքական կապերի զարգացման համատեքստում:
Ֆրանսիական համալսարանի մարկետինգի ֆակուլտետի ուսանող, համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Գեւորգ Բաղդասարյանը տպավորված էր Ֆրանսուա Օլանդի անմիջականությամբ: «Ֆրանսիայի նախագահի այցը մեզ համար իրոք պատմական էր, միշտ կհիշենք, որ ուսանողական տարիներին հանդիպել ենք Ֆրանսիայի Հանրապետության նախագահի հետ: Մենք բավականին նոր բաներ սովորեցինք, օրինակ, ինչպես աշխատել նախագահի աշխատակազմի հետ եւ այլն: Հանդիպումն անցավ շատ ջերմ միջավայրում, մինչեւ այդ էլ մեր ֆրանսիացի ծանոթներից լսել էինք, որ նախագահը անմիջական մարդ է, ինչում հավաստիացանք մեր հանդիպման ժամանակ: Նրա հետ շփման ընթացքում որեւէ լարվածություն չկար, հանգիստ հարցեր տվեցինք ու ստացանք սպառիչ պատասխաններ: 8-9 հարց հնչեցրինք, հանդիպումը բավականին երկար տեւեց»,- «Առավոտին» ասաց ուսանողը: Գեւորգից հետաքրքրվեցինք, թե ինքն ի՞նչ հարց է տվել Ֆրանսիայի նախագահին: Ասաց, որ այն վերաբերում էր մասնավորապես Եվրասիական միություն մտնելուց հետո Հայաստան-Եվրոպա համագործակցության ընթացքին ու Ռիգայի գագաթաժողովից հետո զարգացումներին: Համալսարանի ռեկտորի փոխանցմամբ, նախագահ Օլանդն էլ իր հերթին էր տպավորված ուսանողների հարցերից, հասուն մտածելակերպից, կրթության բարձր մակարդակից եւ գիտելիքներից: «Ֆրանսիայի Հանրապետության նախագահը գնահատեց նաեւ համալսարանի մանկավարժական, վարչական եւ տեխնիկական անձնակազմի որակական բարձր հատկանիշները եւ արդյունավետ աշխատանքը: Նրանցից յուրաքանչյուրի դերն առաջնային է: Նրանք մշտապես լինելով համալսարանի ուսանողների կողքին՝ օգնում են նրանց ստանալ բակալավրի եւ մագիստրոսի հայկական ու ֆրանսիական պետական դիպլոմներ, որոնք արդեն 15 տարի շնորհվում են մեր ակադեմիական գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցաբար: Սա կարեւոր իրադարձություն էր, քանի որ նախագահ Օլանդն այսպիսով իր աջակցությունն է ցուցաբերում Ֆրանսիական համալսարանին, որպեսզի վերջինս կարողանա լավագույնս իրականացնել իր առաքելությունը»,- ավելացրեց պարոն Մոնտուան: Հավելեց, որ նախագահ Օլանդը կարեւորել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի դերը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կայացման գործում եւ հորդորել նրա նախագահ Ժակ Կոմբիին շարունակել ջանքերը համալսարանի ու նրա ծրագրերի հետագա զարգացման ուղղությամբ: Այցի վերջում նախագահ Օլանդը «Պատվո հյուրերի» գրքում կատարել է գրառում՝ նշելով, որ համալսարանի տնօրինությունը, անձնակազմը, դասախոսները եւ ուսանողները ապահովում են Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ համալսարանական լավագույն համագործակցություններից մեկը: Նշենք, որ նախագահ Օլանդին ուղեկցում էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՖՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, համալսարանի ակադեմիական գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին, գործընկեր ձեռնարկություններից «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Կարդացեք նաև
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Ֆրանսուա Օլանդն
ու Ժան-Ժակ Մոնտուան:
«Առավոտ» օրաթերթ
05.05.2015