Բաց նամակ ՀՀ նախագահին
Մեծարգո նախագահ, հավանաբար չէի դիմի նման միջոցի, եթե չլինեին երկու հանգամանք. մրցանակը կոչվում է «նախագահի անվան», իսկ հանձնաժողովների ախտավոր գործունեությունը, ցավոք, կրում է պարբերական բնույթ: Գնահատման հանձնաժողովի անդամները «պետականից» տեղափոխվում են «նախագահական» եւ հակառակը, թեեւ հայտնի է՝ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Չկա գեղարվեստական գործերի ընտրության-գնահատման ընկալելի չափանիշ՝ ամեն ինչ կատարվում է ինքնաբուխ կամ նախապես պլանավորված ձեւաչափով («չար» լեզուներն անգամ ասում են, որ վերջնական կարծիքի ձեւավորման վրա խորապես ազդում է «փակ ծրարների» պրակտիկան):
Ինչ է ստացվում: Մինչեւ բուն ստեղծագործության (էլ չեմ ասում՝ քննարկման) անցնելը, արդեն հայտնի է «հաղթողը»: Եվ գրքասեր հասարակությունը չի իմանում՝ ո՞ր արժանիքի համար է տվյալ աշխատանքը նման գնահատականի արժանացել: Եվ հետո՝ տարիներ շարունակ նույն նժարի վրա է դրվում արձակն ու պոեզիան, թեեւ դրանց գնահատման չափանիշները տարբեր են: Ավա՜ղ, գործընթացի ձեւախեղմանը նպաստում է մրցանակի եւ «նյութական» մասը, ուր պայքար է գնում ոչ թե երկն արժեւորելու, այլ դրամական պարգեւը ստանալու համար…
Կարծում եմ՝ ժամանակն է բաց, թափանցիկ եւ հեղինակների մասնակցությամբ նախնական քննարկումներ կազմակերպել, այլապես մեր «պատվարժան այրերը» փակվում են իրենց «վարագուրված» սենյակներում եւ վճիռ կայացնում, ինչպես ժամանակին անում էին տխրահռչակ «եռյակները». ոչ հասարակությունն է տեղյակ ներկայացվող գործերից, ոչ էլ հանձնաժողովները՝ ձեւավորվող կարծիքից:
Իսկ այս անգամ հաղթող է ճանաչվել Զավեն Բոյաջյանի իտալերենից թարգմանած Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» անվանակիր վեպը: Չեմ վիճարկում, գուցեեւ հաջող թարգմանություն է, բայց թարգմանություն (հանձնաժողովում քանի՞ իտալերեն իմացող մասնագետ կա, որ որոշել է, թե սա լավագույն թարգմանություն է): Նույնն է, թե գրականության համար մրցանակի արժանանա ոչ թե «Պատերազմ եւ խաղաղություն» փայլուն երկի հեղինակ Լեւ Տոլստոյը, այլ վեպի թարգմանիչը: Դեմ չեմ, անշուշտ, որ լավ թարգմանությունն էլ արժանանա պատշաճ դրվատանքի, բայց ոչ «գրականություն» անվանակարգում, այլապես, հանիրավի փակվում են բոլոր ստեղծագործողների դռները, եւ հավատքը, թե երբեւէ իրենց քերթվածքը կարժանանա օբյեկտիվ գնահատականի: Վեց տարի շարունակ մրցանակաբաշխության եմ ներկայացնում (նախագահական կամ պետական) բազմաժանր արձակ ստեղծագործություններ՝ նովելներ, վիպակներ, վեպեր, պատմավեպեր: Նախավերջինը, որ նվիրված էր ցեղասպանությանը՝ «Եվ արեւը մայր մտավ լուսաբացին», հետո արժանացավ ՀԳՄ «Դ. Դեմիրճյանի անվան լավագույն արձակ» մրցանակին: Իսկ այս տարի ներկայացրել էի «Ղեբուբան կամ արքայի գործակալը» պատմավեպը, որը Եդեսիայի Աբգար արքայի եւ Հայաստանում՝ Արշակունիների արքայատոհմի հաստատման պատմությունն է ու դրա ճանապարհին՝ ներոնյան արքունիքի բազում խարդավանքները: Անցյալը ներկայացնելով՝ տվել եմ մերօրյա գնահատականներ՝ մեկ անգամ եւս չսխալվելու համար: Եվ ի՞նչ: Վստահ եմ՝ գիրքը նախորդների պես ետ եմ ստանալու էջերն իրար կպած, քանզի հանձնաժողովի անդամները չեն բարեհաճում երկը նույնիսկ «թերթել»…
Ներկայիս հանձնաժողովի նախագահ Ազատ Եղիազարյանը մի առանձնազրույցի ժամանակ իմ «Սուրբ մասունքի առեղծված» գրքի կապակակցությամբ արեց հետեւյալ արտահայտությունը. «Բայց լեզուդ շատ մաքուր ա, է՜…»:
Այո՛, երեւի իրոք մեծագույն «թերություն» է հայեցի մտածողությունն ու գիրը:
Պարոն նախագահ.
Եթե Ձեր անուղղակի մասնակցությունը (գոնե՝ վերաբերմունքը) չլինի գորդյան այս հանգույցը լուծելու հարցում, ապա հանձնաժողովների արդարության մասին գաղափարն ի վերջո կպայթի, ինչպես օճառի պղպջակը:
ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆ
Հայաստանի գրողների միության անդամ
Հ.Գ. Համբերության մասին իմ էսսեն էլ որպես գեղարվեստական հավելում:
Հոգնել եմ անվերջակետ սպասումներից: Կյանքի ծառը դեպի դուրս արմատներ է գցել եւ հիմա չորանում է: Պտուղներ է տվել, տերեւաթափվել: Եվ գոլորշապատ հայելու առջեւ կանգնած՝ անլսելի մղկտում եմ: Շուրթերս չեն շարժվում, հոգիս էլ՝ խլացել է: Ապակու մեջ տեսնում եմ հոգնաբեկ պատկերս եւ հանկարծ հասկանում, որ վարարած գետ եմ, որ կորցրել է օվկիանոսի ճանապարհը:
Դուրս եմ գալիս պատշգամբ: Անտես պատշարը ծեփել է բերանս՝ ցասման ճիչը ներս գլորելով: Մինչեւ ե՞րբ, գրականության հարգելի «քրմեր»: Ձեզ համար ո՛չ գիրն է հարգի, ո՛չ գրողը: Ասում եք՝ ամլացել է արարման դաշտը: Սո՜ւտ է: Անարյուն «սպանում» եք գրողին, նրա հետ եւ արարված քերթվածքը: Ու ժպտում եք հուդայաբար, ասես «Վերջին ընթրիքը» վայելելիս…
Իսկ այգաբացը հիմա ափ ընկած ձուկ է:
Ծառերն արդեն բացվել են (ո՞վ գիտե բողբոջի տառապանքը ծաղկելիս), օդը ներծծվել է այրված քսայուղերի եւ ծաղկաթերթերի հոտով: Ու արեւն էլ զարմանալիորեն սպիտակ է: Տատրակներն ասֆալտին տոտիկ-տոտիկ ինչ-որ բան են կտցում, չեն բռնում ագռավի ապշահար հայացքը: Ամայի բակ է եւ գետնամած թռչուններ: Հավանաբար տառապանքիս գիլաներից պետք է մաճառ պատրաստեմ, մատռվակեմ վայրի աղավնիներին՝ իբրեւ «սփոփանք»: Մեղանչումը կարեւոր չէ, էլի խաչվելու է անմեղը: Թող ըմպեն, մոռանան փնտրածը: Իսկ նախախնամությունը միայն հետո է վերածվելու անդիմակ ճակատագրի: Գարնան արեւը հոգուս լուլաները հալեցնելու փոխարեն տարել է տձեւ ձնեմարդուն: Չէ՛, կյանքը հետընթաց չունի: Տեսահոլովակ չէ, որ ետ ու առաջ անես: Երկնքի հետ ինտերնետ կապ էլ չկա, որ ցավս տեղ հասցնի…
Ողորմած մայրս դույլով ջուր էր շփում ետեւիցս, երբ Արցախ էի մեկնում, չգիտեր, որ գրական ճամփան եւս հարկ է նմանապես ցողել, թե չէ գրքերն էլ ետ կգան ոտքերն առաջ պարզած՝ անհուշ թաղվելու: Իսկ տատրակները միամտաբար ղունղունում են անփշրանք ասֆալտին՝ ագռավի քամահրական հայացքի ներքո. գավիս մեջ գինու փոխարեն հիմա քացախ է: Ցուրտ է, անասելի մրսեցի: Երեւում է՝ գրքերս պետք է պատշգամբ բերեմ եւ սկսեմ անգթաբար այրել: Անշշուկ, անձայն՝ հանց անլեզվակ զանգակ: Կվառվեն, կմոխրանան, մի քիչ կջերմացնեն հոգիս. էլի, բան է…
«Առավոտ» օրաթերթ
05.05.2015
Այո, եթե իտալերեն իմացող չկա ու մրցանակ են տվել, ամոթ է: