Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պատահեց, երբ անցյալ շաբաթ հանդիպեցի 1 տարեկան հայ երեխայի, ով որդեգրվել էր ամերիկացի ծնողների կողմից

Մայիս 06,2015 11:30

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ում, մեր եկեղեցում հանդիպեցի ամերիկացի մի զույգի, ովքեր ինձ ասացին, որ հենց նոր են վերադարձել Հայաստանից, ուր գտնվում էին երկու ամիս: Մոր գրկին մոտ մեկ տարեկան գանգուր մազերով մի փոքրիկ մանչուկ կար: Երբ մայրն ասաց երկու ամիս, ես զարմացա: Եթե տուրիստ են, ապա մի 10-14 օր կմնային, եթե աշխատելու էին, ապա գոնե մի 6 ամիս: Իմ հարցին, թե ի՞նչ էիք անում երկու ամիս, մայրը պատասխանեց. «Գնացել էինք մեր տղային որդեգրելու»: Մենք շրջապատված էինք այլ հայերով ու այս խոսակցությունը գնում էր անգլերեն: Մանչուկը քանի որ նոր էր եկել Հայաստանի մանկատներից մեկից, անշուշտ, ոչինչ չէր հասկանում: Նա շփոթված էր երեւում: Շատ փոփոխություններ էին տեղի ունեցել իր կյանքում վերջին երկու ամիսների ընթացքում, ու այս խոսակցության ու մարդկանցով շրջապատված լինելու ընթացքում նայում էր իր մորն ու փորձում հասկանալ, թե ո՞ւր է ինքը եւ ի՞նչ է կատարվում:

Հենց իմացա, որ երեխան Հայաստանից է ու թե մի շաբաթ առաջ էին վերադարձել, ձեռքս տարա գլխին ու գանգուրները շոյելով՝ հայերեն հարցրի՝ «Բալես, ո՞նց ես»…Վայ, մի հատ տեսնեիք, թե մեր փոքրիկը ոնց միանգամից շուռ եկավ դեպի իմ կողմն ու կլանված հայացքով նայեց աչքերիս մեջ: Մենք բոլորս չդիմացանք: Ես ավելի հուզվեցի ու ասացի. «Վայ, բալես, կարոտե՞լ ես հայերենը»… Այս երեխան ավելի լայն բացեց աչքերն ու այնպե՜ս էր նայում դեմքիս: Դե արի ու դիմացի: Կարոտ կար: Հիշողության կորստի դեմ պայքար կար: Բառերով չես պատմի, թե ինչ էր կատարվում: Պիտի նայեիք այդ երեխայի աչքերին: Ով երեխաներ ունի, գիտի, որ մեկ տարեկանը դա այն տարիքն է, երբ երեխաներն ահագին բան կլանած են լինում իրենց շրջապատից ու նոր-նոր սկսում են մամա ու պապա ասել: Այս մանչուկը նոր պիտի սկսեր խոսել հայերենով, ու իրեն տարել էին օտար երկիր, թեեւ՝ սիրող ընտանիք: Իրեն ծնող մայրը չկար, 10 ամիս մնացել էր մանկատանը: Հայերենը, որով իր հետ շփվել էին իրեն հոգ տանողները, միակ բանն էր, միակ թանկագին բանը, որ մնացել էր իր հիշողության մեջ: Ու դա էլ արդեն օր օրի խամրում էր: Այս ամբողջ սրտաճմլիկ պատմության մեջ միակ մխիթարիչ բանն այն էր, որ այս շփոթության պահին, երբ նույնիսկ մայրը շվարեց, հանկարծ երեխան ամուր փարվեց իրեն որդեգրող մորն ու գրկեց նրան իր փոքրիկ թաթիկներով: Դա լավ էր, որովհետեւ նա արդեն զգացել էր մորից եկող սերն ու իր սերը վերադարձրեց նրան:

Որբ երեխաներին որդեգրելն ու նրանց ընտանիք, ծնողական սեր պարգեւելը բարի բան է ու քրիստոնեական իսկական սիրո արտահայտության տեսակ: Աստվածաշնչում Մովսեսը որդեգրվել էր Փարավոնի աղջկա կողմից, Եսթերը որդեգրվել էր իր զարմիկի կողմից, մեր Տէր Հիսուս Քրիստոսը «որդեգրվեց» Մարիամի նշանած Հովսեփի կողմից: Մենք բոլորս որդեգրվել ենք Աստուծո կողմից, եթե հավատում ենք իրեն (Հովհ. 1:12): Դրա համար էլ ասում եք` Հայր մեր…: Հետեւաբար, եկեք մենք էլ հիշենք ու չմոռանանք մանկատներում գտնվող մեր փոքրիկ քույրերին ու եղբայրներին: Նրանց ծնող մայրն ու հայրը ինչ-ինչ պատճառներով նրանց հետ չեն, բայց մենք կարող ենք մեր սիրով նրանց հետ լինել: Նրանք մեր Աստծո զավակներն են, հետեւաբար՝ մեր հարազատ քույրերն ու եղբայրները:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

Քննարկումների համար գրեք Ֆեյսբուքի իմ էջի՝
«Առավոտ» օրաթերթ
05.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031