Իշխանության մեջ և իշխանությունից դուրս կան մարդիկ, գործիչներ, դեռևս կա որոշակի մարդկային պոտենցիալ՝ գիտակցելու իրավիճակը և միասին լուծումներ գտնելու համար։ (Խոսքը կոալիցիաների և պաշտոնների մասին չէ, այլ՝ շատ ավելի խորը գիտակցման):
Անհրաժեշտ է կտրուկ թուլացնել ներքին ատելությունը։ Այսուհետ ամենաբարձր գոռգոռացողը, հայհոյողը ամենահայրենասերը չէ։ Այսուհետ ամենամեծ հայրենասիրությունը գրագետ լուծումներ առաջարկելն է, և այդ առաջարկություններն ընդունելը, եթե նույնիսկ դա սեփական շահին է վնասում։ Պետք է դադարել մարդկանց դասակարգել սերժական, քոչարյանական, աբրահամյանական, մինասյանական և այլ կերպ։ Սա սովորական գավառամտություն է։
Անհրաժեշտ է խրախուսել քաղաքական, հասարակական էլիտաների բանավեճը։ Պետք է տեսակետներ հնչեցվեն մի շարք կարևորագույն խնդիրների վերաբերյալ, վերջապես ինչպե՞ս ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը, ինչպե՞ս ենք պատկերացնում Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչպե՞ս ենք պատկերացնում տնտեսության վերականգնումը և ի՞նչ կոնկրետ ժամկետներում՝ ի՞նչ արդյունքներով, ինչպե՞ս ենք պատկերացնում ընտրական համակարգի վերականգնումը, ինչպե՞ս ենք պատկերացնում սոցիալական ոլորտի բարեփոխումները՝ աղքատության և չքավորության այս պայմաններում, ինչպե՞ս ենք ներգրավելու օտարերկրյա ներդրումներ՝ ի՞նչ ժամկետներում, ի՞նչ ծավալներով, և ինչպե՞ս ենք վերացնելու խոչընդոտները, և այլն։ Կրկնենք՝ խոսքը կոնկրետ ծրագրային լուծումների և մոտեցումների մասին է՝ դրանք հիմնավորող կոնկրետ քայլերի, անելիքների համակարգով։ Խոսքը չի վերաբերում Միրբաշիրից մինչև Կիլիկիա մերը լինելուն, օրը մեջ տարածաշրջանային տնտեսական կենտրոններ դառնալուն, այսօր չէ, բայց վաղը չէ մյուս օրը հաստատ՝ Թուրքիայի հարցերը լուծելուն, և այլն։ Մենք այս փուլերն անցել ենք անկախության 25 տարիների ընթացքում։ Մենք՝ անկախության տարեթվին համահունչ, առաջին հերթին, պետք է պետական մտածողության մակարդակի աճ գրանցենք։ Փեշմերգայական մտածողությունից կանոնավոր պետական մտածողության անցնելու խնդիրը պետք է արագ լուծվի՝ հիմքում առաջին հերթին՝ դնելով քաղաքական ինստիտուտների կայացածությունը, քաղաքական և հասարակական մտքի ազատ առաջընթացը, անհատների դերակատարումը։ Սրա շուրջ է պետք մտածել և աշխատել։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում