Այսօր՝ մայիսի 5-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության առաջին նախարար (1990-1991թթ.) Վիլիկ Հարությունյանի կիսանդրիի բացումը։ Քանդակի հեղինակն է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը։
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փաստեց, որ Վիլիկ Հարությունյանը ճեղքել է նեղ բուհական շրջանավարտի կերպարը, եւ դրա վառ արտահայտությունն է այն, որ համալսարանի շրջանավարտ Վիլիկ Հարությունյանի կիսանդրին բացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին բացեց անվանի գիտնականի կիսանդրին:
Կարդացեք նաև
Վիլիկ Հարությունյանի դուստրը՝ ԿԳ նախարար Կարինե Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Հովհաննես Թոքմաջյանին նախաձեռնության համար: Ելույթներ ունեցան Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանը, 1990–1992թթ. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարար Արեգ Գրիգորյանը: Վերջինս Վիլիկ Հարությունյանին որակեց կամային եւ գործունյա անձնավորություն, իսկական մարդ-ժայռ:
Հավելենք, որ Վիլիկ Հարությունյանի գիտական հետազոտությունները վերաբերում են դաշտի քվանտային եւ օպտիկական քվանտային գեներատորների տեսություններին, ոչ գծային օպտիկային: Վիլիկ Հարությունյանի կողմից դեռևս 1963թ. սկսված հետազոտությունները հետագայում հիմք դարձել են ժամանակակից հզոր լազերների ստեղծման համար:
Վիլիկ Հարությունյանը հեղինակ է ավելի քան 250 աշխատությունների, նա պարգեւատրվել է մի շարք շքանշաններով: Մանրամասները՝ առաջիկա տեսանյութերում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ