Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Պետք է անել հնարավորը րոպե առաջ Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար»

Մայիս 04,2015 23:13

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ինչպես արդեն հաղորդել ենք՝ ժամանակավոր պահման մեկուսարանում հանդիպել է այսօր ձերբակալված ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին: Եվ այդ առնչությամբ ասաց «Առավոտին». «Ես հիմա չեմ ցանկանում այդ, այսպես կոչված, քրեական գործի մասին խոսել: Կարծում եմ՝ Հատուկ քննչական ծառայությունը հանդես կգա համապատասխան պարզաբանմամբ: Իհարկե, տիկին Ենոքյանն ինձ ներկայացրեց իր տեսակետը, իր վարկածը, բայց ինձ իրավասու չեմ համարում այն հրապարակել: Այս պահին ինձ հետաքրքրում է բացառապես 73-ամյա կնոջ առողջական վիճակը: Տիկին Ենոքյանը ուներ շատ բարձր ճնշում, բացի այդ՝ ունի առողջական լուրջ խնդիր, եւ ես միանշանակ վստահ եմ, որ խափանման միջոցը կալանքն ընտրելն ուղղակիորեն հակացուցված է 73-ամյա կնոջ առողջությանը: Կարծում եմ, որ հիմա պետք է ամեն ինչ անել Գոհար Ենոքյանի խափանման միջոցը րոպե առաջ փոխելու համար»:

Թեեւ Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ չի ցանկանում իրավական մանրամասների մեջ մտնել, եւ խոստանում էր, որ դրանց կանդրադառնան այն բանից հետո, երբ ՀՔԾ-ն պարզաբանումներ կներկայացնի առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, այնուամենայնիվ հետաքրքրվեցինք արդեն իսկ հրապարակված մի վարկածի վերաբերյալ:

Hayeli.am– ի տեղեկություններով` նրան վերագրվող մեղադրանքը կապված է Գոհար Ենոքյանի եղբոր որդու՝  Արայիկ Ենոքյանի հետ, որն այժմ գտնվում է կալանավայրում: Վերջինս  ժամանակին ինչ-որ գործարքների մեջ է մտել ԲՀԿ-ական պատգամավոր Յուվեցի Կարոյի (Կարո Կարապետյանի հետ), որն ավարտվել է  լարված հակամարտությամբ և սպառնալիքներով:  Արդյունքում՝ Արայիկ Ենոքյանը հայտնվել է բանտում՝ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով ) հատկանիշով, իսկ հորաքույրը՝ Գոհար Ենոքյանը մեղադրվում է ինչ-որ տեղեկություններ կոծկելու մեջ:

Մեր հարցին, թե արդյոք Գոհար Ենոքյանի ձերբակալումն առնչվո՞ւմ է նախկին ԲՀԿ-ական այդ պատգամավորի հետ, լուրեր կան անգամ սպանության նախապատրաստության փորձի մասին՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես ձեռնպահ կմնամ այդ կապակցությամբ որեւէ մեկնաբանությունից: Ես ակնկալում եմ, որ այդ առնչությամբ մեկնաբանություն կանի ՀՔԾ-ն: Այս պահին ինձ՝ որպես կին, որպես պատգամավոր մեկ բան է խստագույնս մտահոգում՝ Գոհար Ենոքյանի առողջական վիճակը: Եվ պետք է անել հնարավորը րոպե առաջ նրա խափանման միջոցը փոխելու համար: Ես վստահ եմ, որ 73-ամյա կինը Հայաստանից հաստատ որեւէ տեղ չի փախչելու, եւ որեւէ կերպ չի խոչընդոտելու նախաքննության ընթացքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031